▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ԱԳՆ․ Փաշինյանը հանդես է գալիս տրամագծորեն հակառակ և խճճված հայտարարություններով

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում մատնանշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների խճճված լինելը՝ Հայաստանի՝ Եվրամիություն մտնելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվեի վերաբերյալ։

Ինչպես նշել է փոխնախարարը, Հայաստանի Սահմանադրության 205-րդ հոդվածը ենթադրում է, որ վերազգային միջազգային կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ նման հանրաքվեն պետք է նախաձեռնվի հենց Հայաստանի կառավարության կողմից։

Միևնույն ժամանակ, շարունակել է նա, 2025 թվականին «Եվրոպական միություն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ապագա օրենքի քննարկման ընթացքում հայկական կողմը պնդում էր, որ, չնայած Սահմանադրության դրույթներին, դրա ընդունումը հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի առաջացնում, քանի որ այդ փաստաթուղթը պարզապես ոչինչ չնշանակող քաղաքական հռչակագիր է։

«Այժմ էլ մենք լսում ենք, որ Հայաստանի հունիսյան ընտրությունների արդյունքներն իբր ինքնին արդեն համազգային աջակցություն են վկայում եվրոպամետ ուղու, երկրում եվրոպական նորմերի ու կանոնների հետագա ներդրման համար, հետևաբար կրկին հանրաքվեի անհրաժեշտություն չկա», — նշել է փոխնախարարը։

«Հիշեցնեմ, որ նախընտրական արշավի ընթացքում Փաշինյանը երբեմն անում էր տրամագծորեն հակառակ և խճճված հայտարարություններ։ Ընդ որում, երբեմն նաև բավական բացահայտ ընդունում էր, որ Հայաստանին առայժմ ոչ ոք չի հրավիրել ԵՄ, և որ այն ընդհանրապես երբեք կարող է դրա անդամ չդառնալ, — հավելել է նա։ — Իրոք շատ բան է արդեն ասվել, սակայն դա ամենևին էլ հստակություն չի ավելացնում»։

Գալուզինի խոսքով՝ հենց այդ պատճառով Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները հայտարարել են, որ անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ինչ են մտածում Հայաստանի բնակիչները այս հարցի վերաբերյալ։

«Ընդ որում՝ ոչ թե վերացական-տեսական իմաստով (ցանկանո՞ւմ եք ԵՄ), այլ կոնկրետ-գործնական՝ պատրա՞ստ եք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից հանուն ապագայում ԵՄ-ին միանալու՝ ոչ այնքան ակնհայտ հեռանկարի։ Քանի որ հենց հարցի այս ձևակերպումը կլինի առավել ազնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Եվ նաև ԵԱՏՄ մյուս անդամների նկատմամբ», — եզրափակել է գործակալության զրուցակիցը։

***

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ հնարավոր սահմանափակող միջոցների կիրառմանը վերաբերող ցանկացած որոշում ամբողջությամբ վերապահված է Հավաքական անվտանգության խորհրդի իրավասությանը (դրա կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները), որն իրավունք ունի նման որոշումներ ընդունելու՝ կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա (ձեր հարցի առնչությամբ կիրառելի նորմերը, մասնավորապես, ամրագրված են կանոնադրության 20-րդ և 25-րդ հոդվածներում)»,- ասել է Գալուզինը՝ պատասխանելով պարտավորությունները չկատարելու վերաբերյալ կանոնադրության համապատասխան հոդվածը գործարկելու հնարավորության մասին հարցին։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է և պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր կողմերի կողմից, ներառյալ յուրաքանչյուր անդամ պետության պարտավորությունը՝ ֆինանսավորել ՀԱՊԿ մարմինների գործունեությունը։ «Երևանի կողմից կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելն ու կազմակերպության բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները չստորագրելը պարզապես նշանակում է, որ Հայաստանը չի օգտվում իրեն վերապահված իրավունքից, սակայն դա չի դադարեցնում Հայաստանի՝ իր ազգային վճարը ժամանակին փոխանցելու պարտավորությունը»,- նշել է դիվանագետը։

«Ցանկացած միջազգային կազմակերպությունում նման իրավիճակների համար կան հիմնարար փաստաթղթերով նախատեսված համապատասխան ընթացակարգեր։ ՀԱՊԿ-ն բացառություն չէ»,- ասել է Գալուզինը։

info@asekose.am/095519696
Քաղաքական ավելին