▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը մեղադրվում է շուրջ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ, նշված գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.985.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 20-ին ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը՝ 2.660.000 ԱՄՆ դոլարը, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի հանձնարարությամբ կազմակերպվել է կաշառքի մասնաբաժնի մնացած մասը փոխկապակցված անձի միջոցով գործարարի կողմից տալու գործընթացը, որի արդյունքում 2008 թվականի ապրիլի 3-ին և 21-ին նշված անձի բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխանաբար՝ 200.000 ԱՄՆ դոլար և 125.000 ԱՄՆ դոլար` նշված գումարների փոխանցման նպատակը ձևակերպելով որպես «բարեգործություն», որով մարվել են ՀՀ նախագահի երդմնակալության և դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ օդապարիկներ վարձակալելու, ինչպես նաև այդ միջոցառման ընթացքում ծախսված այլ գումարների ծախսերը:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթից նրա վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հերթական կեղծ մեղադրանքն է փաթեթավորել, որն արժանանալու է մնացած բոլոր գործերի ճակատագրին` պայթելու է և ցույց է տալու գործող կառավարիչների քաղաքական մերկությունն ու սնանկությունը:
Վերջին շրջանում իշխանությունը միանգամից մի քանի ճակատով է գործում` մի քանի գործերով զուգահեռ գրոհում է:
Իշխանությունը համարում է, որ ինքը կորցնելու բան չունի, որովհետև պետության փողն է վատնվում է քննչական, դատախազական, դատական տիրույթում, իսկ ակնկալիքն այն է, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հավելյալ ռեսուրս կծախսեն այս գործընթացի քաղաքական և ժամանակային իմաստով, իսկ քարոզչական մասով էլ փորձում են անել անհնարինը` հանրությանը համոզել մի բանում, ինչը 7 տարի է չի ստացվում:
Կեղծ մեղադրանքներն ու դատական նիստերը քաղաքական ընդդիմախոսների դեմ գործածվող այն գործիքներից է, որով փորձ է արվում տարբեր գործիչներին շեղել քաղաքական կենտրոնացումից և էական ժամանակ վատնել այլ տիրույթում»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին