Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ և ապօրինի գույքի բռնագանձման հայց կա․ դատախազ
Աննա Վարդապետյանն ԱԺ–ում ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դեռևս 2024թ․ օգոստոսին, դրանից ավելի վաղ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված մեկ այլ գործ կա։
***
«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ և ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումը ստացվել է 2024 թվականի օգոստոսի 16-ին, ասինքն այն որևէ կապ չի կարող ունենալ ընտրական պրոցեսների հետ, ճի՞շտ է»,- ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում գլխավոր դատախազին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Ի պատասխան՝ Աննա Վարդապետյանն ասաց․ «Երկու տարբեր վարույթներ կան։ Ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է 2024 թվականին, մինչ այդ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված առաջին գործ է առկա, վարույթն էլ վերաբերել է 2019 թվականից հարուցված քրեական գործին, հիմա գտնվում է դատարանում»,- ասաց դատախազը։
Անդրադառնալով «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքի սահմանադրականության հարցով ՍԴ որոշմանը, ապա Վարդապետյանը նշեց, որ դատախազությունն իր դիրքորոշումը կներկայացնի՝ յուրաքանչյուր հայցի շրջանակներում։ «Այդտեղ հակասահմանադրականության հարց չի կարող քննարկվել, հատվածական մոտեցումներ են։ Խնդիրը կիրառման շրջանակների հստակեցումն էր, դատարանները պետք է որոշակի ուղենիշներ սահմանեն»,- ասաց դատախազը։ |
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում է դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ «Եթե 2023 թվականին արձանագրվել էր հանցագործությունների 40661 դեպք, որոնցից 20231-ը՝ Երևանում, ապա 2024-ին արձանագրվել է 40232 դեպք, որոնցից 18397-ն է կատարվել Երևանում»,–ասաց Աննա Վարդապետյանը։ Համաձայն թվային տվյալների նվազել են նաև միջին և ծանր հանցագործությունների դեպքերը, սակայն ավելացել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը` 422-ով կամ 25,1%-ով։ Եթե 2023թ-ին արձանագրվել էր 1678 դեպք, ապա 2024-ին՝ 2100։ Մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունները 2024թ․-ին աճել է 89,5%-ով, իսկ11,9 %-ով՝ սեռական անձեռմնխելիության դեմ հանցագործությունները, 111.4%-ով՝ թմրամիջոցների մաքսանենգության հանցագործությունները, 9.9%-ով՝ խարդախության հանցագործությունները, 25.1%-ով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակությունները: Վերոնշյալ թվերը ներկայացրեց Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ հաշվետվության ներկայացման ձևաչափն իրենց կողմից փոխվել և ավելի մատչելի է դարձել։ Հանձնաժողովին ներկայացվեց մի քանի հարյուր էջանոց հաղորդում։ *** |
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում է դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։
«2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի ու այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2093 դեպք, Նվազում է արձանագրվել 265 դեպքով կամ՝ 11,2 տոկոսով»,-հայտնեց Աննա Վարդապետյանը։
«2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք։ Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36,4 տոկոսը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63,6 տոկոսը՝ հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53,7 տոկոսը եղել են զինվորական, 616-ը կամ 46,3 տոկոսը՝ այլ հանցագործություններ։ 2024 թվականի ընթացքում ԶՈւ-ում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, 2023-ին արձանագրվել էր 54 դեպք»,-հայտնեց դատախազը։
***
«Հայաստանի ազգաբնակչությանը չենք տարանջատում ըստ իրենց ծննդավայրի և բնականաբար վիճակագրություն չենք վարում՝ ըստ ծննդավայրի խտրականության ենթարկվելու տեսանկյունից»,- ԱԺ-ում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, որը վերաբերում էր արցախցիների նկատմամբ տիրող ատելության մթնոլորտի դեմ պայքարին ու կանխարգելմանը։ |