▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Խաղաղության խաչմերուկ»-ը հնարավոր է Երևան-Բաքու, Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման դեպքում»․ Լավրով

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործումը հնարավոր կլինի Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատմական հարավային ռուսական հողերին նվիրված համաժողովում՝ անդրադառնալով Հարավային Կովկասում և այլ տարածաշրջաններում հաղորդակցային ուղիների և ենթակառուցվածքների հնարավոր ապաշրջափակմանը, այդ թվում՝ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հեռանկարներին։

«Հայկական կողմը մշակում է «Խաղաղության խաչմերուկ» անունով նախաձեռնությունը՝ ձգտելով ներառել իր տարածքն ու լոգիստիկ հնարավորությունները մայրցամաքային ընդհանուր խոշոր գործընթացներում։ Մենք կողմ ենք, որ բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը զարգանան»,-նշել է Լավրովը՝ հավելելով, որ գործնականում այդ նախաձեռնության իրագործման համար, այդուհանդերձ, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։

«Մենք անկեղծորեն մաղթում ենք նրանց հաջողություններ այս գործում։ Ակնհայտ է, որ համաձայնագրի համաձայնեցումը հնարավոր դարձավ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի մի քանի եռակողմ գագաթնաժողովների շնորհիվ։ Մենք պատրաստ ենք հետագայում ևս աջակցել, եթե երկու կողմերն էլ հետաքրքրված լինեն դրանով»,- ընդգծել է Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նշելով, որ հակամարտությունների հաղթահարումն ու այդ հակամարտությունների պատճառով արգելափակված տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը միանշանակ կօգնի տարածաշրջանի մրցունակության խթանմանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին