▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաթիկ Սեյրանյանի դեմ քրեական աստառով, քաղաքական բովանդակությամբ աղմուկի նպատակը, պատվիրատուն ու հեղինակները

Նոյեմբերի 15-ին 168.am-ի մի հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժին՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությանն ու նրանից սերված ու սնվող մերձիշխանական քարոզիչներին մի sms-ով 168.am կայքի գլխավոր խմբագիր ու հիմնադիր, Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանի դեմ ոհմակային հարձակում գործելու առիթ հանդիսացավ, նշված է 168.am-ի հոդվածում։

Իսկ թեման թուրքական կայքի հոդվածն էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հանձն է առել Հայաստանում մզկիթներ կառուցել: Ընդ որում, նյութի մեջ և՛ թուրքական կայքի հղումն էր տեղադրված, և՛ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հերքումը:

««Թուրք» որակումից չվիրավորվող, թուրքերի գրկում հովանավորություն տենչացող ՔՊ-ականների համար հանկարծ վիրավորական թվաց թուրքական կայքի նյութը: ՔՊ-ի վայնասունի թեման իբր թե ֆեյք նյուզն էր: Ֆեյքյուզով իշխանության եկած, միայն ընդդիմախոսներին հայհոյելու համար ֆեյքերի հսկայական բանակներ ստեղծած, Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկ շահարկած, 7 տարուց ավելի կեղծ թեզեր տարածող իշխանությունը հանկարծ վիրավորվեց: Կարծես քիչ էին այս կամ այն լուրը հերքել, ու հետո դա իրականություն էր դարձել: Եվ այն, որ պատվիրված հարձակումը սոսկ առիթի կարիք ուներ, ու առիթը այդ տեսքով ներկայացավ, բոլորի համար է պարզ, որովհետև, պարոնայք ՔՊ-ականներ, որ 300.000 ադրբեջանցի (արդեն իսկ 500.000 ադրբեջանցիների մասին է խոսվում) բերեցիք Հայաստան, դրանք որտե՞ղ են աղոթելու… Սա՝ իմիջիայլոց:

Բացի այդ, Հայ Առաքելական եկեղեցուն, Ամենայն Հայոց կաթողիկոսին թիրախավորող Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն բազմիցս է հայտարարել «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին՝ վստահություն հայտնելով, որ «Իրևանի ղազիաթն» իր գործունեությունը կվերսկսի Երևանում ու Էջմիածնում:

«Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց նախնիների հողերը։ Այս հողերում կան բազմաթիվ մզկիթներ, սրբավայրեր և գերեզմանատներ: Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ խորհրդակցելուց հետո մենք վերականգնեցինք մեր «Իրևանի ղազիաթը»՝ բարոյական աջակցության համար։ …Ես հավատում եմ, որ այն կվերսկսի Երևանում և Էջմիածնում»,- բառացիորեն ասել է նա: Եվ նրան ու ալիևներին մինչ օրս պատասխանել է բացառապես Հայ Առաքելական եկեղեցին: Դուք պատասխանելու այդ համարձակությունն էլ չեք ունեցել:

Սաթիկ Սեյրանյանն, իհարկե, հպանցիկ անդրադարձավ տեղի ունեցածին, սակայն մինչ այդ տեղի էր ունեցել մի շատ ուշագրավ իրադարձություն:

Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր, ի դեպ, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրեց.

«Ժուռնալիստների միության գույքը պետք է վերադարձվի ՀՀ սեփականությանը. հայցն արդեն մուտքագրվել է դատարան, հարուցվել է նաև քրեական գործ:

Տարածքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ շուրջ 2400 քմ, իսկ շուկայական արժեքը՝ մոտ 3-5 մլն ԱՄՆ դոլար։

Գլխավոր դատախազությունից տեղեկացա, որ կառույցն ընթացք է տվել ամիսներ առաջ իմ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին։

Սա միայն մեկն է այն հազարավոր գույքերից, որոնք մեր կարծիքով անկախացումից հետո դարձել են ՀՀ սեփականություն և ոչ իրավաչափ եղանակներով փոխանցվել տարբեր անհատների կամ կազմակերպությունների։ Գույքերի մեծ մասը երբեք չի ծառայել հանրության շահին, իսկ ոլորտի ներկայացուցիչները դրանց օտարումից կամ վարձակալության գումարներից գրեթե ոչինչ չեն ստացել։

Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։

Վարչական դատարանն առաջիկայում կքննի դատախազության՝ փաստաթղթերն առ ոչինչ համարելու և գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին հայցը»:

Ավելին, ի պատասխան գործընկեր լրագրողների քննադատությունների՝ իր իսկ գրառման մեկնաբանությունների բաժնում Սիսակ Գաբրիելյանը գրել էր. «Գույքը ՀՀ սեփականությունն է եղել: Իսկ լրագրողները ինչ են ստացել տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ եկամուտից, հետաքրքիր կլինի իմանալ»:

 Այ այստեղ, ինչպես ասում են, հո՛պ, հասանք… Սրա մասին, իհարկե, քիչ անց կխոսենք, սակայն ֆիքսենք մի բան՝ նամակը Գլխավոր դատախազություն ուղարկել են Սիսակ Գաբրիելյանն ու Ալեն Սիմոնյանը, հաղորդումը՝ Հակակոռուպցիոն կոմիտե՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որի լուսապատճենը Սիսակ Գաբրիելյանը հրապարակել էր ֆեյսբուքյան իր գրառման մեջ, Ալեն Սիմոնյանն էլ՝ տարածել:

 

Հոդվածի ու փաստական հիմքի փնտրտուքները

168.am-ը գրառման պահից սկսած՝ սկսեց հետաքրքրվել, փնտրել՝ ի վերջո, ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը, և ի՞նչ կապ ունի դրա հետ Սաթիկ Սեյրանյանը, որ մի կետից հրամանով, երկու պատգամավորի նամակով ու գլխավոր դատախազի բարի կամքով դարձավ մի քանի տասնյակ ֆեյքային նոր աշխատատեղերի ստեղծման պատճառ:

Անկեղծորեն չէինք պատկերացնում, որ ՔՊ-ականներ Սիսակ Գաբրիելյանի ու Ալեն Սիմոնյանի հրապարակային հայտարարության հիմքերը պետական կամ նախաքննական կամ մի այլ տեսակի գաղտնիք կլինեն: Այսինքն՝ կարող են քեզ անվանարկել, այլանդակ բովանդակությամբ արհեստական բանականությամբ տեսանյութեր տարածել, հատել բոլոր կարմիր գծերը, բայց դու չես կարող իմանալ տարրական հարցի պատասխան՝ ինչո՞ւ…

Սկսեցինք հարցումներ ուղարկել նշյալ կառույցներին: Մեր հարցի պատասխանը Գլխավոր դատախազությունը պատվիրակում էր Հակակոռուպցիոն կոմիտեին, վերջինս էլ՝ Դատախազությանը:

Գլխավոր դատախազությունն, ի վերջո, գրավոր հարցում պահանջեց… Գրեցինք:

Խնդրել էինք տեղեկացնել՝

1. Ի՞նչ նամակի է ընթացք տվել Գլխավոր դատախազությունը, ինչի մասին գրել է Սիսակ Գաբրիելյանը:

2. Ի՞նչ հայց է մուտքագրվել դատարան:

3. Ի՞նչ քրեական գործ է հարուցվել՝ կապված Հայաստանի ժուռնալիստների միության հետ:

4. Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում դատախազությունը հանցանքի մասին ի՞նչ հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե (Խնդրում եմ նշել համապատասխան հոդվածը)։

Ստացանք շատ «բովանդակալից» պատասխան՝ «Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՁԵՐ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ՀԱՐՑՄԱՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՄ, ՈՐ 2025Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ՝ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 441-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍՈՎ: ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ»:

Հոդված 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը

1. Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

Այս պատասխանը ստանալու օրը՝ նոյեմբերի 19-ին, ևս մեկ ճշտող հարցում ուղարկեցինք Գլխավոր դատախազություն, այն է՝

«Քրեական վարույթ հարուցելու համար ի՞նչն է հանդիսացել փաստական հիմք, ո՞րն է վարույթի հարուցման փաստական հիմքը, ի՞նչ փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում է դատախազությունը հանցանքի մասին հաղորդում ներկայացրել»:

Մեզ ասացին, որ մեդիայի համար այլ բացատրություն չունեն:

Հայաստանի ժուռնալիստների միությունը (ՀԺՄ) նույն հարցերն ուղղեց Գլխավոր դատախազությանը՝ ակնկալելով հարցերի պատասխանները ստանալ՝ որպես վարույթի կողմ: Եվ ստացանք ավելի զավեշտալի պատասխան.

«…ՆՈՒՅՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ»:

Ահա այս պատասխանն էր ՀԺՄ-ն ստացել Գլխավոր դատախազությունից՝ նկատի ունենալով 168.am-ին տրամադրած պատասխանը:

 Փաստորեն, Աննա Վարդապետյանի կարծիքով՝ 168.am-ը չի կարող՝ որպես լրատվամիջոց, ստանալ տրաֆարետային 2 տողանոց պատասխանից ավելի պատասխան, բայց պարզվում է՝ կողմն էլ չի կարող, իսկ պատասխանելիս հղում են անում լրատվամիջոցին ուղարկված պատասխանին:

Մենք, իհարկե, դիմեցինք նաև Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն վարույթն իրականացնող մարմինը նույնպես պերճախոս չէր:

«Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՁԵՐ ՀԱՐՑՄԱՆ՝ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՐԱՇԱՀԵԼՈՒ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ։ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՉԿԱՆ»,- սա էր Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանը, որտեղից նույնպես չէին մանրամասնել՝ վարույթի հետ կապված ի՞նչ գործողություններ են իրականացվում:

Ինչևէ… Այսքանը՝ մեր ու իրավապահ մարմինների շփման մասին:

Մենք, իհարկե, կարողացանք պարզել, որ խոսքը վերաբերում է 1990-ականների մասնավորեցման խնդրին, իսկ եթե ավելի պարզ ասենք, Սիսակ Գաբրիելյանը, Ալեն Սիմոնյանն իրար հետ, Աննա Վարդապետյանն էլ նրանց պասով՝ Արթուր Նահապետյանից ուզում են ստանալ հետևյալ հարցի պատասխանը՝ ԽՍՀՄ-ը փլուզվելուց հետո այդ շենքը տվել են Հայաստանի ժուռնալիստների միությանը, ինչի՞ են տվել…

Հիմա հարց ՔՊ-ականների խմբակին՝ բա Սաթիկ Սեյրանյանը սրա հետ ի՞նչ կապ ունի, որ մեծով ու փոքրով այնպիսի աղմուկ էիք բարձրացրել, ասես հայտնաբերել էիք Կենտրոնում գտնվող բազմամիլիոնանոց ՀԺՄ շենքը կոպեկներով սեփականաշնորհած դարի հանցագործին: 

Եվ ամենակարևորը… Գույքի մասին

Արդեն հիշեցրել էինք, որ ի պատասխան գործընկեր լրագրողների քննադատությունների՝ իր իսկ գրառման մեկնաբանությունների բաժնում Սիսակ Գաբրիելյանը գրել էր. «Գույքը ՀՀ սեփականությունն է եղել: Իսկ լրագրողները ինչ են ստացել տարեկան մի քանի տասնյակ միլիոն դրամ եկամուտից, հետաքրքիր կլինի իմանալ»…

Մեզ էլ է հետաքրքիր իմանալ՝ Սիսակ Գաբրիելյանի ասած տարեկան մի քանի տասնյակ միլիոն եկամուտն ուր ու ում գրպանն է գնում: Իսկ Սիսակ Գաբրիելյանն այդ մասին Ալեն Սիմոնյանին չի՞ հարցրել… 

Իսկ միգուցե մի նամակ էլ այդ մասին գրեր ու իմանար, որ սկսած ՀԺՄ նախագահ դառնալու առաջին օրերից, այսինքն՝ արդեն 7,5 տարի ՀԺՄ-ն ու Սաթիկ Սեյրանյանը փորձում են լուծել նախկին պայմանագրերը և վերադարձնել ՀԺՄ-ի գույքը, որ 7,5 տարի ՀԺՄ-ն ՀՀ տարբեր ատյանների դատարաններում է հենց այդ նպատակով, որ ՀԺՄ գույքը Սաթիկ Սեյրանյանի՝ ՀԺՄ նախագահ դառնալուց առաջ նախկին նախագահը՝ Աստղիկ Գևորգյանը, մոտ 40, 70 և ավելի տարիներով, կոպեկներով վարձով է տվել ենթավարձակալության իրավունքով, որ ենթավարձակալները հսկայական շահույթներ են ունենում ՀԺՄ հաշվին, և, որ ամենակարևորն է, այդ տարածքները վարձով են տրվել առանց ՀԺՄ վարչության համաձայնության, նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանի կողմից կեղծելով ՀԺՄ վարչության անդամների ստորագրությունները, որ ՀԺՄ նախկին նախագահն այդ գործով մեղադրյալ էր, որ ուներ խափանման միջոց, որը վերացվեց (ի դեպ, հնարավոր է՝ այս մասին էլ Ալեն Սիմոնյանը պատմելու բան ունենա)…

 Սիսակ Գաբրիելյանը թող հետաքրքրվի, վստահաբար դեռ ավելին կիմանա:

Իսկ քաղաքական իշխանության պատվերով քրեական աստառով, քաղաքական բովանդակությամբ աղմուկի գլխավոր ռեժիսոր ու պրոդյուսեր Աննա Վարդապետյանը պարզապես երբեմն թող հիշի՝ ինչ պաշտոն է զբաղեցնում, և հենց հիշի, նաև մտաբերի, որ այդ պաշտոնն այսօր ունես, վաղը՝ չէ: Տարրական հարցին պատասխան չունեք, բայց վստահաբար վաղն ավելի բարդ հարցեր են տրվելու»,- գրել է լրատվամիջոցը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին