«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այո՛, Հայաստանի սովետականացումը բերել է նրան, որ մարդկության պատմության մեջ աննախադեպ զարգացում է տեղի ունեցել առանձին վերցված տարածքում: Դա սակայն միևնույն է մի տարածք էր, որը զուրկ էր ինքնիշխանությունից: Նաիրիտից ու ատոմակայանից սկսած, ազգայնական գրականությունով ու հակաթուրքական պահանջատիրությամբ ավարտված բոլոր օրակարգերը թելադրվում էին Մոսկվայից, ելնելով ԽՍՀՄ ընդհանուր շահերից, ոչ թե` առանձին վերցված հայ ժողովրդի: Ընդ որում, եթե սովետական բոլոր հանրապետություններին բաժին էր հասնում իրենց փայ զարգացումը, ապա այլ տարածաշրջաններում Մոսկվան նման կառուցողական դրսևորումներ իրեն թույլ չէր տալիս: Կար Անգոլայի դիկտատուրան, Լատինական Ամերիկայի մարքսիստական մարդակերների բրիգադները, մերձավոր արևելքի ահաբեկչական «կուսակցությունները», Եվրոպայի ու հարավ-արևելյան Ասիայի կարմիր բրիգադները:
Բրիտանիան էլ, որոշ տեղեր ներդրումներ անելով հանդերձ, լավ էլ քամում էր, տեղ էլ կար, որտեղ այլ մոտեցում էր դրսևորում, օրինակ` Կիպրոսում: Եթե ժամանակին Հունաստանի պրոամերիկյան զինվորական խունտան Կիպրոսում հեղաշրջում չկազմակերպեր, գուցե բրիտանական զորքը, որը պաշտոնապես անվտանգության երաշխիք ուներ տված Կիպրոսին, թույլ չտար, որ Թուրքիան գրավի Կիպրոսի կեսը: Բայց քանի որ Եղիսաբեթ II-ի ամուսին Փիլիպի ընտանիքն աքսորած հույները մուռ էին պահել, չհասկանալով, որ իր փայ մուռը Փիլիպենք էլ են պահել, եղավ այն, ինչ եղավ: Իսկ դրանից զատ Կիպրոսը լավ էլ չաղ ու բախտավոր ապրում էր` փող լվալու ու տուրիզմի հաշվին: Նույնքան չաղ ու բախտավոր էին Սինգապուրը, Հոնկոնգը և այլոք...
Վերոհիշյալն ասելով հանդերձ` ես պնդում եմ, որ անբովանդակ է քննարկումն այն մասին, թե որ մետրոպոլիան էր ավելի բարի, կամ որ ծայրագավառն էր գաղութ, իսկ որը` ոչ: Նախկին տեքստերում իմ գրածը սրա հետ կապ չուներ: Կար առաջադրված թեզ, ըստ որի Մոսկվան վերադառնալու է Կովկաս, ես էլ պնդում եմ, որ չի վերադառնալու և իմ այս պնդումը հիմնավորում եմ հստակ տնտեսական փաստարկներով:
Ես ասում եմ, որ կառավարման այն մոդելը, որը որդեգրված էր, իսկ դա պայմանականորեն կարող ենք անվանել «զանգելու մոդել», չէր գործում, անարդյունք էր և անպիտան է լինելու նաև ապագայում: Կապ չունի Մոսկվան ում ա զանգելու, ինչ ա ասելու, միևնույն է դա բան չի փոխելու: Էդ անտեր զանգը էլ ուժ չունի: Սա պետք է հասկանան ինչպես զանգին սպասողները, այդպես էլ զանգին սպասողներին կշտամբողները:
Բրիտանիայի և Ռուստաստանի տարբերությունը նրանում է, որ Բրիտանիան ժամանակին հասկացավ, որ «զանգային» կառավարման մոդելը չի աշխատելու և փոխեց մոդելը, իսկ Ռուսաստանը` ոչ: Արդյունքում մի այլասերված իրավիճակ է ստեղծվել, երբ զանգողն էլ ա խաբում բոլորին, այդ թվում ինքն իրեն, զանգվողն էլ ա խաբում: Իրար դուխ տալու համար առասպելներ են հյուսում ու հավատում դրանց:
Թե բա Շուշկևիչն է քանդել Սովետը, օկ, ինչ ասեմ, ուրեմն հալալա իրեն: Նույն հավանականությամբ կարելի է պնդել, որ Սորոսը Հայաստանում հեղափոխություն է արել: Լրիվ նույն տրամաբանությամբ էլ հակառակ կողմը պնդում է, որ Արցախը ախցախցիք են հանձնել, Նիկոլն էլ թալանի դեմ ա պայքարում: Տենց ռուսամետ-արևմտամետներով իրար մեջ բաժանվեք, մարդա մի «շպրից» վերցրեք, վենա մտցրեք էդ ձեր դոզեն ու կայֆ ստացեք մի քանի ժամ: Ես փաս:
Հ.Գ. Հուն-կիպրական պատմությունն իրոք շատ հետաքրքիր է: Եղիսաբեթի ամուսին Փիլիպը Հունաստանի արքայազնն էր, որի ընտանիքին հույն զինվորականությունը աքսորում է 1922 թվականին, պնդելով, որ այդ ընտանիքը, հարձկավելով Թուրքիայի վրա, միտումնավոր կապիտուլյացիայի է տարել Հունաստանը` Բրիտանական աշխարհաքաղաքական պլանը իրագործելու համար: 1972-ին երբ հույները փորձում են միավորել Կիպրոսը Հունաստանին, Թուրքիան հարձակվում է Կիպրոսի վրա ու օկուպացնում դրա մի մասը, մինչդեռ, Կիպրոսին անվտագությանը երաշխիքներ ստորագրած Բրիտանիան, որ բազմաթիվ բազաներ ուներ այդ կղզում, ոչինչ չի անում»։
|