▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 երեխաների մայրը մահացել է «Ուիոգմոր»-ում վիրահատվելուց հետո

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Իրավապաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանի շնորհիվ հայտնի դարձավ մի զարհուրելի դեպքի մասին, որը տեղի է ունեցել փետրվարին, եւ որի շուրջ պետական մարմինները, առողջապահության նախարարությունը մինչ օրս լռել են: 

Չորս երեխաների մայրը, որի անունը հարազատները չեն ցանկանում հայտնել, մահացել է վիրահատական միջամտությունների արդյունքում: 

Վիրահատությունը տեւել է մոտ 8 ժամ եւ արվել է «Ուիգմոր» կլինիկայում, որտեղ անգամ տարրական վերակենդանացման բաժանմունք չկա: Ավելին, ըստ մեր տեղեկությունների, երբ հիվանդի վիճակը վատացել է, «Ուիգմոր Քլինիք»-ի բժիշկներն արգելել են նրան տեղափոխել «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Հարազատի ամուսնու պնդմամբ, միայն մահից 3-4 ժամ առաջ են թույլ տվել, որ հիվանդին «Էրեբունի» տանեն։ Երբ պարզ է եղել, որ կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է, եւ նրա կյանքին վտանգ է սպառնում, տարել են «Էրեբունի», որտեղ էլ նա մահացել է: «Էրեբունի» ԲԿ-ն տեղեկացրել է իրավապահներին պացիենտի մահվան մասին, որից հետո քրեական գործ է հարուցվել՝ բժշկական սխալի փաստի առիթով: 

Զարուհի Փոստանջյանը չի ցանկանում նշել, թե հատկապես ինչ վիրահատական միջամտություններ են կատարել՝ պահպանելով բժշկական գաղտնիքը, բայց ասում է՝ դրանք եղել են լայնածավալ, միաժամանակ մի քանի միջամտություն է կատարվել, ինչն անթույլատրելի էր: «Այսօր մենք անգամ փորձաքննական եզրակացություն չունենք, չնայած դեպքից անցել է 5 ամիս: Նման դեպքերում կարելի էր 1-2 ամսում ունենալ դատաբժշկի եզրակացություն: Այսինքն՝ պետությունն իր պոզիտիվ պարտականությունները Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածի իմաստով չի կատարում, պատշաճ քննություն չի իրականացնում, որում այս փորձաքննությունը ելակետային է»,- ասում է Զարուհի Փոստանջյանը: Չկա ո՛չ դատաբժշկի եզրակացություն, ո՛չ մեղադրյալ:

«Չնայած նրան, որ նախաձեռնված է քրեական վարույթ, որը վերաբերում է բժշկական սխալի հետեւանքով մահվանը եւ փաստաթղթերի կեղծմանը, սակայն այլ ուղղություններով՝ հնարավոր կոռուպցիայի, կամ թե որքան գումար են վերցրել այս վիրահատության համար, ուր է գնացել, իսկ գումարն ահռելի է եղել, ինչո՞ւ է այս ծավալի վիրահատություն միանգամից իրականացվել, եւ արդյոք լիցենզիան օրինակա՞ն է տրված եղել կլինիկային, թե՞ ոչ, եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ են դեպքից մեկ ամիս անց այդ հիվանդանոցին թարմ լիցենզիա տրամադրել՝ մեջը նշելով տարբեր ծառայություններ, այդ թվում՝ նաեւ բարդ վիրահատություններ: Մինչդեռ, իմ պատկերացումներով, թեեւ ես մասնագետ չեմ, բայց Պուշկինի 56 հասցեում չի կարող գործել այդպիսի բարդ վիրահատական ծառայություններ մատուցող հիվանդանոց, քանի որ հիվանդանոցները պետք է լուրջ հագեցվածություն ունենան, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունք, որն «Ուիգմորում» չի եղել»,- ասում է իրավապաշտպանը:

Նա օրերս է ներգրավվել որպես հանգուցյալի ամուսնու ներկայացուցիչ եւ համարում է, որ վարույթը պետք է հարուցված լիներ 2 հիմքով: «Ոչ միայն այն հիմքով, որ բժիշկը չի ունեցել համապատասխան որակավորում, եւ փաստաթղթեր են կեղծվել: Մինչեւ այդ բժշկին հասնելը հիվանդանոցն անցնում է լիցենզավորում, որն իրականացնում է պետությունը, ի դեմս առողջապահության  նախարարության: Նախարարությունը, առողջապահական տեսչությունը պետք է ստուգումներ իրականացնեին»,- «Հրապարակի» հետ զրույցում նշում է Զարուհի Փոստանջյանը: 

Նա հայտնում է նաեւ, որ բազմազավակ մայրը չի ստորագրել վիրահատության վերաբերյալ պայմանագրի տակ: Նրա փոխարեն ստորագրություն են վերցրել նրա 18-ամյա երեխայից: Ընդ որում, պայմանագրի տակ նշված չի եղել նաեւ վիրահատության իրական արժեքը: «Այստեղ, հավանաբար, մեծ գումարների մասին է խոսքը, որոնք թաքցվել են, հետեւապես, այստեղ ե՛ւ ՊԵԿ-ը, ե՛ւ առողջապահության նախարարությունը, ե՛ւ լիցենզավորման վարչության պետ Վահե Ալեքսանյանը ունեցել են իրենց անելիքը: Եվ փոխանակ բժշկի լիցենզիան դադարեցնեն, դեպքից մեկ ամիս անց նրան կրկին լիցենզիա են տվել»,- ասում է փաստաբանը:

Ի դեպ, վիրաբույժը, որը կատարել է ճակատագրական վիրահատությունը, փախած է: Մենք զանգահարեցինք ԱՆ լիցենզավորման վարչության պետ Վահե Ալեքսանյանին՝ խնդրելով պատասխանել, թե ինչու են «Ուիգմորին» բարդ վիրահատությունների լիցենզիա տվել, երբ կլինիկան չունի տարրական պայմաններ, վերակենդանացման բաժանմունք: Սակայն նա մեր զանգերին չպատասխանեց:

Առողջապահության նախարարությունից մանիպուլյատիվ պատասխան ստացանք, որը վերաբերում է ոչ այնքան դեպքի կոնկրետ հանգամանքներին, որքան օրենքի դրույթներին:  ««Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն, «Ուիգմոր» կլինիկային տրված են վիրաբուժական եւ նաեւ մնացած լիցենզիաները: Ինչ վերաբերում է անժամկետ լիցենզիա տրամադրելուն, ապա դա ոչ թե կոնկրետ «Ուիգմորին» է տրված, այլ օրենքն է այդպիսին եղել, մինչեւ 2023 թվականի համապատասխան փոփոխությունը. հետայսու տրամադրվում է 5 տարի ժամկետով: Վերանայվելու են նաեւ նախորդները: Մնացածն իրավական դաշտում է, նախաքննության փուլում»: Այնինչ, մենք ընդամենը ուզում էինք իմանալ, թե ինչու է բժշկական սխալի հետեւանքով մահվան դեպքից մեկ ամիս անց այս հիվանդանոցին, որը չունի վերակենդանացման բաժանմունք՝ համապատասխան հագեցվածությամբ, կրկին վիրաբուժական լիցենզիա տրվել, եւ երկրորդ՝ ինչու ԱՆ-ն ուսումնասիրություններ չի իրականացրել դեպքի առթիվ: 

Մեր աղբյուրից ստացած տվյալների համաձայն, «Ուիգմորը» թուղթ է ներկայացրել լիցենզավորման վարչությանն այն մասին, որ ունի վերակենդանացման բաժանմունք, սակայն վարչությունը չի ստուգել, թե արդյո՞ք իրականում այդ բաժանմունքը գոյություն ունի: Գուցե այն պատճառով, որ այդ կլինիկան արտոնյալ է, ահռելի գումարներ է ստանում պետությունից եւ հարկ եղած ժամանակ՝ նաեւ ինֆորմացիոն հովանավորություն, ինչպես այս դեպքում: 

Հիշեցնենք․ «Ուիգմոր» բժշկական կենտրոնը, որի շահերը հաճախ է պաշտպանում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխկապակցված է նրա ընտանիքի հետ: Այս մասին բազմաթիվ վկայություններ կան մամուլում: Ինքը՝ նախարարը, ժխտում է իր կապն այս հաստատության հետ՝ ասելով, որ տարիներ առաջ «Ուիգմորի» շենքը պատկանել է իր մոր գլխավորած կազմակերպությանը, բայց այն վաղուց վաճառվել է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին