▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելառուսը Բելառուս է, Հայաստանը` Հայաստան. Ալեն Սիմոնյան

Բելառուսը Բելառուս է, Հայաստանը Հայաստան. չնայած զրույցի սկզբում Ալեն Սիմոնյանն ասաց, որ չի մեկնաբանում Բելառուսի ԱԳՆ–ի բողոքի նոտան, բայց այնուամենայնիվ, պնդեց, թե Հայաստանը «ծայրագավառ չի լինելու», և որ Բելառուսի կառավարման օրինակն իր համար անընդունելի է։

«Մենք ընտրել ենք ՀՀ–ի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք` մի քիչ այլ ճանապարհ»,–ԱԺ–ում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ նախագահը։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը», ինչի կապակցությամբ էլ Մինսկը բողոքի հայտագիր էր ներկայացրել Երևանին։

***

«Չեք կարծո՞ւմ, որ ձեր հայտարարությունը, թե մենք այնպիսի երկիր չենք, որ Բելառուսի նման կառավարվենք, կարող է վատացնել երկու երկրների հարաբերությունները»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ «Ես կարծում եմ՝ Հայաստանի նկատմամբ, ՀԱՊԿ գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելը և էլի ու շատ տարբեր բաներ են վատացնում հարաբերությունները այդ երկրի հետ։ Քաղաքական կուրսն ամեն պետության ընտրության հարց է, ՀՀ-ի համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեք են, մենք ընտրել ենք Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը, իրենք մի քիչ այլ ճանապարհ են ընտրել»,- պատասխանեց ԱԺ նախագահը։

Լրագրողի հարցին, թե չի՞ ափսոսում իր հայտարարության համար, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ի՞նչն եմ ափսոսում, ուզում եմ հասկանալ։ Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ չի լինելու, Հայաստանն իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական և մնացած բոլոր առումներով բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի և ինձ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է՝ իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ»։

***

«Համաժողովի ժամանակ եվրոպացիների հնչեցրած տեսակետներն արդյո՞ք ավելի չեն բարդացնի հայ-ռուսական հարաբերությունները»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողն հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

«Տրամաբանությունը, որ ՀՀ-ն իր շահերը պետք է հետապնդի՝ հետ նայելով, հո չի՞ նեղսրտում Ռուսաստանը, ճիշտ չէ, որովհետև Ռուսաստանը, երբ իր շահերն է առաջ տանում, չի նայում ՀՀ շահերին»,- պատասխանեց Սիմոնյանը։ «ՀՀ-ն Ռուսաստանի դեմ որևիցե քայլ չի անում, նա իր անվտանգությունը, իր քաղաքական ուղղությունն է ապահովում։ Շատ վատ բան է, որ մտածում ենք՝ կարո՞ղ ա ես էս մեկին բարև տամ, ինքը ջղայնանա»,- հավելեց ԱԺ նախագահը։

***

«ԵՔՀ գագաթնաժողովի ժամանակ Ալիևը տեսակապով ԵՄ պաշտոնյաների ներկայությամբ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին պատերազմի հանցագործներ է անվանում, արցախցիներին՝ սեպարատիստներ, որևէ ձևով Փաշինյանը չի արձագանքում։ Գուցե Փաշինյանը հիշեցնե՞ր, որ Ստեփանակերտում էլ եկեղեցիներ են ավերվում»,- դիմելով նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հարցրեց լրագրողը։ «Դուք մտնում եք մի քննարկման մեջ, որտեղ ՀՀ-ն իր շահերն այնքան է պահել, որ Ադրբեջանի նախագահը նախ ելույթ է ունենում, երկրորդ՝ այդ ելույթի ընթացքում խոսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին։ Ինչ վերաբերում է ասելիքներին՝ այդ ասելիքներն էնքան ենք ասել, որ եկել ենք հասել նրան, որ ունենք խաղաղության պայմանագիր, մեր հարաբերությունները հասել են նրան, որ մենք առևտուր ենք անում իրար հետ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին