Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանը գրում է․
«Երրորդ լռությունը» — դատապարտման խոսք դավաճանության դեմ
Դավաճանությունը երբեք չի ծնվում թշնամուց։
Դավաճանությունը ծնվում է այնտեղ, որտեղ բարոյական և եղբայրական վստահությունը փոխարինվում է հարմարավետ լռությամբ, իսկ հավատքը՝ նեղ անձնական շահի հաշվարկով։
Դավաճանությունը բառ չէ — դա լռություն է։
Դա ձեռքի սեղմում է այն ձեռքի հետ, որը կապել, շղթայել է ընկերոջ ձեռքերը։
Դա պատարագի ժամանակ երեք անգամ չարտասանված անուն է։
Դա աղոթքի մեջ խեղդված խղճի ձայնն է։
Դա Սուրբ Սեղանի առաջ կատարվող անտեսանելի հանցանքն է, որի վկան Աստված է։
Երբ քաջերը տանում են իրենց խաչը արժանապատվությամբ, երբ ոմանք կրում են բանտի զրկանքները, իսկ ուրիշները ստորագրում են իրենց լռությամբ,
այնժամ սկսվում է բարոյական դատը, որ չի ավարտվում դատարանների պատերի մեջ, այլ՝ մարդու ներսում, այնտեղ, որտեղ կամ կա Աստված, կամ չկա։
Երբ մարդը ոչ միայն մոռանում է իր ընկերոջ ձեռքը, այլ սեղմում է այն ձեռքը, որն այդ ձեռքը կապել է շղթաներով, դա այլևս պարզապես թուլություն չէ, դա հոգևոր մի տարածք է, որտեղ լռությունը վերածվում է մեղքի, իսկ անտարբերությունը՝ դավաճանության։
Եկեղեցու պատմությունը գիտե հերոսություն, գիտե նահատակություն, բայց գիտե նաև մեկ այլ ողբերգություն՝ լռությամբ գործված դավաճանություն, որն սկսվում է այնտեղ, որտեղ անմեղ լռությունը դառնում է շահավետ լռություն, իսկ ընկերության հիշողությունը զոհաբերվում է իշխանության հետ լուսանկարվելու անիմաստ գայթակղությանը։ Այդ պահին ընկերությունը մահանում է ոչ թե ատելությամբ, այլ՝ դավաճանական ժպիտով։
Իսկ երբ Սուրբ Սեղանի առջև չհիշատակվեց Վեհափառի անունը՝ դա այլևս սովորական բացթողում չէ, դա՝ դավաճանության լուռ ստորագրություն է։
Այդ երեք չարտասանված հիշատակման մեջ կային երեք ձայներ՝
Ձայն ընկերության,
Ձայն խղճի,
Ձայն հավատքի։
Եվ երբ այդ երեք ձայները լռեցին, ծնվեց չորրորդը՝ դավաճանության աղմկոտ լռությունը։
Եվ, իսկապես, ինչպե՞ս կարող է մարդ կանգնել Սուրբ Սեղանի առաջ և լռել այն անվան չհիշատակության մասին, որը նրա համար եղել է ոչ թե վերադաս, այլ՝ հայր...
Միով բանիվ դավաճանությունը երկու մաս ունի․
— առաջինը՝ դաշույնը,
— երկրորդը՝ լռությունը։
Դիտեք նաև՝


