Թարմացված-Բացահայտվել է 590 հազար դոլարի հափշտակության դեպքը, որը տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված է եղել. Հակակոռուպցիոն կոմիտե
Հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը, վերադարձվել է։ Ձերբակալված անձինք անհերքելի փաստերի ճնշման ներքո տվել են խոստովանական ցուցմունքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ մնացած՝ 11,200 դոլար գումարը հայտնաբերելու ուղղությամբ:
***
«Փաստինֆո»-ն գրում է, որ կայքին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենքից որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 ԱՄՆ դոլար գողանալու գործով։ Պարզվում է՝ այն եղել է շենքի 6-րդ հարկում պահվող միակ գումարը, որի մասին իմացել են վարչության բոլոր քննիչները։ Ընդ որում՝ այն պահվել է ամիսներ շարունակ։ Գումարը ՔԿ-ի դեպոզիտային հաշվին չի փոխանցվել անգամ գողության առաջին փորձից հետո։
«Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ գողության առաջին փորձը արձանագրվել է դեռեւս 2024 թվականի դեկտեմբերին ու դեպքի առթիվ անգամ վարույթ կա նախաձեռնված։ Բայց ՔԿ-ին կարծես թե չի մտահոգել նման մեծ գումարի առկայությունը շենքում ու ոչ էլ գողության փորձը, այլապես կձեռնարկեին փոլոր անհրաժեշտ քայլերը՝ այն բացահայտելու համար։ Սակայն քննություն որպես այդպիսիք չի արվել, փոխարենը՝ չարագործներն են մանրակրկին պլանավորել հերթական գողությունը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով, մեզ հաջողվեց պարզել, որ դա տեղի է ունեցել աշխատանքային ժամին՝ մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ի մոտակայքում ու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Նույն անցագրով անձի ելքն արձանագրվել է մայիսի 21-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում։ Այսինքն՝ նա շուրջ 16 ժամ մնացել է շենքում, հանգիստ հափշտակել գումարը, իսկ առավոտյան, երբ քննիչները սկսել են գալ աշխատանքի, նա հեռացել է։
Այս գործով ձերբակալված է 5-րդ վարչության պետը։ ՀԿԿ-ն հաստատել է «Փաստինֆո»-ի տեղեկությունները ու նշել, որ կա հարուցված վարույթ, մեկ ձերբակալված։ ՔԿ-ն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից, չկան պաշտոնանկություններ։ Կարծես նորմալ երեւույթ է՝ 590.000 դոլարը ՔԿ չհրկիզվող պահարանում պահելը՝ անգամ գողության առաջին փորձից հետո։ Գուցե հենց այդպես էլ պետք է լինե՞ր, գուցե գումարը պահվել էր հենց գողության համար։ ՔԿ նախագահը ոչ միայն պետք է պաշտոնանկ անի գլխավոր վարչության պետին, ոլորտը համակարգող ՔԿ նախագահի տեղակալին, այլեւ անձամբ հրաժարական տա՝ իր ղեկավարած կառույցում նման ամենաթողության համար։