▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ են կալանավորում մանկահասակ երեխաների մորը

***

«Լիանա Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացվել այն պատճառով, որ իբրև թե խախտել է խափանման միջոց բացակայելու արգելքի պայմանները՝ չներկայանալով դատական նիստին։ Այս կինը շուրջ մեկ տարի հարցաքննվել է որպես վկա, նա բարձրագույն կրթություն ունի, կատարել է թարգմանություններ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին նշում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ այն 3 անձանց՝ տղամարդկանց նկատմամբ, որոնք մեղադրվում են ապօրինի միգրացիա իրականացնելու մեջ, դատարանը խափանման այդ ծայրահեղ միջոցը՝ կալանավորումը չի ընտրել, բայց կալանավորումը որպես խափանման միջոց ընտրել է այդ կնոջ նկատմամբ, ում խնամքին են երեք երեխաներ, որոնցից մեկը 8 ամսական է։

«Այս խայտառակ դատական համակարգը փաստացի կալանավորել է երիտասարդ կնոջը, ով աշխատել է որպես թարգմանիչ՝ Հնդկաստանի քաղաքացիների խոսքը մի քանի անգամ բանավոր թարգմանել է, և այդ թարգմանության համար նրան որպես ապօրինի միգրացիային օժանդակող անձի՝ մեղադրյալի կարգավիճակում են դրել»,- նշեց Փոստանջյանը և կանանց ու երեխաների իրավունքներով զբաղվող կազմակերպություններին ու ՄԻՊ-ին կոչ արեց ներգրավվել այս գործում և իրենց բողոքներով նպաստել, որպեսզի Լիանա Հարությունյանը շուտափույթ ազատվի կալանքից։

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ դատարանի դահլիճում երիտասարդ մի կին է լացում, ում նկատմամաբ կալանավորման որոշում է կայացվել։ «Մանկահասակ երեխաների մորը 3 ամսով կալանավոորում են, թե ինչ է մի անգամ դատական նիստի չի ներկայացել»,- ասում է Փոստանջյանը։ Կինը լացելով հայտնում է, որ իր երեխաներն առանց իրեն չեն կարող, պահանջում է նրանց բերել իր մոտ։
Նշենք, որ տեսանյութում մանրամասներ չեն հնչում, թե ով է կալանավորվողը և ինչ գործի շրջանակներում։ Փոստանջյանին թույլ չտվեցին դատարանի դահլիճում շարունակել նկարահանումները։

«ԱրմԼուր»-ին մանրամասներ են հայտնի դարձել, ըստ որոնց Լիանա Ժուլիվերի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանցագործությանը նպաստելով տեղեկություններ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով, օժանդակել է ՀՀ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուրվինդեր Կումարի, քրեական վարույթով դեռևս չպարզված ոմն «Ջոն»-ի և «Աշոք»- ի հետ շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն։
Մինչ կալանքը, նրա նկատմամբ խափանման միջոց է եղել բացակայելու արգելքը, սակայն դատական նիստերից մեկին մեղադրյալ Լիանա Հարությունյանը չի ներկայացել ու դատարանը որոշել է նախագահող դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ նրան 3 ամսով կալանավորել: Երիտասարդ կինը դատարանում լացում է՝ խնդրելով խնայել իրեն ու երեխային:

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյբուքյան գրառումը. «Երեք երեխաների (փոքրը ութ ամսական է) մայր այս կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեսված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար: Շուրջ 1 տարի թարգմանություն կատարելու համար նա հարցաքննվել է որպես վկա, հետո, իրավաբան գործընկերներս ինձ լավ կհասկանան, շըրըխկ, և արդեն մեղադրյալ է:
Գործը նախնական դատաքննության փուլում է: Դատարանը, որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, սակայն քանի որ կինը ապրում է վարձակալած տանը, սեփականատերը հրաժարվել է թույլ տալ իր տանը կրի տնային կալանքը: Իսկ դատարանն ինչ է անում դրա փոխարեն, էլի, շըրըխկ և 3 ամսով կալանք: Հիմա այս կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր, ուրիշի հոգացությանը չի կարող թողնել:
Մի կարևոր հանգամանք ևս, գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն:
Հիմա հարց կալանքի որոշում կայացրած դատավոր Արշակ Մաթևոսյանին՝ դու գիտես ի՞նչ է մարդասիրությունը:
Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ներքին համոզմունքը նաև նրա համար է մտածված, որ մի քիչ մարդ մնաք:
Արդարությունն ու արդարադատությունը նաև մարդասիրություն են ենթադրում»։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարիներ շարունակ մեզ ճղում ենք, որ «քաղաքական» գործերով անծայրածիր ապօրինություններ ու անարդարություններ թույլ տվող դատական համակարգը չի կարող, ՉԻ ԿԱՐՈՂ մնալ օրինականության ու արդարացիության տիրույթում՝ «սովորական» գործերով։
Դու սուս ու փուս քո գո՞րծն ես անում։ Դա քեզ ոչնչից չի ապահովագրում, ու 8-ամսյա բալիկի մոր տեղում վաղը կարող ես հայտնվել հենց դո՛ւ։
Դեգրադացիան մասնակի չի լինում։
ՀԳ. Դատավորին խորհուրդ եմ տալիս հենց երկուշաբթի օրը նիստ նշանակել ու վերստին քննել խափանման միջոցի հարցը։ Էս ծանր մեղքի տակ մի՛ մնացեք»։

***

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անկեղծ եմ ասում, ես բառեր չեմ գտնում, թե ինչպես կարելի ա բնութագրել նման դատավորներին։ Լավ դուք տուն չունե՞ք, դուք ընտանիք, երեխա, մայր, քույր չունե՞ք, դուք խիղճ չունե՞ք։ Ով եք դուք։ Ոնց կարելի ա 3 անչափահաս երեխայի մորը, որից մեկը 8 ամսական՝ ինչ որ անիմաստ թեմայով՝ 3 ամիս կալանք նշանակել, որ էս կինը վերցնի էդ երեխային ու գնա գաղութ։ Հասկացանք դատավոր եք, արա բայց մարդ եղեք մի քիչ, ՏՂԱմարդ եղեք մի քիչ, երբ դուք ծնվել եք, ձեր հերերին չեն ասել. «աչքդ լույս՝ դատավոր ծնվեց, ասել են՝ աչքդ լույս, տղա ծնվեց», ով եք դուք արա, ինչից եք դուք․․․»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին