Նյուդ-արտ նկարչուհի Արմինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Որտե՞ղ է ոստիկանությունը, երբ կեսօրին դրոնը ներխուժում է մարդու անձնական կյանք։
Այսօր, կեսօրին, դրոնը մոտեցել է իմ բնակարանի պատուհաններին և նպատակային նկարահանել է իմ տունը։ Այն պարզապես տարածքը չէր նկարում․ տեսախցիկը ուղղված էր դեպի իմ բնակարանի ներսը և դեպի ինձ։ Երբ ես գտնվում էի մի սենյակում, դրոնը նկարահանում էր այդ սենյակը։ Երբ տեղափոխվեցի սրահ, այն նույնպես տեղափոխվեց և շարունակեց նկարահանել ինձ արդեն այնտեղ։
Ես արդեն դիմել եմ ոստիկանություն, որպեսզի պարզվի, թե ինչ է տեղի ունեցել։ Սակայն ինձ համար անընդունելի է, որ որևէ մեկը կարող է օրը ցերեկով դրոնով մոտենալ բազմաբնակարան շենքի հինգերորդ հարկին և նկարահանել մարդու բնակարանի ներսը՝ կոպտորեն խախտելով նրա անձնական կյանքի և բնակարանի անձեռնմխելիությունը։
Եթե մենք խոսում ենք օրենքի և օրինականության մասին, ապա ակնկալում եմ, որ հայտնաբերվի այն անձը, ով իրականացրել է այս նկարահանումը։ Հաշվի առնելով, որ տվյալ տարածքում կան բազմաթիվ տեսահսկման խցիկներ, դժվար է պատկերացնել, որ հնարավոր չէ պարզել, թե ով է կառավարել այդ դրոնը։
Ես պահանջում եմ, որ այս դեպքը մանրակրկիտ քննվի, և պատասխանատվության ենթարկվի այն անձը, ով ներխուժել է իմ անձնական տարածք և խախտել իմ իրավունքները»։
Դիտեք նաև՝


