|
«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական քարոզիչները վերջին օրերին շատ են սկսել ավելի բարձր աղմկել «ռազմական ձեռքբերումների», «ուժեղացվող բանակի» և «նորագույն տեխնիկաների» ձեռքբերման մասին։
Հասկանալի է, որ պետական պարտքի կրկնապատկման պատասխանատվությունից խուսափելու համար Փաշինյանը փորձում է այդ ծանր պատկերը որպես բանակի վրա կատարած «ծախսեր» ցույց տալ, դրա համար էլ սկսվել է քպականների կողմից արհեստական այս ամբողջ ֆոնը․..
Հրավիրվում են ցուցադրությունների, աղմկոտ լայվեր են անում, մեծ-մեծ հայտարարություններ հնչեցնում «բանակը թարմացվում է», «հզորացումները շարունակվում են» և այլն։ Բայց նրանք հետևողականորեն չեն խոսում ամենակարևորի մասին՝ քանի միլիարդ դոլար արժողությամբ զենք, զինամթերք, սպառազինություն են իրենք հանձնել թշնամուն, և քանի՞ տարի, ի՞նչ հսկայական ռեսուրսներ են անհրաժեշտ, որպեսզի գոնե նախկին այդ բացերը վերականգնեն։
Ոնց որ դեժավյու լինի, գրեթե նույնաբովանդակ հայտարարությունները լսում էինք 2020 թվականի պատերազմի նախաշեմին՝ թե բա «օդը փակ է», «տարածաշրջանում ամենաուժեղն ենք», «պաշտպանական համակարգերն ամենաբարձր մակարդակում են», և այլն, և այլն: Իսկ իրականում բոլորս տեսանք, թե ինչ կատարվեց մեր հետ:
Սրանք այդպես էլ չեն հասկանալու, որ միայն զենք գնելով բանակ չեն կառուցում, մինչև չունենանք իրական մարտունակ բանակ՝ համալրված պաշտպանական խորքային շերտերով, արդի հակաօդային պաշտպանական համակարգերով, հարվածային կարողություններով, զորավարժություններ տեսած, պատրաստված, կարգապահ զինվորականներով, սպաներով, ցանկացած փիառ՝ լինի դա վաշտի ամրացման շրջանի կառուցում, ֆրանսիական Ցեզարի, հնդկական Ակաշի կամ մեկ այլ զինտեխնիկայի ձեռքբերում, չի փակելու այն համակարգային խայտառակ բացերը, որոնք այս պահին ունենք մեր աչքի առաջ...»։
***
|
|
«Տեխնիկան կա, տեխնիկան կավելանա»,մ- այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ռազմական տեխնիկայի, համալրման հետ կապված հարցերին։ «Հրապարակային հրավիրում եմ ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցություններին, առաջիկայում օր ասեք, ես անձամբ ձեզ կուղեկցեմ, կցուցադրեմ վերջին տարիներին մեր կողմից ձեռք բերած սպառազինությունը և ռազմական տեխնիկան»,- դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ ասաց նախարարը։
***
|
|
«Չի կարող սահմանին կանգնած զինվորը, պայմանագրային զինծառայողն ավելի ցածր աշխատավարձ ստանալ, քան պարեկները՝ օրինակ Երևանի Կենտրոնում կանգնած»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Եթե մենք խոսում ենք պայմանագրային ծառայությունը գրավիչ դարձնելու մասին, անպայման պետք է խոսենք բազային աշխատավարձի բարձրացման մասին։ Այն աշխատավարձը, որ պայմանագրային զինծառայող, սահմանին կանգնած զինվորն է ստանում, չի կարող բավարար համարվել և միայն ատեստացիայով բարձրացնելը բավարար չէ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։
Խոսելով քննարկվող՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխության մասին, Աննա Գրիգորյանը հավելեց․ «Այն, որ սա նախընտրական քայլ է, որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, համենայնդեպս այն արտահայտությունը, որ այս օրենքը պետք է իրականություն դառնար հուլիսին, բայց հունվարից է սկսելու գործել, պարզ է, որ նախընտրական տրամաբանություն ունի»։
***
|
«ՀՀ սուվերեն տարածքի մի հատվածն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել: Ռեալ հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ ՔՊ-ի իշխանության օրոք ՀՀ ինքնիշխան տարածքները վերականգնվեն, վերադառնան նախկին դիրքին»,- ԱԺ-ում դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ հարցրեց լրագրողը: Նախարարն ասաց՝ այո. «Դա տեսնում եմ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի միջոցով»:
***
|
|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսուքյան գրառումը. «Հայաստանի համար մեծ փորձանք է նման պաշտպանության նախարար ունենալը.
Ժամկետային զինծառայության ընթացքում իր հրամանատարին դանակահարելու համար ազատազրկված, պատմության ուսուցիչ, այժմ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը առաջարկել է, որ ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունների անդամներին ինքը ցույց տա վերջին տարիներին գնված զենքերը․ ռազմական տեխնիկան։ Ի՞նչը պիտի ցույց տաս,Պապիկյան, եթե մինչև հիմա սահմանազատման անվան տակ, միակողմանի, ապօրինի կերպով Կիրանցի հողերի հանձնման գործընթացը նույնիսկ գաղտնիության «դոպուսկ ունեցող» ԱԺ պատգամավորներից գաղտնի եք պահում։ Գնված այդ զենքերը ինչքանո՞վ կարող են բավարար լինել Հայաստանի պաշտպանունակության համար, եթե Ադրբեջանը շարունակ տարատեսակ, հզոր զենքերով զինվում է, զինվում է Հայաստանի դեմ։ Հայաստանի համար մեծ փորձանք է քո նման պաշտպանության նախարար ունենալը։ Մյուս կողմից էլ, աշխարհի ամենահզոր զենքերն էլ ունենանք, ներկա իշխանության օրոք միայն կարող ենք կապիտուլացվել»:
***
|
|
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե 1,5 տարին բանակը չի կրճատում, ուրեմն 1 շաբաթն էլ չի կրճատի.
Ժամկետային զինծառայության ժամկետը 2 տարուց 1.5 տարի կրճատելը բանակի թվաքանակի վրա որևէ ազդեցություն չի ունենա։ Այս թեզը ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում հնչեցրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պնդելով, որ «1.5 տարի հետո մենք նույն թվաքանակով մարդկանց ենք զորակոչելու, ուղղակի նրանք 1.5 տարի են ծառայելու»։ Նախարարը նաև հավելել է՝ «թվաբանություն է, էտ անտերը, բարդ չի»։
Իրականում Պապիկյանը ճիշտ է ասում, որ պարզ թվաբանություն է, ուղղակի այդ պարզությունը հիմք ընդունելով, չգիտես ինչի սխալ եզրահանգման է գալիս:
Եկեք հաշվենք։
Ենթադրենք Հայաստանում տարեկան մոտ 11–12 հազար երիտասարդ է զորակոչվում:
2 տարվա ծառայության դեպքում բանակում միաժամանակ ծառայում է մոտ 22–24 հազար ժամկետային զինծառայող (12 000 × 2)։
1.5 տարվա ծառայության դեպքում նույն տարեկան զորահավաքով բանակում միաժամանակ կլինի ընդամենը 18 հազար մարդ (12 000 × 1.5)։ Այսինքն՝ բանակում մշտական առկա ժամկետայինների թիվը կնվազի մոտ 4–6 հազարով։ Դա մոտավորապես 20-25 % կրճատում է։
Պապիկյանն նաև ասում է՝ «նույն թվաքանակով կզորակոչենք»։ Բայց նա «մոռանում» է ասել, որ նույն թվով զորակոչելը այլևս չի ապահովի նախկին թվաքանակը բանակում։
Եվ վերջապես, եթե անգամ համարենք, որ մենք էլ ենք յոթ տարի միևնույն դասարանում մնացել, և օբյեկտիվ պատճառներով մաթեմից թույլ ենք, և Պապիկյանի նմանօրինակ գնահատականները ընդունենք որպես բացարձակ ճշմարտություն, ապա ստացվում է, որ եթե 1.5 տարին «ոչ մի ազդեցություն չունի» բանակի թվաքանակի վրա, ապա ինչո՞ւ ծառայությունը չդարձնենք 1 տարի։ Կամ ինչո՞ւ չդարձնենք 6 ամիս։ Եվ նույն լուրջ դեմքով պնդենք, որ «մենք նույն թվով ենք զորակոչում, պարզապես նրանք 6 ամիս են ծառայում»»։
|
|