▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիների հարգանքի տուրքը՝ Փաշինյանի շարասյան վրաերթի հետևանքով զոհված հղի կնոջ հիշատակին

Փաշինյանի ավտոշարասյան զոհ դարձած հղի կնոջ` Սոնա Մնացականյանի հիշատակի օրն է

Վրաերթի վայրում` Պարոնյան–Պռոշյան խաչմերուկում, մարդիկ այսօր հիշատակի ակցիա և մոմավառություն են կազմակերպել` պահանջելով նաև արդարություն։

Հիշեցնենք` դեպքից 3 տարի է անցել, սակայն առ այսօր մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ 2024 թ. սեպտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի ավտոշարասյան պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվի, և գործը կկարճվի։

***

«Մեր երկրում կա հաստատված փաստ՝ իշխանության համար արդարադատությունը բացառապես ընտրովի է: Արդարադատությունն «աշխատեցվում են» այն ժամանակ, երբ անհրաժեշտ է իշխանությանը»,- լրագրողների հետ զրույցում այս կարծիքն է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն հանգամանքներում, որտեղ կա իրականում արդարադատություն իրականացնելու անհրաժեշտություն, ինչպիսին Սոնա Մնացականյանի հետ կապված իրավիճակն էր, իշխանությունն անտեսում է: «Իշխանությունը փորձում է ցույց տալ, որ որևէ բան չի էլ եղել, տոտալ ձևով փորձում է քողարկել այս ողբերգական դեպքը: Սա նաև ազդակ է, որ իշխանության համար մարդկային կյանքը գոյություն չունի»,- հավելել է պատգամավորը:

***

«Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք հնարավոր չէ արդարության վերականգնումը: Բայց նրան հեռացնելուց հետո Սոնա Մնացականյանի գործը ունենալու է համապատասխան ելքը՝ պատժվելու են մարդիկ, ովքեր պատճառ են դարձել Սոնայի և իր չծնված երեխայի մահվան համար»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ հիմա կա քաղաքական ուղիղ ցուցում՝ գործը ճիշտ ուղղությամբ չտանելու:

«Քանի կա Նիկոլ Փաշինյանը, որևէ մեկը պատժի չի ենթարկվելու: Իշխանության էին գալիս, որպեսզի մաքսիմալ արդարություն լինի, բա ո՞ւր է այդ արդարադատությունը»,- հավելել է պատգամավորը:

***

«Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու գործը քաղաքական ուղղորդավածություն ունի, քանի որ ողբերգական պատահարը քաղաքականացված է՝ Սոնա Մնացականյանը դարձավ երկրի վարչապետի ավտոշարասյան զոհը»,- Երևանի Պռոշյան - Լեո փողոցների խաչմերուկում ի հիշատակ 2022թ․ այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի մոմավառության ժամանակ լրագրողներին ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի ավտոշարասյունը 108 կմ/ժամ արագության ներքո հղի կնոջը վրաերթի է ենթարկել, ով անցնում էր հետիոտնի համար թույլատրելի վայրում և լուսացույցից կանաչ լույսի տակով, և 3 տարում այդպես էլ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։

«Պետք է պահանջել արդարադատության իրականացնում»,- ընդգծեց Մելոյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին