Արցախյան ազատամարտի մասնակից, ազատամարտիկ, բարերար Հրանտ Թումասյանը նոյեմբերի 11-ին իր ֆեյսբուքյան էջում դրել էր մի մեկնաբնություն, համաձայն որի, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնելիս աշխատակիցներն իրեն արգելել են իր հետ տեղափոխել իր անվասայլակը և ցուցաբերել են կոպիտ վերաբերմունք:
Երկիր.am-ն է գրում ու նշում, որ կապ է հաստատել Հրանտ Թումասյանի հետ:
«Վերջինս տեղեկացրեց հատևյալը. «Նոյեմբերի 11-ին լույս առավոտյան պատրաստվում էի մեկնել ԱՄՆ: Ես պարբերաբար գալիս եմ Հայաստան և ինձ թվում էր, թե սովորականի պես պետք է խնդիրներ չլինեն: Մեկնումը 05:10 էր: Սկզբում պետք է մեկնեինք Լեհաստան՝ Վարշավա, իսկ այնուհետև՝ Լոս Անջելես: Բայց, անակնկալ կերպով օդանավակայանի աշխատակիցներն ինձ տեղեկացրին, որ ես անվասայլակս պետք է թողնեմ: Նրանք, որքան էլ տարօրինակ է, ինձ հետ բավական կոպիտ էին խոսում: Ես ասացի, որ եթե խնդիրը սայլակի մեջ է, ապա ես կքանդեմ սայլակը և կարող եմ հանձնել որպես ուղեբեռ: Իսկ նրանք ինձ ասացին, որ ընդամենը 20 րոպե է մնացել թռիչքին և պետք է սայլակս կամ տանեմ իրերի հանձնման հատված և կամ թողնեմ տեղում: Իմ բոլոր պնդումներին ու մեկնաբանություններին ի պատասխան՝ նրանք կոպիտ ձևով պատասխանեցին, որ իմ ասածներն իրենց չի հետաքրքրում և դա իրենց լիազորություններից դուրս է:
Մեծ դժվարությամբ հասանք Վարշավա, որտեղ Լեհաստանի օդանավակայանի աշխատակիցները ինձ ասացին, որ փնտրում են իմ անվասայլակը: Մի խոսքով, ինձ համար դժվարություններն ու փորձությունները սովորական են, որոնց պայմաններում էլ հասանք Լոս Անջելես: Այժմ ստիպված եմ այլ սայլակ վարձակալել՝ մինչև լուծվի իմ անվասայլակի հարցը: Ուղղակի շատ տգեղ, ոչ պատշաճ վերաբերմունք էր»:
Պարզեցինք, որ Հրանտ Թումասյանն անվասայլակին է հայտնվել արցախյան առաջին պատերազմի ժամանակ վիրավորվելու պատճառով: Չկորցնելով կամքն ու նվիրումը հայրենիքի նկատմամբ՝ նա շարունակել և այսօր էլ շարունակում է բազմաթիվ ծրագրեր իրագործել հանուն Հայաստանի: Նրա շնորհիվ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների նվիրաբերվել են անվասայլակներ, իսկ շատերին Հրանտի միջոցով ցուցաբերվել է տարբեր տեսակի աջակցություն: Աչքի անցկացնելով Հրանտ Թումասյանի ֆեյսբուքյան էջը՝ կարելի է տեսնել, թե որքան մարդիկ են նրան շնորհակալություն հայտնում ցուցաբերած աջակցության, այդ թվում՝ անվասայլակ նվիրաբերելու համար»,-գրում է սկզբնաղբյուրը:


