«Բռնապետական երկրում սահմանադրության օր նշելը զավեշտի ժանրից է»
Փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում դատախազն էլ, դատավորն էլ, անգամ եզրային մրցավարն էլ վաղուց մեկ անձ է։ Իսկ բռնապետական երկրում սահմանադրության օր նշելը զավեշտի ժանրից է»։
Դիտեք նաև՝
ՀՅԴ երիտասարդներն ակցիա են իրականացրել Սահմանադրական դատարանի շենքի դիմաց։ «Այսօր մեր Սահմանադրությունը շղթայված է՝ ինչպես մեր ժողովուրդը։ Տապալված է օրենքի ուժը, ոտնահարված է քաղաքացու արժանապատվությունը։ Օրենքի գերակայության փոխարեն գործում է sms-ային արդարադատություն»,- ասել են մասնակիցները։
Ակցիայի ավարտին նրանք «շղթայված Սահմանադրությունը» թողել են ՍԴ շենքի մուտքի մոտ։
Հիշեցնենք՝ հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է։
***
Տնտեսագետ Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր նշում ենք մեր պետականության հիմնաքար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։
Սա միայն օրենքի տոն չէ։ Սա ազգային կամքի, անկախության և պետականության տոնն է։
Սակայն կարևոր է հիշել՝ այս օրը ունի ավելի խորը արմատներ։
Սահմանադրության հիմքում ընկած է ՀՀ Անկախության հռչակագիրը, որն ընդունվեց 1990 թվականի օգոստոսի 23-ին։
Այդ փաստաթուղթը դարձավ ազատ ու անկախ Հայաստանի ծննդականը, որի վրա էլ կառուցվեց մեր երկրի իրավական համակարգը։
Եվ հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը՝ ներքին քայքայիչ իշխանության հետ, փորձում է փոխել մեր Սահմանադրությունը։ Որովհետև երբ փոխում են հիմքը, խարխլվում է ամբողջ շենքը։
Սահմանադրությունն այսօր ոչ միայն իրավական, այլ նաև ազգային անվտանգության հարց է։ Սահմանադրությունը ոչ միայն իրավական փաստաթուղթ է, այլ ժողովրդի կամքի արտահայտությունը, մեր արժեհամակարգի ու ապագայի ուղեցույցը։
Այն հիշեցնում է՝
Մենք ենք պետության տերը։ Օրենքը՝ մեր զենքն է։
Թող Սահմանադրությունը լինի յուրաքանչյուրհայի ձեռքերում, գիտակցության մեջ ուսրտում։
Երկիրը սկսվում է օրենքից։ Օրենքը՝արժանապատիվ քաղաքացուց։
Շնորհավոր Սահմանադրության օր»։
***
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Այսօրն իհարկե դատարկ, ոչինչ չասող ուղերձների հերթական օրն է:
Թվում է, թե այս ուղերձները ինքնին մի «անմեղ զբաղմունք»-արարողակարգ են: Իրականում, իրականության հետ կապ չունեցող և դատարկ ուղերձները նպաստում են իրականության և հասկացությունների առավել նենգափոխմանը, դատարկությունը դարձնում են նորմ, նպաստում են ուղերձներում շոշափվող բովանդակության՝ հանրային արժեզրկմանը, հանրային ընկալումներում դրա ձեւականության մասին համոզմունքի խորացմանը:
Պատահական չէ, որ այդօրինակ ուղերձների մշակույթը ավելի տարածված է ամբողջատիրական կամ ավտորիտար կառավարման երկրներում, որտեղ հանրությանը գործի փոխարեն մատուցվում է միայն խոսքը, և դա հանրության մոտ ավելի ու ավելի խորացնում օտարվածությունը իրական արժեքներից, օտարվածությունը այն պետությունից, որը մատուցում են միայն ուղերձներով, այլ ոչ թե գործերով»։
***
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրությունը ոչ այլ ինչ է, քան համազգային համաձայնություն պետության և ազգային սոցիումի վարվելակերպի խաղի կանոնների մասին:
Ով չի հարգում Սահմանդրությունը և խախտում է այն, նա չի հարգում համազգային այդ համաձայնության որևէ մասնակցին, նա չի հարգում մերձավորին, հարևանին, սովորական մարդկանց, ոչ սովորական մարդկանց, սեփական ազգին և պետությանը: Եթե կուզեք` չի հարգում անգամ ինքն իրեն:
Երբ նման բան անում է պետության ղեկավարը, իմացիր, որ գործ ունես` քեզ համար, քո պետության համար, քո ազգի համար ամենամեծ վնասարարի և թշնամու հետ: Հիրավի` ազգակործան պատուհասի հետ, քանի որ պետության համար չկա ավելի մեծ սպառնալիք, քան սահմանադրախախտը:
Սահմանադրության տոնը այն ժամանակ ենք նշելու տոնին վայել ուրախությամբ և քաղցրությամբ, երբ Սագմանադրությունը հաղթանակած լինի սահմանադրախախտին»։