▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համայնքային հողամասը գնելուց 21 օր անց 14 անգամ թանկ վերավաճառվել է

 Հետք-ը գրում է.  Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի ղեկավարը 2019թ. քաղաքացիների և իրավաբանական անձանց համար ընդլայնման ենթակա մոտ 18 հա հողամասը ուղիղ վաճառքով օտարել է քաղաքացուն, որից 21 օր անց նույն հողատարածքը 14 անգամ թանկ գնով վերավաճառվել է շվեյցարաբնակ, հայ գործարար Վարտան Սիրմակեսին: Համայնքին պատճառվել է խոշոր վնաս:

Կառավարությունը 2017թ. դեկտեմբերի 14-ին որոշել է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ՓԲԸ-ն լուծարել: Ըստ այդ որոշման՝ ընկերությունը պետք է լուծարվեր ունեցած գույքը՝ 8.4 քմ ցախանոց, 94.8 քմ կիսաքանդ շինություն և 177.6 քմ պահեստ՝ ընդհանուր 280.8 քմ մակերեսով շինությունները դասական աճուրդով օտարելուց հետո:  

Կառավարության որոշման հիման վրա «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ընկերության տնօրենի 2019թ. մայիսի 30-ի հրամանով ստեղծվել է աճուրդային հանձնաժողով, իսկ աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատման արժեքի 100%-ի չափը՝ 2 մլն 604 հազ. դրամ:

Աճուրդը կայացել է 2019թ. հուլիսի 1-ին: Կազմված արձանագրության համաձայն՝ աճուրդում հաղթող է ճանաչվել միակ մասնակից՝ 2 մլն 604 հազ. դրամ առաջարկած Հովհաննես Պոնչուկյանը: Վերջինիս և «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ընկերության միջև կնքվել է Բալահովիտում գտնվող նշված շինությունների առուվաճառքի պայմանագիր:

Հարկ է նշել, որ աճուրդի հայտարարության մեջ վերը նշված շինությունները նկարագրելիս նշվել է նաև 18.397 հա մակերեսով հողամասի մասին:

Կառավարության 2006թ. մայիսի 25-ի որոշմամբ՝ 18.397 հա հողամասը՝ որպես սեփականություն, փոխանցվել է Բալահովիտ համայնքին: Սակայն, Բալահովիտ համայնքի ղեկավարի 2016թ. որոշումով նշված հողատարածքն անհատույց օգտագործման է տրվել «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» պետական ընկերությանը՝ իր կանոնադրային խնդիրները լուծելու նպատակով: Այսինքն՝ ընկերության լուծարումից հետո այդ հողամասի տնօրինման իրավունքը պատկանել է Բալահովիտ համայնքին:

Մինչդեռ Բալահովիտ համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018թ. հուլիսի 2-ի որոշումը, ինչպես նաև աճուրդով վաճառված անշարժ գուքի առուվաճառքի պայմանագիրը, համայնքի տարածքում գտնվող 18.397 հա հողատարածքը՝ 0.0336 հա արդյունաբերական օբյեկտները, 9.9517 հա «այլ հողատեսք», 8.412 հա հնդավոր հողատարածքները 2019թ. օգոստոսին որոշել է  ուղղակի վաճառքով օտարել աճուրդով գույքը ձեռք բերած Հովհաննես Պոնչուկյանին՝ գանձելով հողի կադաստրային լրիվ արժեքը՝ 16 մլն 201 հազ. 190 դրամ:

Դրա հիման վրա  Բալահովիտ համայնքի ղեկավար Կամո Գրիգորյանի և Հովհաննես Պոնչուկյանի միջև 2019թ. օգոստոսի 28-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Իսկ աճուրդի և ուղղակի վաճառքի պայմանագրերի հիման վրա 2019թ. սեպտեմբերին 18.397 հա հողատարածքի և 280.8 քմ մակերես ունեցող շինությունների նկատմամբ գրանցվել է Հովհաննես Պոնչուկյանի սեփականության իրավունքը:

Նշված անշարժ գույքը ձեռք բերելուց ընդամենը 21 օր հետո՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին, մոտ 263 մլն 541 հազ. դրամով, այսինքն օտարման գնից շուրջ 14 անգամ թանկ, օտարել է գործարար Վարտան Սիրմակեսին՝ վերջինիս հետ կնքելով անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Դրանից օրեր անց շինությունների և հողամասի նկատմամբ գրանցվել է Վարտան Սիրմակեսի սեփականության իրավունքը:

Սա այն դեպքում, երբ Բալահովիտ համայնքի ավագանու 2018թ. հուլիսի 2-ի որոշման մեջ նշված էր, որ մոտ 18 հա հողամասը քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար է: Հետևաբար ավագանին թույլատրել է համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասն օտարել ուղղակի վաճառքի ձևով՝ կադաստրային արժեքով, եթե նշված հողամասը համապատասխանում է որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու Կառավարության սահմանված չափորոշիչներին և չի գտնվում սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում:

Հաշվի առնելով, որ այս պարագայում խախտվել են համայնքի շահերը, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը  առաջարկել է արդեն խոշորացված Աբովյան համայնքի ավագանուն՝ համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցել դատարան: Քանի որ ավագանին հայց չի հարուցել՝ Գլխավոր դատախազությունը 2025թ. մայիսի 8-ին դիմել է վարչական դատարան ընդդեմ Աբովյան համայնքի ղեկավարի՝ Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում գտնվող 18.397 հա հողատարածքը Հովհաննես Պոնչուկյանին ուղղակի վաճառքով օտարելու որոշումն ու դրան հաջորդող գործարքներն առոչինչ ճանաչելու պահանջով:

Դատախազության դիրքորոշումն այն է, որ գործարքի ժամանակ գործող օրենսդրական կարգավորումներով՝ ընդլայնման նպատակով լրացուցիչ օտարվող հողամասի չափը չի կարող գերազանցել սեփականության իրավունքով տրամադրված (ձեռք բերված) հողամասի չափը։ Այս դեպքում սեփականության իրավունքով տրամադրվել էր 280.8քմ տարածք, որը չպետք է գերազանցվեր, մինչդեռ օտարվել է 18.397 հա տարածք։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին