Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չինաստան մեկնելու կապակցությամբ լրագրողներից երկու հարցում եմ ստացել (լուսանկարներում)։
Պատասխան առաջին հարցմանը՝
Նարեկ ջան, եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։
15 տարի առաջ` որպես օրաթերթի գլխավոր խմբագիր, ես կխմբագրեի այս հարցերը եւ գուցե կասեի՝ ապրես, լավ հարցեր ես գրել, ուղարկիր վարչապետի տիկնոջը։ Իսկ այսօր դրանց նույնիսկ չեմ պատասխանի, բայց ոչ այն պատճառով, որ ես եմ հասցեատերը։ Չեմ պատասխանի, որովհետեւ հրաժարվում եմ «տեղում դոփել»։ Այ, եթե դու էլ հրաժարվես եւ որոշես ինքնակատարելագործվել, վերապատրաստվել, լեզուներ սովորել, «Իմ քայլը» հիմնադրամը կֆինանսավորի ուսմանդ ծախսերը։ Ու ոչ միայն քո։ Բոլոր լրագրողները, ովքեր կորոշեն կատարելագործվել իրենց մասնագիտության մեջ, կարող են օգտվել «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրից, որի մասին առաջիկա օրերին կհայտարարվի։
Հիմնադրամի միջոցներն, իհարկե, անսահմանափակ չեն, բայց ես չեմ վախենում ասել՝ բոլորը, որովհետեւ վստահ եմ` լրագրողների հերթեր չեն գոյանալու հիմնադրամի դռան առաջ։ Չէ՞ որ ինքնակատարելագործվելը մեզանում նորաձեւ չէ։ Առայժմ նորաձեւ չէ։ Իսկ երբ իսկապես հերթեր գոյանան, եւ բոլորը ցանկանան սովորել Հայաստանում կամ Հայաստանից դուրս, վստահ եմ՝ նման նպատակի համար միշտ էլ միջոցներ կգտնվեն։
Պատասխան երկրորդ հարցմանը՝
Beijing Normal University-ն միջազգային ուսանողներին տրամադրում է կրթաթոշակ երկամյա ուսման ծախսերը հոգալու համար, որը կազմում է 60,000 RMB (~USD 8,300) , եւ ես դիմել եմ այդ հնարավորությունից օգտվելու համար։ Կեցությանս ծախսերը հոգալու ենք անձնական միջոցներով։ Չինաստանում գտնվելուս ընթացքում ինձ անվտանգություն չի տրամադրվելու։ Երկու տարվա ընթացքում ապրելու եմ Պեկինում` ժամանակ առ ժամանակ Հայաստան գալով։
Ընտրել եմ չինական փիլիսոփայությունը, որպեսզի կյանքի մեր փիլիսոփայությունն ավելի լավ հասկանամ։ Կարծում եմ, որ մեզնից շատ տարբերվող մշակույթն ու փիլիսոփայությունն ուսումնասիրելը օգտակար կլինի ինքներս մեզ ավելի լավ հասկանալու տեսանկյունից։
Հ.Գ. Հարկ չեմ համարել պատասխանիս մեջ ներառել այն տեղեկությունները, որոնք հասանելի են Beijing Normal University-ի կայքում»։
|