Քաղաքացիական հասարակության զարգացման և ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանը անդրադարձել է Ամուլսարի հանքի շահագործման ծրագրին աջակցելու ՀՀ կառավորարության որոշմանը։
«Կառավարությունը հայտարարել է, որ պատրաստվում է աջակցել Ամուլսարի հանքի շահագործման վերսկսմանը՝ անտեսելով տարիներ շարունակվող հանրային դիմադրությունը, շրջակա միջավայրի և տնտեսության վրա դրա վնասակար ազդեցության մասին փաստերը։
Շատ է խոսվել ջրային ռեսուրսներին, կենսաբազմազանությանը, հանրային առողջությանը սպառնացող վտանգների մասին։ Բայց Ամուլսարի հարցն այսքանով չի սահմանափակվում։ Հանքի հնարավոր շահագործումը խորքային հարցեր է առաջադրում
- Ո՞վ է որոշում Հայաստանի համայնքների ապագան
- Ո՞րն է մեր երկրի տնտեսության տեսլականը
- Իշխանությունները իրապես հաշվետու՞ են քաղաքացիներին
1․Զարգացման ուղղությունը պետք է որոշեն նրանք, ովքեր կրում են դրա հետևանքները
2023 թվականին Ջերմուկի այլընտրանքային զարգացման ֆորումում տեղի բնակիչները, ֆերմերները, առողջարանների աշխատակիցները, ուսանողները հաստակ ցույց տվեցին, որ հանքարդյունաբերությունը տեղ չունի իրենց զարգացման տեսլականում։
Իշխանությունները տարիներ շարունակ փորձում էին համոզել նրանց, որ «զարգացումը» հնարավոր է միայն հանքի շահագործմամբ, բայց մարդիկ ձևակերպեցին միանգամայն այլ պատկեր՝
- Ձմեռային սպորտաձևերի ու զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացում
- Օրգանական գյուղատնտեսության խթանում
- Կրթության և առողջապահության որակի ու մատչելիության բարձրացում
Սակայն, տեղացիների ձգտումների հետ հաշվի նստելու փոխարեն, իշխանությունները առաջ են բրդում մի նախագիծ, որը սպասարկում է օտարերկրյա ներդրողի կարճաժամկետ շահույթը։
Մենք չափից երկար ենք թողել, որ քաղաքական իշխանությունները, կորպորացիաներն ու բանկերը որոշեն, թե ինչ է «զարգացումը»։ Բայց զարգացումը, որը պարտադրվում է վերևից, ամենևին էլ զարգացում չէ, այլ շահագործում։
2․Հայաստանը պետք է դուրս գա աղքատության և շրջակա միջավայրի ոչնչացման արատավոր շղթայից
Հայաստանի Հանրապետությունում ընդերքը, բնական պաշարները կառավարվում են անարդյունավետ և առանց ռազմավարական մոտեցման։ Արդյունքը՝ անվերահսկելիորեն ընդլայնվող հանքարդյունաբերություն, վատ կառավարվող թափոններ, լքված հանքեր, չռեկուլտիվացված պոչամբարներ ամբողջ երկրով։
Այս ամենի հետևանքով տուժել է տնտեսության այլ՝ ավելի կայուն ճյուղերի զարգացման հնարավորությունը՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, բարձր արժեք ունեցող արտադրություն։
Ու թեև հանքարդյունաբերությունը մարդկանց չի առաջարկում արժանապատիվ ապագա, շատ համայնքների այլընտրանք չի թողնվել։ Նրանք կամ ընդունում են հանքը, կամ մնում են առանց ապրուստի միջոցի։ Սա ոչ արդար է, ոչ ժողովրդավարական։
Կայուն և դիվեսիֆիկացված տնտեսություն ձևավորելու փոխարեն, իշխանությունները ստեղծել են համակարգ, որտեղ գյուղացին ստիպված է ընտրել աղքատության և շրջակա միջավայրի ոչնչացման միջև։
3․Ամուլսարի հնարավոր շահագործումը իշխանությունների տնտեսական քաղաքականության ձախողման խոստովանություն է
Տարիներ շարունակ իշխանությունները լռել են այս հարցի շուրջ, բայց հիմա հանկարծ կրկին առաջ են բերում Ամուլսարը։ Ինչո՞ւ։
- Որովհետև Հայաստանի տնտեսության վերջին տարիների աճը պայմանավորված էր Ռուսաստան վերաարտահանմամբ, իսկ այժմ այդ աղբյուրը սկսում է չորանալ։
- Կառավարությունը չօգտագործեց այդ եկամուտները ավելի երկարաժամկետ ու ռազմավարական նախաձեռնությունների մեջ ներդնելու և Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման համար։
- Փոխարենը, հիմա հուսահատորեն փորձում է արագ գումար գտնել՝ հանուն պահի շահույթի զոհաբերելով երկարաժամկետ տնտեսական կայունությունը։
Սա տնտեսական քաղաքականություն չէ, այլ կարճատեսություն։ Եվ հենց այդ կարճատեսության հետևանքն է, որ այսօր կառավարությունը կրկին վերադառնում է Ամուլսարի հանքի շահագործմանը, կարծես դա մեր երկրի զարգացման վերջին հնարավորությունն է։
Ամուլսարը միայն հանքի մասին չէ, այն մեր ապագայի մասին է: Սա ոչ միայն բնապահպանական, այլ խորքային քաղաքական ու տնտեսական հարց է։
- Ո՞վ է որոշում Հայաստանի ապագան՝ քաղաքացինե՞րը, թե՞ կորպորացիաները։
- Հայաստանի տնտեսությունը պետք է հենվի արդար ու կայուն զարգացման վրա, թե՞ մնա բնական պաշարները սպառելու արատավոր համակարգում։
Ջերմուկի բնակիչները արդեն տվել են իրենց պատասխանը։ Այժմ հարցն այն է՝ կլսե՞նք նրանց ձայնը, թե՞ կթողնենք, որ հերթական անգամ որոշեն մեր փոխարեն«,- գրել է նա։