«Հրապարակ օրաթերթ»-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ
Սկիզբը՝ այստեղ
- Պարոն Հովհաննիսյան, հավատո՞ւմ եք Ադրբեջանի հետ խաղաղության հնարավորությանը՝ կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում:
- Ոչ, չեմ հավատում: Ես քիչ թե շատ՝ որպես մարդ, քաղաքացի, գործիչ, պատմաբանի որդի, առնչվել եմ այսօրվա իրական Ադրբեջանին, նրա ղեկավարների քաղաքականությանը եւ մոտեցումներին: Իրենք կանգ չեն առնելու՝ իրենց ավագ եղբոր հետ մեկտեղ: Իրենք շարունակելու են իրենց ուղղահայաց իջեցումը Հայաստանի վրա, երբ պետք է՝ զենքով կանեն, երբ պետք չէ, դրան չեն հասնի, որովհետեւ Հայաստանի նման իշխանությունն արդեն առանց զենքի է ամեն ինչ զիջում: Այս վիճակում, երբ ուժերի հավասարակշռությունը, ռազմավարական բալանսն այնպիսին է, ինչպիսին որ կա, երբ Հայաստանն առանց որեւէ շրջապատի, առանց ուրիշների հետ շահերի համադրման է, իսկ մյուս կողմում Թուրքիան ու Ադրբեջանն են, այդպես շարունակվելու է: Սա առնչվում է նաեւ այն վիճաբանությանը, թե խաղաղության որ առաջարկն էր ավելի լավը: Դուք գիտեք, որ ես՝ որպես արտգործնախարար, որպես միջազգային իրավաբան եւ հայ մարդ, կողմնակից եմ Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը՝ որպես սկզբունք, որը թույլ կտար ուրիշ պետություններին Հայաստանի օրինակը դիտարկել։ Իհարկե, կարծիք կար, որ դա կբերի պատերազմի, մինչդեռ Ադրբեջանը միշտ է նախապայման դրել, ասել է, որ Արցախը երբեք անկախ չի լինելու, բայց մենք բանակցային պրոցեսը շարունակել ենք: Ես կարող եմ ասել, որ ժամանակի մեջ հերթով այդ բոլոր առաջարկները չէին համապատասխանում հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի շահերին, բոլորը հավասարապես վատն էին, բայց եթե մենք վերցնենք հետադարձ հայացքով՝ առանձին-առանձին, կասենք, որ դրանից որեւէ մեկն էլ որ լիներ, մեզ համար հրաշալի կլիներ: Մեր սերունդը չի կարող թողնել, որ իր գոյության օրերին մենք կորցնենք մեր հայրենիքի մի մասը՝ ոչ թե օտար կայսրության, այլ սեփական պետականության պայմաններում: Առաջին անգամն է մեր պատմության մեջ, որ Արցախում հայ չի ապրում: Սա հզոր պատասխանատվություն է, ունի իր գրադացիաները, բայց հանցանքի, պատասխանատվության շատ հստակ բուրգ կա՝ առաջին հերթին, առանց որեւէ բայց-երի՝ գործող իշխանն իր խմբով է պատասխանատու, հետո՝ միայն մենք՝ որպես քաղաքացիներ, նախորդ իշխանությունները, օտար դերակատարները՝ իրենց շահերին համապատասխան: Մենք պետք է հասկանանք, որ պատասխանատվությունը պատկանում է մեզ, որ թույլ ենք տվել այս վիճակը, եւ առաջին հերթին վարչապետին, որը տվել է այդ երդումը, որ այսպես չլինի:
- Դուք ունե՞ք պատկերացում՝ ինչպես Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից:
- Ունեմ պատկերացումներ, բայց չունեմ կանխակալ, մարգարեներից ստացած ինչ-որ հրահանգ, ի տարբերություն ուրիշների, որոնք այդ մարգարեների հետ խոսում են: Կարծում եմ՝ հնարավոր բոլոր եղանակներով պետք է այդ պայքարը գնա, որովհետեւ գործոնները միշտ փոփոխական են, եւ կարող է ինչ-որ մի տարածության ու ժամանակի մեջ գործոնների այնպիսի խաչմերուկ լինել, որը կանխատեսելի չէ, ուստի կարծում եմ, որ քաղաքացու մասնակցությունից մինչեւ մասնագիտական գործունեություն, հանրային պոռթկումից մինչեւ ընտրական եւ խորհրդարանական գործընթացներ, այդ ամենը պետք է դիտարկվի, բայց, ցավոք, որ հիմա նայում ենք, այդ ամենը հիմա ավելի բացասական, պառակտիչ տպավորություն է թողնում, քան միավորող: Այս տարիների ընթացքում «Ժառանգություն»-ը, ես՝ անձամբ, մեր գրասենյակում փորձել ենք լուռ, առանց հանրային կամ տեղեկատվական մեծ գովազդների, հավաքել ամենատարբեր հոսանքներին, գործիչներին՝ ժողովրդին ցույց տալու համար, որ կարելի է ունենալ ռազմավարական նշանակության եւ հավաքական պատասխանատվության վրա հիմնված այլընտրանք, որ երբ հարցը հնչի՝ եթե ոչ ինքը, ապա ո՞վ, ցույց տանք, որ դա հարցադրում է, որը կարելի է լուծել: Ցավոք, մեր տարատեսակ փորձերը չեն պսակվել հաջողությամբ, տարբեր պատճառներով՝ անձնական, գուցե ժամանակն էր սխալ ընտրված, գուցե ես էի սխալ վարում ժողովը: Չգիտեմ, բայց անհրաժեշտ է, որ դա տեղի ունենա: Մարդու հետեւից գնալը հայաստանյան պայմաններում մեզ բերելու է փակուղու, իմ պատկերացմամբ՝ այդ համախմբումը պետք է լինի ավելի լայն, ներառական հարթակ, որտեղ որոշումների կայացումն ու պատասխանատվությունը պետք է հավաքական ու ընդհանրական լինեն, որտեղ հակակշիռների ու զսպումների մեխանիզմներ պետք է լինեն, եւ որը մեր ժողովրդին պետք է ներկայացնի շատ բանական, հանգիստ, տարողունակ, բայց իրավունքների վրա հիմնված մի առաջարկ:
- Ցավոք, Հայաստանի ընդդիմադիր պայքարի քաղաքական պատմությունը ցույց է տալիս, որ այդ ձեւաչափը չի ստացվում:
- Մենք տեսել ենք շատ լավ նախաձեռնություններ, որոնք հիմնված են եղել մեկ խարիզմատիկ մարդու, կուսակցության փոքր խմբի վրա: Այս վիճակում շատ դժվարին պայքար է, ես միշտ եղել եմ ներկա, զորակից՝ որպես քաղաքացի, բայց, իմ կարծիքով, լուծումները, հարթակները, բովանդակությունը, որոշումների կայացման մեխանիզմն այլ պետք է լինեն: Մենք պետք է լինենք ոչ թե քաղաքական հոսանքներ․ մեկը՝ աջ, մեկը՝ ձախ, մյուսը` Արեւմուտք, մյուսը՝ Ռուսաստան, այլընտրանքը պետք է լինի ինստիտուցիոնալ, հանրակարգային: Պետք է լինի պետական այլընտրանք, որի յուրաքանչյուր խոսքն ու քայլը պետք է ելնեն Հայաստանի շահերից: Հասարակության մեջ բազմազանություն պետք է լինի, այդ տարբեր հոսանքները պետք է լինեն, դա նույնիսկ կառուցողական է, բայց մենք պետք է կարողանանք ստեղծել պետական նշանակության այլընտրանք: