▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ունի այս անգամ ասելու․․․Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Մարզահամերգայինում

Ի՞նչ  ունի այս անգամ ասելու․․․Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Մարզահամերգայինում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Դիտեք նաև՝

«Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները ապաշրջափակելու մեր դիրքորոշումներն արտահայտված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»,- անդրադառնալով տրանսպորտային հաղորդակցությունների արտապատվիրակման մասին հարցին՝ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ՀՀ-ն շահագրգռված է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան ՀՀ տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով երրրոդ երկրներ, Ադրբեջանից ՀՀ տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։ Մեր բոլոր քննարկումներում հստակ է, որ այդ գործընթացը պատկերացնում ենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Երբեք չենք ունեցել քննարկում, որ կտրված լինի այս օրակարգից։ Ինչ վերաբերվում է արտապատվիրակմանը, ապա հենց էսօր ՀՀ-ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, օրինակ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը արտապատվիրակված է և չեմ կարծում, որ ՀՀ ինքնիշխանությունն այդտեղ խախտված է, ջրային համակարգի կառավարումը արտապատվիրակված է և այլն»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հաղորդակցությունների արտապատվիրակման վերաբերյալ շատ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ դրանք քննարկումների փուլում են, այս պահին որևէ պայմանավորվածություն չկա։

«ՀԷՑ-ի վերաբերյալ մեր դժգոհությունները նոր չեն, դրանք սկսվել են իմ՝ մարզային այցելություններից, քաղաքացիների կողմից ստացված բողոքներից»,- մամուլի ասուլիսին, անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման նախաձեռնությանը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Մեր նպատակադրումն այն է, որ այս փուլում պետությունը վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, բայց երբևէ չենք ասել, որ ՀԷՑ-ի պետականացումից հետո հենց պետությունն է լինելու միշտ կառավարողը։ Մենք խնդիր ունենք գտնել ամենաարդյունավետ կառավարչին և այդ կառավարման նկատմամբ ձևավորել հանրային ու պետական վերահսկողություն»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ արբիտրաժներին դիմելը չի կարող էական ազդեցություն ունենալ քննարկվող հարցի վրա։

***

«Եկեղեցու դեմ ձեր արշավն առայժմ պաշտպանել են միայն կարգալույծ եղած հոգևորականներն ու ձեր թիմակիցները։ Կարո՞ղ եք ՀԱԵ գոնե մեկ անդամ հավատացյալի անուն տալ, ով այս ամենում ձեր կողքին է»,- լրագրողի այս հարցն ուղղված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ես չեմ կարող արշավ ծավալել Եկեղեցու դեմ, ու որևէ մեկը չի կարող պաշտպանել այն (արշավը), ինչ գոյություն չունի։ ՀԱԵ-ն իմ ու իմ ընտանիքի համար սրբություն է, այն, ինչ մենք անում ենք, հանուն եկեղեցու է»,- ասաց Փաշինյանը՝ կրկնելով Վեհարանն ազատելու իր հայտնի թեզը։
Հարցին՝ չի՞ վախենում նզովքից, պատասխանեց Սաղմոսով, ապա հավելեց․ «Իսկ որտեղի՞ց տեղեկատվությունը, որ Աստված ինձ նզովել է, իսկ գուցե նզովել և նզովում է նրանց, ովքեր Աստծո տունը պղծո՞ւմ են։ Ես կարող եմ իրենց նզովել, ես ասել եմ, որ առաջնորդելու եմ իրենցից վեհարանը ազատելու գործընթացը․․․ Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես ՀՀ-ն ազատեցինք Սերժ Սարգսյանից»։

Դիտեք նաև՝

Ադրբեջանի հետ քննարկվում է նաև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման հարցը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցին՝ արդյո՞ք այն քննարկվել է Աբու Դաբիում Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ «Նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա, օրակարգում է, մենյուի մեջ առկա քննարկվող տարբերակներից մեկն է, այն որոշակի պայմաններում կարող է լինել ընդունելի, իրատեսական, որոշակի պայմաններում՝ ոչ։ Ուզում եմ հավաստիացնել, որ պաշտոնական Երևանը խաղաղության համաձայնագրի ստորագրման ոչ մի հնարավորություն բաց չի թողել ու չի թողնելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտեք նաև՝

***

***

«Հայհոյանքն ի՞նչ է, փաստարկի բացակայություն։ Երբ ամենավերջին հայհոյանքն են ասում վարչապետի հասցեին, ինքը երկրի ղեկավար չի, երբ պաշտպանվում է, ղեկավա՞ր է»,- ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր խոսույթին ու իրեն հասցեգրված վիրավորանքներին պատասխանելու ձևին․ «Պետք չէ պանդորայի արկղը բացել։ Եթե որևէ մեկը մտածի, որ հարուստ բառապաշար ունի, կարող է աղքատիկ վիճակում հայտնվի։ Պարզապես պետք չէ։ Այդ բառապաշարով ոչ մեկը թող չմրցակցի ինձ հետ, ես հինգ ՔԿՀ-ում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ՝ բանասիրական ու բանահյուսական հետաքրքրություններով»,- ասաց Փաշինյանը։

***

«Եթե կաթողիկոսը հանրային կերպով կարող է շոշափել վարչապետի օրգանները, վարչապետը կարող է պաշտպանել իր հավատն ու բարեվարքությունը»,- ասուլիս ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան հարցին, թե նա առաջարկել էր համոզվել, որ թլպատված չէ։

«Սահմանադրության ո՞ր հոդվածով եք առաջնորդվում Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան որոշ հոգևորականների նկատմամբ գործողություններում»,- ասուլիսի ժամանակ հարցրեցին Նիկոլ Փաշինյանին։ «Ես առաջնորդվում եմ որպես Հայ եկեղեցու հետևորդ, որի համար եկեղեցին սրբություն է»,- պատասխանեց Փաշինյանը։

***

«Չկա որևէ բանակցություն, որևէ խոսակցություն, երբ գերիների հարցին չի տրվում պատշաճ տեղ, ուղղակի չկա նման բան»,- ասուլիսին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դիտարկմանը, թե հրապարակում կա այն մասին, որ նա հրաժարվել է Ռուբեն Վարդանյանի համար դիմել ԱՄՆ նախագահ Թրամփին, Փաշինյանը պատասխանեց․ «Տեղյակ չեմ՝ ինչ հրապարակման մասին եք խոսում, չեմ մեկնաբանում այն, ինչ չեմ կարդացել, չգիտեմ ինչ է գրված այնտեղ»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ լուրեր էին տարածվել, որ Փաշինյանը հրաժարվել է Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել Թրամփին։

***

«Մենք տարբեր առաջարկներ ստացել ու ստանում ենք։ Այդ առաջարկների մասին ուղիղ կամ անուղղակի իմանում եք։ Հայաստանը չի հրաժարվում ճանապարհից, մենք բոլոր առաջարկները քննարկում ենք ՀՀ ինքնիշխանության, իրավազորության հենքի վրա»,- կրկին անդրադառնալով հաղորդակցության ուղիների արտապատվիրակմանն՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Նոյեմբերի 9-ից հետո ձեզ հայտնի հանգամանքների բերումով միջանցք բառը, մեղմ ասած, ալերգիկ է։ Օրինակ «Հյուսիս հարավ»-ը պաշտոնական փաստաթղթերում գրվում է «տրանսպորտային միջանցք»։ Միջազգային հանրությունը երբ ասում է «միջանցք», մենք վեր ենք թռնում, իրանք էլ են վեր թռնում, թե բա ի՞նչ ասացինք»։

Դիտեք նաև՝

«Շատ են ասում, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ»,- ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Ես չեմ կարող ասել, որ դա այդպես չէ, բայց դա ճշմարտության ոչ օբյեկտիվ մի հատվածն է։ Այո՛, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Ղարաբաղը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։ Դա 2022 թվականի հոկտեմբերն էր»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 2022 սեպտեմբերյան դեպքերից հետո դիմելով ՀԱՊԿ-ին՝ ՀՀ օգնություն չի ստացել։ «Մեր առաջին ռեակցիան այն էր, որ մեր դաշնակիցները մեր տարածքային ամբողջականությունը չեն ճանաչո՞ւմ։ Հետո եկավ գիտակցումը՝ իսկ մենք ճանաչո՞ւմ ենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դա հնարավոր չէ, քանի դեռ չենք ճանաչել հարևանների տարածքային ամբողջականությունը․ «Գտնում եմ, որ ոչ միայն ճիշտ եմ վարվել, այլև սխալ եմ վարվել և իրադրության սխալ գնահատականի հետևանքով է, որ դա շուտ չեմ արել»,- մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

***

«Ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան կապասառեցնենք մեր անդամակցությունը»,- ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ նա հիշեցրել էր, որ 2022 թվականից են սկսվել ՀԱՊԿ-ի հետ խնդիրները, երբ հայտնի դեպքերից հետո ՀՀ-ն օգնություն չի ստացել դաշնակից երկրներից:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ ի պատասխան հարցին, թե «պատահականությո՞ւն է, որ Սամվել Կարապետյանին Հայաստանում կալանավորեցին, երբ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց Ադրբեջանում», ասաց․ «Գիտեք, Ադրբեջանը ՀՀ-ում բազմաթիվ մարդկանց հետախուզում է, եթե ձեր ասած տրամաբանությունը լիներ, այդ մարդիկ ինչի՞ են ազատության մեջ։ Ես կարծում եմ՝ մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ մենք սովորել ենք, կամ մեզ սովորեցրել են, որ մենք աշխարհը կամ նույնիսկ ինքներս մեզ ընկալում ենք կա՛մ Ադրբեջանի աչքերով, կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Եվրոպայի, կա՛մ Միացյալ Նահանգների։ Ժամանակն է, որ մենք մեր սեփական հայացքը ունենանք․․․Ես ՀՀ վարչապետն եմ, ես առնչվում եմ Հայաստանի պետական շահերի և ինչպես ասեցի՝ ՀՀ-ի և պետության հարատևության օրակարգի հետ»։

Դիտեք նաև՝

***

«Դա գույք է, որը պետք է պատկանի ՀՀ-ին»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի մշտական ներկայացուցչության շենքի վերաբերյալ դատախազության պահանջին։

«Չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ-ի մեջ երկրորդ պետություն լինի։ Ժամանակին ասել եմ և հույս եմ ունեցել, որ կընկալվի այս ուղերձը։ Ես ասել եմ, որ ՀՀ-ում Ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Ասել եմ, որ եթե քաղաքացիները համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել, մինչև հիմա այդ հեղափոխությունը տեղի չի ունեցել»։

***

«Մենք ուզում ենք Ռուսաստանի հետ ունենալ նորմալ, բնականոն, բարեկամական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ»,- ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը դադարեցնելու մասին խոսակցությանը՝ Փաշինյանը նշեց․ «Այո, ռուսական որոշ հեռուստաալիքներ բոլոր հնարավոր գծերը հատել են, բայց նաև իմ ասած նկատառումներով, ես չէի ուզենա, որ մենք ստիպված լինենք այդ որոշումը կայացնել։ Ես շատ հարգալից, բաց, թափանցիկ, ազնիվ, անկեղծ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կառավարության ղեկավար Միշուստինի հետ։ Ես այդ հարաբերությունների բերումով մարդկային դիսկոմֆորտ ունեմ, որ մենք ստիպված լինենք այդպիսի որոշում կայացնել»,- ասաց Փաշինյանը։

***

«Պատկերացրեք՝ ավտոբուսի մեջ եք, ու այն մարդ է վրաերթի ենթարկում, լրագրողները ձեր հետևից ընկնեն, ասեն՝ ինչի՞ վրաերթի ենթարկեցիք մարդուն։ Հասկանում եք, դա իմ շարասյունը չէ, դա վարչապետի, կոպիտ ասած, ավտոբուսն է, ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող ինստիտուն է»,- այսպես պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ մահվան դեպքին։ «Երեք մեքենա էն կողմ տեղի է ունեցել ցավալի դեպք։ Ես մեքենայի մեջ նստած էի, նստած էլ մնացի։ Ես ի՞նչ կապ ունեի։ Դատավարություն է գնում, ի՞նչ անեմ ես»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ անգամ որպես վկա ներգրավված չէ գործում։

***

«Միացյալ Նահանգները հետաքրքրվա՞ծ են՝ այո, հետաքրքրված են, մենք հետաքրքրվա՞ծ ենք նրանց հետաքրքրությամբ՝ այո»,- անդրադառնալով տրանսպորտային հաղորդակցությունների արտապատվիրակմանն՝ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Բայց միայն ԱՄՆ-ն չի հետաքրքրված, ԵՄ-ն էլ է հետաքրքրված։ ԵՄ-ի հետաքրքրվածությամբ հետաքրքրվա՞ծ ենք՝ այո։ «Հարավկովկասյան երկաթուղու» օրինակով կարող է լինել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն. տարբերակ է։ «Հարավկովկասյան երկաթուղու» դեպքում համատեղություն չկա, ռուսական ընկերություն է՝ Հայաստանի ռեզիդենտ։ Կարո՞ղ է լինել նման տարբերակ, որ որևէ օտարերկրյա կազմակերպություն գրանցվի։ Ասենք «Օրանժ» ընկերությունը ֆրանսիական ընկերություն էր, Հայաստանում գործունեություն էր ծավալում, կամ օդանավակայանը, կոնցենսիայով տրված է, բայց ՀՀ-ի որևէ մարմին լիազորությունների սահմանափակում չունի այդ տարածքում։ ՀՀ-ում էլի բրենդներ կան, որ գործում են և ՀՀ-ն իրավասությունների սահմանափակում չունի։ Մենք որ երկաթուղին բացենք, պետք է ներդրումներ լինեն․ իսկ երբ ներդրումներ են լինում մարդիկ ուզում են գումարը հետ ստանալ, գնացքները գնում-գալիս են, վճարումներ են անում, նորմալ տնտեսական սխեմաների մասին ենք խոսում»,- ասաց Փաշինյանը՝ կրկնելով, որ չի կարող կոնկրետ բան ասել, որովհետև կոնկրետ բանի վերաբերյալ չկա համաձայնություն, կան քննարկումներ․ «Բայց ինչ էլ լինի, մենք դա դիտարկում ենք ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում»։

***

«Համամի՞տ եք ձեր թիմակիցների հետ, որ ՀՅԴ-ի գործունեությունը պետք է դադարեցնել»,- այս հարցին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Կուսակցության փակումն իրավական պրոցես է ու իրավական որոշումների տիրույթում է։ Եթե իրավական բազա կկուտակվի ու կպարզվի, որ կա նման խնդիր, ապա դա իրավական տիրույթի հարց է, քաղաքական մոտեցման հարց չի»:

***

«Իր հիմնական քաղաքացիության երկրում Սամվել Կարապետյանի մտքով կարո՞ղ է անցնել, որ իրեն պահի այնպես, ոնց փորձում է պահել Հայաստանում»,- ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Եթե հանկարծ իր հիմնական քաղաքացիության երկրում իրա գլխում նման միտք ծագի, ինքը չի թողնի, որ ուրիշները բան անեն, պատուհանից ինքնակամ կթռնի՝ հնարավորինս ամենաբարձր հարկից։ Ես ասում եմ՝ կներեք, Հայաստանը պռախադնոյ դվո՞ռ է։ Ասում եմ՝ ոնց ձեր հիմնական քաղաքացիության երկրում եք ձեզ պահում, Հայաստան գալուց մի հատ հավսար-զգաստ եղեք, արա՛։ Սա պետություն է, և ասել եմ, որ պետության համը մնալու է բերաններդ։ Այսինքն ի՞նչ, համարում ենք, որ ինչ-որ կիսաբաց բաժնետիրական ընկերությո՞ւն է, որ մեկը որոշի մեկին ղրկել, մեկը՝ մյուսին։ Ով սենց պահի, պետության համը երկար ժամանակով մնալու է բերանները։ Չագուչը յուղած, պատրաստ դրած է իմ աշխատանքային սեղանին, ով փորձի Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու պետականության նկատմամբ ոտնձգություն անել, ժողովրդի տված պողպատե մանդատը գործելու է ու գործում է»,- ասաց Փաշինյանը։

***

«Ես ոչ ոքի չեմ ատում։ Ո՞նց կարող է Հիսուս Քրիստոսին իր իդեալը համարող մարդն ատի որևէ մեկին»,- ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ատում է նախկին նախագահներին։ «Լևոն Տեր-Պետրոսյանին ավելի շատ կարեկցում եմ, ոչ թե ատում, իսկ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ բացարձակ անտարբեր եմ»,- նշեց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին