Մեդիահաբը գրում է․ «Կարմիր բերետավորների սկանդալային հրամանատար Հայկազ Ջոմարդյանը, որ միտինգներին պարբերաբար աչքի է ընկել խաղաղ ցուցարար ծեծելով, պարզվում է, բավականին արտոնյալ կարգավիճակ ունի համակարգում և լիուլի օգտվում է իր այդ կարգավիճակից և չարաշահում ունեցած դիրքը։
Օրերս մեր խմբագրությունը մի անանուն նամակ ստացավ (ենթադրաբար՝ իրավապահ համակարգի աշխատակից է հեղինակը), որում սկանդալային բացահայտումներ կան ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկ գնդի (կարմիր բերետավորների) հրամանատար Հայկազ Ջոմարդյանի առանձնատան շինարարության, Ջոմարդյանի ու նրա ենթակա ոստիկանների ստացած պարգևավճարների մասին և ոչ միայն։ Անանուն նամակագիրը հարկ է համարել այս մասին մեր միջոցով տեղյակ պահել, քանի որ, ինչպես հասկացանք, Ջոմարդյանը գտնվում է ուղիղ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո, նրա արկածներից, ասացին, տեղյակ է անձամբ Փաշինյանը, դրա համար էլ ինչ ուզում՝ անում է և մնում անձեռնմխելի ու անպատիժ։
Ընդ որում, այն ամենը, ինչ շարադրված է նամակում, տեղի է ունեցել Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար և Արամ Հովհաննիսյանի՝ ոստիկանապետ եղած շրջանում, այսինքն՝ նաև նրանց իմացությամբ և աչքակապությամբ։ Իսկ գործող նախարար Արփինե Սարգսյանն էլ կա՛մ տեղյակ չէ այս ամենից, կա՛մ գիտե ու դարձյալ քաղաքական նպատակներով և Փաշինյանի ցուցումով որևէ քայլ չի ձեռնարկում։ Ի դեպ, նամակում ներկայացված է մի իրավիճակ, որի համար այսօր մեղադրանք են առաջադրել Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որ վերջինս ՊՆ զինծառայողներին ներգրաված է եղել իր առանձնատան շինարարության գործում։ Հիմա նույնը, ըստ մեզ ուղարկված նամակի հեղինակի, անում է Հայկազ Ջոմարդյանը։
Եվ այսպես, ստորև ներկայացնում ենք մեզ փոխանցված անանուն նամակը՝ առանց խմբագրման, միայն քերականական որոշ սխալներ ուղղած․
** Ոստիկանության հատուկ գնդի (կարամիր բերետավորների) հրամանատար Հայկազ Ջոմարդյանի առանձնատան կառուցմանը մասնակցել են գնդի ծառայողներ։ Առանձնատունը գտնվում է Նոր Հաճն համայնքում։
2023 թ․ մայիսից մինչև 2025 թ․ ծառայության չեն ներկայացել և ստացել են աշխատավարձ՝ ընդհանուրի հետ հավասար բոլոր պաարգևավճարներով։
Ղազարյան Ռաֆայել - ենթասպա (ամսական 300 լ բենզին-ամրակցված մեքենա 368 II 02, Ռենո մակնիշի),
Սարգսյան Արման - կապիտան
Օհանյան Արսեն - լեյտենանտ (աշխատանքի դիմաց նշանակվել է դասակի հրամանատար)
Եղիազարյան Արմեն - ավագ լեյտենանտ (աշխատանքի դիմաց նշանակվել է դասակի հրամանատար)
Ավագյան Գևորգ - լեյտենանտ (աշխատանքի դիմաց ստացել է սպայական կոչում)
Այս ամենը կազմակերպել է 1-ին վաշտի հրամանատար Արթուր Ղազարյանը։
Վերը նշված գնդի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Մկրտչյանը մի քանի ամիս աշխատանքի չի ներկայացել՝ իբր կասեցված էր դաշնակների գործով, բայց լիարժեք ամեն ամիս ստացել է աշխատավարձ և իրեն հասանելիք վառելիքը՝ 300 լիտր բենզին։ Մեքենան՝ Տոյոտա Կորոլլա - 030 II 12:
Մեկ ուրիշ դրվագով- Լևոն Քոչարյանի ծեծով բերման ենթարկելուց մի քանի օր հետո անհատական պարգևավճար են ստացել (380.000 դրամ)`
Հայկազ Ջոմարդյան - հրամանատար
Արշակ Գևորգյան - հրամանատարի տեղակալ
Միքայել Այվազյան - հրամանատարի տեղակալ
Արթուր Ղազարյան - 1-ին վաշտի հրամանատար
Արթուր Վարդանյան - դասակի հրամանատար
Աբել Վարդանյան - դասակի հրամանատար
Գևորգ Մկրտչյան - 3-րդ վաշտի հրամանատար
և այն ծառայողները, որոնք աշխատել են Ջոմարդյանի տանը
380 հազար դրամ անհատական պարգև ստանալուց առաջ Արշակ Գևորգյանը Վայբերով զանգահարել է բոլոր պարգև ստացողներին և զգուշացրել, որ ոչ ոք դրա մասին չիմանա։
Ջոմարդյանին և իր տեղակալներին օգնել են ատեստացիա անցնել։
Վերը նշվածի մասին ամբողջությամբ տեղյակ են եղել այն ժամանակվա ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։
Նամակի բովանդակությունն այսքանն էր։
MediaHub-ն այս հարցով դիմել է ՆԳՆ լրատվական ծառայությանը՝ պարզաբանում ակնկալելով նամակում տեղ գտած որոշ տվյալների վերաբերյալ։ ՆԳՆ-ից մեզ ասացին հետևյալը․ «Ըստ ոստիկանության մասին օրենքի՝ լիազորությունները ժամանակավորապես դադարեցված ծառայողին վճարվում է աշխատավարձը, իսկ վառելիքը հատկացվում է ոչ թե ծառայողին, այլ տվյալ տրանսպորտային միջոցի համար»։
ՆԳՆ-ի այս պատասխանը, մասնավորապես, վերաբերում էր Գևորգ Մկրտչյանին, որի մասին նամակում նշված է, որ «մի քանի ամիս աշխատանքի չի ներկայացել՝ իբր կասեցված էր դաշնակների գործով, բայց լիարժեք ամեն ամիս ստացել է աշխատավարձ և իրեն հասանելիք վառելիքը՝ 300 լիտր բենզին»։
Ինչ վերաբերում է մյուս տվյալներին, ապա ՆԳՆ-ից ասացին, թե իրենց մոտ նման տվյակներ չկան ստացված և հորդորեցին՝ եթե կան փաստեր, դրանք ներկայացնել ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն։
Կարծում ենք՝ մեր այս հրապարակումը բավարար է, որ թե՛ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, թե՛ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հակակոռուպցիոն կոմիտեն առնվազն ուսումնասիրության առարկա դարձնեն դրանք, և, եթե կաշկանդված չեն տարբեր մարդկանց ազդեցություններից ու գործում են լիարժեք անկախ և օրենքի տառին համապատասխան, ապա կարող են նաև ինչպես ծառայողական քննություն նշանակել, այնպես էլ վարույթ նախաձեռնել և պարզել բոլոր հանգամանքները, ինչպես անում են, օրինակ, Սեյրան Օհանյանի ու մյուսների դեպքով»։