▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

***

***

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիսի մեկնարկին հայտնեց պատճառները, թե ինչու երկար ժամանակ ասուլիսով հանդես չէր գալիս․ «Առաջինը՝ կարծիք կար, որ իմ ակտիվությունը խանգարում էր քաղաքական դաշտում ուրիշներին կայանալ։ Համաձայն չէի, բայց որոշեցի հնարավորություն տալ նրանց կայանալ։ Ես չէի խոսում, բայց իմ մասին խոսում էին և հիմնականում նրանք, ովքեր ուզում էին, որ ես չխոսեմ։ Երկրորդ պատճառն այն էր, որ մտածեցի՝ միգուցե ճիշտ է վարչապետին թողնել մենակ իր ընտրազանգվածի հետ, որ ինքը բացատրի 600 հազար վարչապետներին, թե ինչո՞ւ է իրենց կյանքը վատանում։ Կարծում եմ՝ սա ինչ-որ տեղ աշխատեց, «ստապետությունը» սկսել է յուղ վառել. դա իմ բառը չէ, ձեզնից մեկն է այդ բառը բավականին ակտիվ կիրառել վերջերս»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ աշխարհաքաղաքական զարգացումներն են պատճառը, որ որոշել է հիմա ասուլիս տալ։

***

«Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացը մտցրեց փակուղի, իսկ «Արցախը Հայաստան է և վերջ» ասելով՝ բերեց պատերազմ։ Տպավարություն էր, թե այդ ընթացքում ինքն ամենից «ոչ մի թիզական» ղեկավարն էր պատմության մեջ։ Պատերազմում պարտվելուց հետո ոչ մի թիզական Ռեմբոն դարձավ աշխարհաքաղաքկան Գիքոր»»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ, համանախագահների առաջարկները լսելով, հնարավոր էր խուսափել պատերազմից։ Նրա խոսքով, Արցախը հանձնվեց մեծամտության, հաշվարկներ անելու անընդունակության և արկածախնդրության արդյունքում։ Խոսելով աշխարհակարգի փոփոխման մասին՝ Քոչարյանը նշեց, որ Հայաստանի համար տիրող իրավիճակում ճիշտ պահը չէ փոխել աշխարհաքաղաքական վեկտորը․ «Հեռանում ենք այն կենտրոնից, որն ուժեղանում է, գնում ենք այն կենտրոն, որը թուլանում է»,- ասաց Քոչարյանը։

***

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն ինչ մոռանալ»,- ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններին։ «Եթե Թրամփը հայտարարում է, որ՝ կցանկանար ՌԴ-ն վերադառնար G7, նշանակում է՝ ամբողջությամբ նոր հնարավորություններ են բացվում նաև Հայաստանի համար։ Պարտադիր չէ թռնել Արևմուտքի գրպանը, կարող ես որպես գործընկեր ճիշտ քաղաքականություն վարել ՌԴ-ի հետ՝ չթշնամանալով Արևմուտքի հետ։ Այդ պատուհանը բացվում է։ Բայց ՀՀ-ն այդ մակարդակով ինչ-որ տեղ թշնամացրել է իրեն Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի ընկալումը Հայաստանում այսօր լավը չէ, քանի որ գործում էինք սխալներ և սովորության համաձայն գցում էինք Ռուսաստանի վրա, սա անհետք չի անցնելու»,- ասաց Քոչարյանը։

***

«Շրջափակման ժամանակ մշտական կապի մեջ եմ եղել Ղարաբաղում Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ։ Իր հրաժարականի հարցն անձամբ Հարությունյանը սկսել է քննարկել Ղարաբաղի անկումից մոտ երեք ամիս առաջ։ Այն ինչ կատարվեց վերջին շաբաթը, դա նրա կողմից հրաժարականի 3-րդ փորձն էր»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Արցախում օկուպացիայից առաջ տեղի ունեցած իրադարձություններին։ «Ամեն անգամ հավաքվում էին, Հարությունյանը քննարկում էր կազմակերպում՝ ասելով, որ այլևս ազդեցություն չունի, խոսքը տեղ չի հասնում, չի ձգում, իր հրաժարականը ճիշտ է։ Ամեն անգամ Բակո Սահակյանը համոզել է դա չանել։ Վերջին անգամ հայտարարել է, որ մեկ է՝ հրաժարական է տալու։ Ինքը անձամբ փորձում էր համոզել մարդկանց՝ ստանձնել իշխանությունը։ Շահրամանյանը միակը չէր, առնվազն երեք հոգու էր Հարությունյանը համոզում, անուններ չեմ տալիս։ Ի՞նչ հեղաշրջում, ինչի՞ մասին է խոսքը, Փաշինյանը գիտեր՝ Արայիկ Հարությունյանն ուզում է հրաժարական տալ։ Շահարկում էին, որ շնորհավորել եմ Շահրամանյանին։ Ինձ խնդրել են, որ նրան շնորհավորեմ, քանի որ նա այդ դժվարին պահին համաձայնվել էր պարտավորություն ստանձնել»,- ասաց Քոչարյանը։

***

«Համանախագահները փորձում էին տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումն «ամուսնացնել»»,- ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով Մեղրիի վերաբերյալ հարցին։

«Բանակցային ամբողջ գործընթացը մինչև 1999թ․ հետևյալ բովանդակությունն ուներ՝ համանախագահողները չէին ցանկանում դուրս գալ տարածքային ամբողջականության սկզբունքից։ Միշտ փորձել են տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումն «ամուսնացնել»։ Վաշինգթոնում Ալիևն առաջարկել է՝ «եկեք իրարից պոկվենք, անջատվենք»։ Այս առաջարկում ես տեսել եմ հնարավորություն՝ ջարդելու համանախագահների կարծրատիպը։ Այո՛, մենք բանակցում էինք դա (Մեղրիի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի հետ-խմբ․), ինքն առաջարկում էր դա, ես ասում էի՝ մենք չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը, պրոցեսը շահավետ էր ինձ համար, բայց առաջին օրից ես չէի կասկածում, որ այս քննարկումները բերելու են մեզ համար ընդունելի տարբերակի։ Ինչո՞ւ, որովհետև այդ ընթացքում Ալիևն, այնուամենայնիվ, ստանում էր վեց շրջան, կար մոտիվացիա, որովհետև ինքը ստանալու բան ուներ»,- նշում է Քոչարյանը՝ պատասխանելով նաև հարցին, թե Վազգեն Սարգսյանը տեղյա՞կ է եղել բանակցային մանրամասներին․ «Վազգեն Սարգսյանը տեղյակ էր բանակցային բոլոր մանրամասներից, ամեն ինչից, նա հանրապետության վարչապետն էր, խորհրդարանական մեծամասնության ղեկավարն էր, որևիցե լուծում առանց իր համաձայնության հնարավոր չէր: Ինքն առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը մասնակցել է այդ հանդիպմանը»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով․ «Ինչո՞ւ է հիմա տաքացել այդ թեման, որովհետև կա միջանցքի հարց և ՀՀ իշխանությունը մի ցանկություն ունի, անել դա և ասել` «վայ, մենք ինչ կապ ունենք, դա վաղուց հանձնած էր»,- ասաց Քոչարյանը:

***

«Տեսականորեն Հայաստանը և Ադրբեջանը կարող են հասնել խաղաղության, սակայն այն ֆորմատով, որ այսօր են բանակցում, դա խաղաղություն չէ։ Ադրբեջանի հետ բանակցում են առանց միջնորդի, ըստ էության, այդ փաստաթղթերին երաշխավորող որևէ պետություն չի լինելու»,- ասուլիսի ժամանակ ասաց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ պատերազմը զսպելու համար պետք են երաշխավորներ։ «Կայուն խաղաղության համար որևէ գործոն չեմ տեսնում։ Բանակցային գործընթացը չպետք է հասներ այս կետին։ Նրանց մի թուղթ է պետք՝ թմբկահարելու համար, թե խաղաղություն են բերել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի նշած «Խաղաղության խաչմերուկ»-ն իրականում տուպիկ է։

***

«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն այս պայմաններում հիմարություն է»,- ասուլիս ժամանակ ասաց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ եթե հիմա այն լուծարվի, այլևս դժվար կլինի միջազգային նման ձևաչափ ստեղծելը։

«Անընդհատ նույն պատմությունն է կրկնվում, անընդհատ նույն պատին են գլխով հարվածում։ Ճակատները մազոլ ա դարձել, բայց արդեն իրենցը չէ, երկրինն է դարձել հարվածներից»,- ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով, ՀՀ իշխանությունները քաղաքական կամք չեն դրսևորում․ «Ադրբեջանի նախագահն ինչ ասես՝ չի ասում, որևէ պատասխան լսե՞լ եք։ Ալիևը Փաշինյանին ասում է՝ հարբեցող կլոուն, օքե՞յ է»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ այս ամենը նախկինում կատարված քայլերի հետևանք է։

***

«ՀՀ ղեկավարն ասում է` այս սարի համար ես չեմ կռվելու, 9 ամիս ձյուն է, ուրիշն ինչի՞ պիտի գա կռվի»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` խոսելով ՀԱՊԿ-ի հանդեպ ստեղծված վերաբերմունքի մասին․ «Եթե դու ինքդ չես կռվում քո տարածքների համար, ոչ մեկը չի կռվելու։ Եթե քո շտաբի պետն ասում է` ադրբեջանցիները սոված կմնան, դուրս կգնան, հանճարեղ է։ Դուք ուզում եք այդ տրամադրությամբ մեկը գա ձեզ հետ կռվի՞։ Կարելի է պարտվել պատերազմում, բայց եթե դու պարտվում ես քո գլխում, եթե դու ոչ միայն պարտված ես, այլ չոքած, ոչ մեկը չի կանգնելու կողքիդ, որովհետև դու այլևս վստահելի գործընկեր չես»,- ասաց Քոչարյանը։

***

«Լևոն Տեր-Պետրոսյանը քանիցս նշել է, որ եթե 1998 թվականին հրաժարական չտար, դուք, Վազգեն Սարգսյանը և Սերժ Սարգսյանը պատրաստ էիք քաղաքացիական պատերազմի մեջ մտնել։ Այդ պնդման հիմքերից է նաև այն, որ դուք երեքով հրաժարվել էիք հրաժարական տալ։ Ձեր հուշերի գրքում գրել էիք, որ եթե նախագահն ազատեր ձեզ պաշտոնից, պայքարելու էիք․ կա՞ր զարգացման սցենար։ Բազմաթիվ գործիչներ 1998 թվականի կատարվածը որակում են որպես պալատական, նաև ռազմաքաղաքական հեղաշրջում, կիսո՞ւմ եք այս կարծիքները»,- հարցն ասուլիսի ժամանակ ուղղվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին ի պատասխան նա ասաց․ «Այն ժամանակ սմս-ներով չէին ազատում, բայց այն ժամանակվա սահմանադրությամբ նախագահի իշխանությունը գրեթե անսահման էր, իսկ ինչո՞ւ չի ազատել։ Ես առաջնային մանդատ ունեի Ղարաբաղում, որից հրաժարվել եմ, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր խնդրել գալ Հայաստան։ Լևոն Տեր-Պետրոսյանին ասացի՝ չնեղանաս, քեզ որպես շեֆ չեմ կարող ընդունել, ես վաղուց շեֆ չեմ ունեցել։ Իսկ դուք ենթադրում եք՝ եթե ինձ ազատեր, ես չպետք է պայքարեի՞, եթե խոսքը գնում էր Ղարաբաղի մասին... իհարկե, պետք է պայքարեի»:

***

«Այսօր ղարաբաղցիների՝ Ղարաբաղ վերադառնալու միակ ճանապարհը նոյեմբերի 9-ի փաստաթղթից կառչելն է»,- ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը․ «Եթե Ադրբեջանն ասում է` ճանապարհ, մենք պիտի ասենք` այդ ճանապարհը հայտարարության մի կետն է, եթե դուք պատրաստ եք այդ հայտարարության ամբողջական վերադարձին, նստենք, քննարկենք։ Բայց իմ տպավորությամբ այս իշխանությունը չի ուզում, որ ղարաբաղցիները վերադառնան, որովհետև դա իրենց կյանքը կարող է բարդացնել»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ նշելով, որ արցախցիների վերադարձը ենթադրում է երաշխիքների փաթեթ, որը պետք է ձևավորվի բանակցությունների արդյունքում։

***

«Երկու աթոռի վրա միաժամանակ չես կարող նստել, քամակդ պետք է երեք մետրանոց լինի, էդ էլ չունես։ Մեր երկրի համար հետևանքներն անկասկած շատ ծանր են լինելու»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության գործընթացին․ «Այսօր ԵՄ-ն լուրջ ճգնաժամի մեջ է․ առաջնորդության ճգնաժամ, իմաստային ճգնաժամ և տնտեսական ճգնաժամ։ ԵՄ-ն չի փլուզվելու, բայց ստիպված է լինելու լուրջ բարեփոխումներ անել։ Եվ առաջին հերթին սառեցնելու է Եվրոմիությանը միանալու բոլոր գործընթացները։ Դու գնում ես մի տեղ, որտեղ քեզ չեն սպասում ընդհանրապես։ Դու գնում ես մի տեղ, որը բավականին պրոբլեմատիկ է իրենով և դրանով փչացնում ես քո հարաբերություններն այն համակարգում, որտեղ այսօր դու կաս»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ ԵՄ մտնելու հեռանկար գրեթե չկա, բայց գործընթաց են սկսել, որովհետև ԵՄ-ի ընկալումը մարդկանց մոտ դրական է, նույնիսկ «եվրոռեմոնտ» արտահայտություն կա, որը նշանակում է լավ վերանորոգում։ «Մարդկանց խաբելու հերթական քայլն է, ենթադրում եմ` ընտրությունների համար է արվում»,- ասաց Քոչարյանը։

***

Ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված շինծու գործերով դատավարությանը, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ այնտեղ դատվում է Հայաստանի Հանրապետությունը։ Հարցին՝ ի՞նչ է ընդդմությունն անում գերիների վերադարձի հարցում, Քոչարյանը պատասխանեց․ «Ի՞նչ կարող է ընդդիմությունն անել գերիներին վերադարձնելու համար։ Ինձ համար անհասկանալի է՝ ինչի այստեղ գտնվող ղարաբաղցիները դրա մասին շատ չեն խոսում։ Այդ հարցում իշխանությունը կարող է քայլեր անել, լծակներ ունի, այդ մարդկանց ճակատագիրը պիտի լինի յուրաքանչյուր բանակցային սեղանին։ Հռոմի ստատուտին միանալուց հիշո՞ւմ եք` ինչ հայտարարություններ էին անում` հեսա կդատենք Ալիևին, մյուսներին․․․ պարզվեց նրա համար էր, որ ՌԴ նախագահը չկարողանա գալ Հայաստան։ Այսօր Ադրբեջանում դատվում է Հայաստանը, ամեն ինչ անելու են, որ ցույց տան, թե էն, ինչ եղել է Ղարաբաղում, էն գլխից Հայաստանն է սարքել Ադրբեջանի գլխին»,- ասաց Քոչարյանը։

***

Սփյուռքի մասնկացությունը ՀՀ կյանքում շատ նպատակաուղղված ձևով նվազեցրել են։ Ասուլիսին նման տեսակետ հատնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես պատճառ նշելով որոշ գործիչների՝ ՀՀ մուտքի արգելքը․ «Ինչի մարդ չկա՞ր սփյուռքում, որ ինձ քննադատում էր, իհարկե կար, բայց իմ մտքով չէր անցնի, որ որևէ հայի մուտքը Հայաստան կարելի է արգելել։ Կամ այն ռուս քաղաքական գործիչների մուտքն արգելել Հայաստան, որոնք իրենց քաղաքական գործունեությամբ միշտ ՀՀ-ի կողքին են եղել, օրինակ, Զատուլինի. ապերախտության գագաթնակետն է։ Դրանից հետո գիտե՞ք` ինչ են ասում, ավելի լավ է՝ էս հայերից հեռու մնանք, սրանք «գցող» են»,- ասաց Քոչարյանը` հավելելով, որ Հայաստանը սփյուռքով և առանց սփյուռքի տարբեր քաշային կարգերում է։

***

««Հայաստան» դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներին՝ լինի թե՛ փողոցային պայքար, թե՛ ընտրություններ»,- ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ 2026 թվականի ընտրություններին կմասնակցեն այն ձևաչափով, որն առավել իրատեսական կլինի․ «Կոնկրետ բան այս պահին չեմ կարող ասել, որովհետև դաշինքում դեռ չենք քննարկել այս հարցը»,- ասաց Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինքը կգլխավորի ընտրական ցուցա՞կը, թե՞ որդին՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Արձագանքելով մյուս հարցին, թե «դատելով Փաշինյանի ագրեսիվ վերաբերմունքից, գուցե նրան կալանավորեն, արդյո՞ք հոգեպես պատրաստ է վերադառնալ ԱԱԾ-ի մեկուսարան», ասաց․ «Մի քիչ էլ կարոտում եմ։ Չե՛մ վախենում, չե՛մ վախեցել, չե՛մ վախենալու»:

***

«Իմ համակիրների մեջ կա մի զանգված, որ չեն ընդունում 3-րդ նախագահին, նույնպես 3-րդ նախագահի համակիրների մեջ կան մարդիկ, որ ինձ չեն ընդունում։ Մենք մեր մասով փորձում ենք ինչ-որ բան զսպել, բայց բոլորի հանդեպ վերահսկողություն չենք կարող հաստատել»,- ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների և նրանց համակիրների հեռավար բանավեճի վերաբերյալ հարցին․ «Երբ ասում են` ինչո՞ւ ձեր ուժերը չեք միացնում, պատասխանեմ, որովհետև դա երբեք ինքնանպատակ չի արվում։ Ինչո՞ւ եք ուզում, որ կատարենք իռացիոնալ քայլ, որի արդյունքը կասկածելի է։ Եթե մենք փորձենք միասին ինչ-որ բան անել, իմ համակիրների մի մասը, որոնք չեն ընդունում 3-րդ նախագահին, կհիասթափվեն և կհեռանան։ Նման պատկերն ունենք 3-րդ նախագահի թիմում»,- ասաց Քոչարյանը։
Իսկ հարցին, թե ինչո՞ւ Քոչարյանը չի ասում՝ Արցախ, այլ Ղարաբաղ, պատասխանեց․ «Ես կամ ասում եմ Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն»։

***

«Դուք ևս կրում եք պատասխանատվություն Արցախի կորստի համար, քանի որ մենք չտեսանք ձեր կողմից առավելագույնը։ Թե՛ արցախցիները, թե՛ ՀՀ քաղաքացիները, ովքեր թքած չունեին Արցախի կորստի վրա, հրապարակում էին, առաջնորդ էին փնտրում, բայց դուք այնտեղ չէիք։ Ինչպե՞ս ստացվեց, որ կարողացաք «կրել» համաժողովրդական սեր վայելող Կարեն Դեմիրճյանին, հետո նրա որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին, բայց չեք կարողանում կրել Արցախը հանձնած Փաշինյանին, գուցե որովհետև իշխանական լծակներ չունեի՞ք։ Դուք լեգիտիմացրեցիք խորհրդարանը»,- Ռոբերտ Քոչարյանին ուղղված այս հարցից հետո ասուլիսի մթնոլորտը փոքր-ինչ լարվեց։ Ասուլիսը վարող Ագնեսա Խամոյանը պահանջեց լրագրող Անի Գևորգյանին դադարեցնել ելույթը և խոսափողը հանձնել գործընկերներին։ Սակայն Քոչարյանն այնուամենայնիվ պատասխանեց լրագրողի հարցերին՝ ասելով, որ ընտրություններում չհաղթեց, քանի որ քաղաքացիները բավարար չափով քվե չէին տվել։ «Իսկ ինչ վերաբերվում է հրապարակ չգնալուն, ապա այնտեղ է եղել իմ ամբողջ թիմը, իսկ ես կապի մեջ էի Բակո Սահակյանի և մյուսների հետ՝ առաջարկելով տարբերակներ գտնել իրենց այնտեղից հանելու համար, այդ ժամանակ իմ մտահոգությունը դա էր։ Դրանով էի զբաղված, ոչ թե հանրահավաքով։ Շատ բան չեմ կարող ասել, կգա ժամանակը՝ դրա մասին կպատմեմ»,- պատասխանեց Քոչարյանը։

***

«Այո՛, ընտրություններով հնարավոր է հաղթել»,- ասուլիսին ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Փաշինյանին հնարավո՞ր է ընտրությունների միջոցով հաղթել․ «Եթե ստախոսությանը չի կարելի հաղթել, ապա աշխարհում արդարություն և ճշմարտախոսություն չպետք է գոյություն ունենա»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը՝ նշելով, որ ընդդիմության վարկանիշը թեև հիմա ցածր է, բայց այդպես չի մնալու, իսկ թե ինչ դեմքով է ընդդիմությունը մասնակցելու ընտրություններին, այսօր դժվար է պատկերացնել:

***

«Չհաջողվեց, քանի որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի բարձր էր։ Չի հաջողվել կուտակել այն էներգիան և ունենալ ակտիվ գործողությունների պատրաստ այն քանակը, որը կբերեր իշխանափոխության»,- ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Փաշինյանի հեռացման պահանջով մարդաշատ հանրահավաքներն արդյունք չտվեցին․ «Սխալի արդյունք էր, թե ուղղակի ժամանակավրեպ ակտիվություն, չգիտեմ։ Խնդիրը միայն այնտեղ չէ, թե քաղաքական ակտիվ զանգվածն ինչպիսի բավարար ջանքեր է գործադրել, այլ նաև այնտեղ, թե որքանով է իշխանությունը կառչած իր աթոռին։ Հետագայում մենք պատրաստ ենք լինել ավելի վճռական, հիմա հասարակությունն ավելի պատրաստ է պայքարի։ Հաջորդ հնարավոր փուլը կարող է ավելի հաջողված լինել»,- ասաց Քոչարյանը։

***

Ասուլիսի ժամանակ, անդրադառնալով վերջին շրջանում քաղաքացիների դժգոհությունն առաջացրած թեմաներին՝ տրանսպորտի թանկացում, համընդհանուր հայտարարագրում, Քոչարյանը դրանք անընդունելի համարեց․ «ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լուծելու համար»,- ասաց նա։ Քոչարյանի խոսքով՝է հայտարարագրման գործընթացը կոռուպցիայի բացահայտման հետ ընդհանրապես կապ չունի, այն մեկ նպատակ ունի՝ մտնել յուրաքանչյուրի գրպանը, ամեն մեկի ննջարանը։

Իսկ ապօրինի հարստանալու մեղադրանքներին անդրադառնալով՝ Քոչարյանը պատասխանեց․ «Ինչ ասես գրում էին․ Քաջարանի ԶՊՄԿ, 5 հատ բանկ, «Սպայկա», օդանավակայան։ Ես այդ ցանկը, որ կարդում էի մամուլում, ասում էի` երանի սենց լիներ։ Այն ամենը, ինչ կապվում էր ինձ հետ, պարզվեց՝ սուտ է։ Շնորհակալ եմ, որ կառավարությունը այս հարցով մտել է դատարան և լույս սփռել այդ ամենի վրա»,- ասաց Քոչարյանը՝ դժվարանալով հստակ թիվ ասել, թե այնուամենայնիվ որքան է իր ունեցվածքը գնահատվում։

***

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։
Նշենք, որ վերջին անգամ Քոչարյանը լրատվամիջոցների հետ նման ձևաչափով հանդիպել էր 2022 թվականի սեպտեմբերին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին