«Հրապարակ օրաթերթ»-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
- Գնահատեք իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը:
- Հայաստանը գտնվում է աննախադեպ, գոյութենական, արժեքային մարտահրավերի առաջ: Փաստացի, իշխանությունը բանական, ազգային, պետական շահից բխող քաղաքականություն չի վարում, անգամ չեմ կարող ասել, որ վարում է իրավիճակային քաղաքականություն, որովհետեւ իրավիճակայինն էլ է շատ բարձր նշաձող` այն վիճակի համար, որը մենք հիմա ապրում ենք: Օրից օր, հռետորաբանությունից հռետորաբանություն, սադրանքից սադրանք, հայհոյանքից հայհոյանք` Հայաստանը սիրող շարքային քաղաքացին անգամ չի ուզում առնչվել այդ քաղաքականության հետ, որովհետեւ գիտի, որ գնում է դեպի պետականության կորուստ: Իհարկե, ես նկատի չունեմ, թե մի օր մեր դրոշը կիջնի ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջեւից, բայց, ըստ էության, պետականության կորստյան վտանգ կա: Քչերիս մտքով կանցներ, որ մեր կյանքի օրերում այն սերունդը, որն իր հայրենիքի մի մասը՝ արեւելյան հատվածը հետ բերեց՝ բոլոր սխալներով հանդերձ, պետականության պայմաններում կարող էր հայրենիք, հազարավոր ոսկե կյանքեր զիջել եւ գտնվել մի վիճակում, երբ ժողովուրդը սեփական պետությունից օտարված է, իսկ Հայաստանը ներկայացնող մարդիկ շարունակում են պետական շահի հետ ոչ մի առնչություն չունեցող քաղաքականությունը: Վտանգ կա, որ կարող է անվերադարձ կորցնենք մեր սուբյեկտայնությունը, դա մեր աչքի առաջ է տեղի ունենում․ ոչ միայն գետնի վրա՝ ռազմի դաշտում, այլեւ դիվանագիտության մեջ՝ իշխանություն պահելու համար կամովին զիջելով, հերթ առ հերթ հանձնելով, ուրիշին մեղադրելով, եւ այդ քաղաքականությունը կաթում է դեպի կրթական ոլորտ, դեպի յուրաքանչյուր ասպարեզ եւ ինքնին ազգային անվտանգության խնդիր է հարուցում: Առաջին հերթին մարտահրավերը հայաստանյան է, որ մենք երբեւէ ունենանք հայաստանակենտրոն քաղաքականություն, որը ելնի միմիայն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից: Այդ բանը չենք տեսել եւ չենք տեսնում: Ես պատկանում եմ այն մարդկանց, որոնք հավատում են, որ բոլոր դեպքերում 7 տարի առաջ հայ ժողովուրդն անկեղծ պոռթկում ապրեց՝ անցյալի սխալներն ուղղելու, Հայաստանը ճիշտ ուղու վրա դնելու, շտկումներ կատարելու, ինքն ունեցավ իր ազգային ճախրանքը, բայց հետո տեսանք, թե ինչ տեղի ունեցավ:
- Ձեզ հասկանալի՞ է` ինչ տեղի ունեցավ: Նկատի չունեմ ժողովրդական էմոցիոնալ ֆոնը, այլ այն, թե ինչու եկան իշխանության: Սա ձախողումների շղթա՞ է, թե՞ ծրագիր:
- Ոչ մոդայիկ պատասխան տամ՝ չգիտեմ, ես հեռու եմ դավադրային տեսությունների զինվոր լինելուց, բայց 35 տարուց ավելի Հայաստանում ապրելուց հետո հասկանում եմ, որ դրանց որոշ կաթիլներ կարող է իսկապես ճշգրիտ լինեն, բայց առաջին հերթին պատասխանն այն է, որ նախորդած իշխանությունների սխալները՝ ներքին եւ արտաքին, մարդու իրավունքների՝ քաղաքական բանտարկյալների, ընտրությունների խնդիրները, նաեւ ազգային հարցերում դիրքորոշումները եւ վերջում՝ քաղաքական ագահությունը բերեցին նրան, որ ժողովուրդը ժայթքեց, եւ այդ պահին կար մի ուրիշ խումբ, խմբի ղեկավար, որն այդ ագահության հակառակ երեսն էր ներկայացնում, եւ իրենք օգտագործեցին այդ պահը՝ փորձելով լինել ժողովրդի սուրհանդակը՝ այդ զանցանքներն ուղղելու համար: Կարծում եմ, որ եթե նախորդ իշխանությունները, որի քննադատը ես եմ եղել, այլ ձեւով կարգավորեին կառավարման խնդիրը, իշխանության հարցը, խոստումներ չտային եւ հետո դրժեին, գուցե չունենայինք այդ պահը: Չեմ ուզում վերադառնալ իմ անձնական հետագծին, բայց կարող եմ ասել, որ եթե անգամ 2013-ին, երբ ես էի առաջնաբեմում՝ հարթակի վրա, այդ ընտրություններից հետո, որը ժողովրդի մեծ մասը համարեց գողացված, կոմպրոմիսային լուծում գտնվեր, ստեղծվեր ազգային միասնության կառավարություն, որը կներկայացներ ժողովրդի կամքը, միգուցե բումերանգի նման չվերադառնար այդ ամենը: Այնպես որ, կարծում եմ, որ նախորդ շրջանի ղեկավարները նույնպես իրենց պատասխանատվությունն ունեն, կարող էին կանխել, բայց դա չի փոխում այն տարրական, սկզբունքային եւ համապարփակ պատասխանատվությունը, որը կրում է գործող իշխանությունը, որը դարձավ ավելի հոռի, ավելի չար, ավելի ագահ, քան նախորդները՝ բոլորը միասին վերցրած: Չեմ կարող պնդել, որ ինչ-որ մեկի ուղեղում 10-20 տարի առաջ այդպես ծրագրավորված ուղղություն կար, կարծում եմ, որ այդ խմբակի մոտ կար մեկ նպատակ՝ իշխանություն վերցնելու, դա ծրագրված էր, եւ կար փորձ` զորակցություն հայցելու միջազգային տարբեր անկյուններից, բայց առանց ժողովրդի նեցուկի եւ բուռն մասնակցության իրենց գալն անհնարին կլիներ:
- Նկատի ունեմ այն, ինչ արեցին 7 տարում՝ հասկանալի՞ է իրենց գործողությունների մոտիվացիան:
- Չեմ ուզում իրենց նկատմամբ անարդար բան ասել, բայց իմ տպավորությունն է, որ ծրագիր ունենալն ու ըստ դրա հեռահար աշխատելն իրենց հասու չեն: Առօրեական, շահադիտական, սեփականն առաջ տանելու, նյութապաշտական, թե ոչնչապաշտական... եւ ուղղակի այն, թե ինչպես կարելի է տվյալ ժամանակահատվածի հոսանքն օգտագործել հանուն իրենց: Եթե առաջին շրջանում պետք էր ներկայանալ որպես ազգայնականներ, ներկայացան գերազգայնականներ՝ ոչ միայն Արցախի վերաբերյալ հայտնի հայտարարությամբ, այլեւ տավուշյան որոշակի հաջողություններից հետո` այդ ամենը որպես Սարդարապատ ներկայացնելը, այս ամենը տեղ տվեց այնպիսի մտայնության, որ տարածաշրջանն իրենցն է, ամեն ինչ լավ է գնում, բանակը խնդիր չունի: Իրենց ինքնահավանությունը, ագահությունը, փնթիությունը, ներողություն խոսքիս համար` այդ քաղաքական ռաբիսությունը բերեցին նրան, որ իրենք, նաեւ անվտանգության մարմինները, որոնք իրենցից կախված էին, անպատրաստ էին ընդունելու այդ հարվածները, որ հարեւան բռնապետը Թուրքիայի օգնությամբ իրականացրեց:
- Չե՞ք համարում, որ սա թուրքական ծրագիր է, Փաշինյանի խոսքը համընկնում է թուրքական թեզերին:
- Կարող է միեւնույնը լինել՝ թուրքական ծրագի՞ր է, թե՞ այն, ինչ եղավ, ուղղակի համապատասխանում է թուրքական շահին եւ նպատակին ու այն ծրագրին, որը Թուրքիան տասնամյակներով ունեցել է: Եվ եթե այսպես շարունակվի, կգնանք այդ ուղղությամբ: Իրենք կշարունակեն Արեւմուտք-Ռուսաստան բառախաղը, փոխանակ ազգային շահից ելնեն ու հնարավորություններ ստեղծեն, որ այդ հակադիր ուժերն ընդհանուր հայտարար գտնեն Հայաստանում, տանում են հակառակ ուղղությամբ: Սա պատասխանատվության առաջին հարթությունն է, եւ սրանից հետո բայցեր չկան, վերջակետ է: Միաժամանակ պետք է ասեմ, որ նույն մարդիկ, որոնք հիմա հետադարձ կերպով խոսք են ասում, օրինակ, Ռուսաստանի արտգործնախարարը, այլ պաշտոնյաներ, իրենք եւս միշտ չէ, որ եղել են մինչեւ վերջ անկեղծ ու հանդես են եկել որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր: Ուզում եմ ասել, որ ամեն մեկն իր շահին համապատասխան է գործում, բացի Հայաստանից: Եվ երբ ունենք այդ անհամաչափությունը, դժվար է խոսել որեւէ քաղաքականության մասին, որի շուրջ մենք կարող ենք բանականորեն բանավիճել: Իրենց համար ինչ պետք է, կանեն․ մի օր՝ ազգայնական, միացում, մյուս օրը՝ այնպիսի հերյուրանք, թե Արցախն առաջին օրվանից էր ճանաչված Ադրբեջանի մաս կամ Ալմա-Աթայով: Այո՛, Ռուսաստանն ունի իր դերակատարությունը, այո՛, բացի գեղեցիկ խոսքերից, որոնք, բարեբախտաբար, լինում են, Արեւմուտքն ունեցել է իր բացասական ազդեցությունը: Կարծում եմ՝ այն իշխանությունը, որը պետք է գա, մեր նոր սերունդը վերջապես պետք է առաջնորդվի հավաքական պատասխանատվությամբ եւ ոչ թե անհատի, փրկչի հետեւից գնալով, որքան էլ անհատներն իրենց խարիզմայով ու ինքնությամբ կարեւոր են, եւ, ամենակարեւորը` մենք պետք է հասկանանք, որ որքան էլ փոքրիկ ենք, հարվածված ու հյուծված, պետք է վերագտնենք հայաստանակենտրոն քաղաքականության հրամայականը, որովհետեւ առանց դրա մենք ոչ միայն կտարուբերվենք, սուբյեկտայնությունից հեռու կմնանք, այլեւ մեր հասարակությունը կշարունակի այս պառակտման տեղապտույտը:
- Դուք ունե՞ք տեսլական՝ ինչպես հասնել դրան: «Ժառանգությունը», Դուք՝ գործընթացներին ներգրավվելու ծրագրեր ունե՞ք:
- Ես՝ անձամբ, որպես «Ժառանգության» մասնիկ, կշարունակեմ այնպիսի մասնակցություն, ինչպես եղել է անցյալում, որը կսպասարկի քաղաքական եւ հասարակության համախմբմանը: Կուսակցական դրոշները վայր դնելու այդ կրկնվող առաջարկը «Ժառանգություն»-ից է սերել, եւ ես կարծում եմ, որ պետք է անենք այն, ինչ պետք է՝ այս վիճակը շտկելու համար, Հայաստանին շնչելու հնարավորություն տալու համար: Ես որեւէ մեկի դատավորը չեմ, կարծում եմ՝ ավելի առողջ մոտեցում է, որ յուրաքանչյուրը պատասխանատվություն կրի իր հետագծի համար՝ փոխանակ արդարանալու։ Դա ավելի առողջ կլինի ժողովրդի հետ շփվելու համար, բայց ես չէ, որ նախապայման պետք է դնեմ որեւէ մեկի համար: Կարծում եմ, որ անցյալի ձեւաչափերը չպետք է կրկնվեն, այդ ձեւաչափերը չեն բերել արդյունքի եւ հաջողության: Որեւէ երաշխիք չկա, բայց ես չեմ կարծում, որ միայն մեկ հոգուց է կախված այլընտրանքային հաջողությունը, սա պետք է լինի աննախադեպ, հայկական հոռի քաղաքական ավանդույթներից զերծ, նոր վերքաղաքական, վերկուսակցական մոտեցում, որը նեղ չէ, որն ընդգրկող է, որը բոլորի դրականն է ընդունում, բայց նաեւ ցանկանում է, որ յուրաքանչյուրը պատասխանատվություն վերցնի․ մենք՝ բոլորս, ով ինչ արեց, որ 7 տարի առաջ այսպես եղավ, եւ, միաժամանակ, մենք պետք է սա որպես քաղաքական ռազմավարական թիրախ վերցնենք, բոլորը պետք է կարողանան զսպել իրենց հնարավոր գործընկերների նկատմամբ: Սա չի վերաբերում միայն նախկին 2 ղեկավարներին, այլ բոլորին՝ այնպես անել, որ այս իշխող արհավիրքը չօգտագործի որեւէ բան՝ իրեն հերթական անգամ վերարտադրելու համար: Նախկին, ներկա․ ավելորդ դարձած այդ ածականները՝ մի կողմ, բայց որեւէ մեկը միանձնյա չի բռնում այդ բանալին, եթե կա նման պատրանք, հիմիկվանից պետք է փոխվի, պետք չէ գնալ այս գոյաբանական գոյամարտին՝ կրկնելով անցյալի ձեւաչափերը, լինի ընտրական, թե ընտրություններից դուրս: Պետք է նորարար լինի, Հայաստանի ներկա վիճակն ընդունի որպես հիմք: Ո՛չ Հայաստանն է նույնն այսօր, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմուտքը, շատ բան անկանխատեսելի է աշխարհում: Ցավերը շատ են, իմ հոր սերնդի, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հիմնադիրների, մեր սերնդի ներդրումները, պայքարը գրեթե ոչնչացման եզրին են, եթե ոչ` ոչնչացված: Ինչի՞ համար պայքարեցինք` որ Հայաստանը վետոյի իրավունք ունենա դիվանագիտական սեղանի շուրջ, եթե սա պետք է լիներ: Ամենահեշտ բանը կլիներ ցանկացած նախագահի համար, ինձ համար, ցանկացած պաշտոնյայի համար՝ ասել, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին, Ալմա-Աթան սա է նշանակում, մենք որեւէ խնդիր չունենք, ամենահեշտ բանը դա կլիներ: Սա է, որ ինձ հիմք է տալիս ասելու՝ այստեղ կա ոչնչապաշտության տարրական ֆոն, եւ սա մեզ բերում է այն իրականությանը, որ եթե մենք այս 1 տարվա ընթացքում ձեւը չգտնենք՝ մեր հետագա սերունդներին տալու այն հրաշքը, որ սկսվեց 1988 թվականից, բայց արդեն՝ մեկ այլ արարումով, մենք մեղսակից կդառնանք Հայաստանի պետական ինքնության կործանմանը: Ես չեմ ուզում, որ դա մեր սերնդի ավարտը լինի, ես հավատում եմ, որ պետք է կարողանանք ժառանգել մեր սերունդներին հայ մնալու, ապրելու, արարելու տարրական հնարավորություն, որը հույս կտա, որ ժամանակի ընթացքում կկարողանանք ոչ միայն կորցրածը հետ բերել, այլեւ հետապնդել մեր իրավունքները՝ ինքնորոշման, տարածքային ամբողջականության, հայրենիք ունենալու: Մենք պետք է վերադարձնենք իրավատեր լինելու գիտակցությունը: