«Հայտնի է, որ ԱՄՆ-ում ստորագրվելու է երեք փաստաթուղթ, ամենակարևորը վերաբերում է Սյունիքի ճանապարհին, որով բացառիկ իրավունք է տրվելու ԱՄՆ-ին՝ այդ ճանապարհի վերհսկողությունն իրականացնելու համար։ Սա ապաշրջափակո՞ւմ է, թե՞ նշանակում է, որ ՀՀ-ի կողմից զիջում է կատարվում»,- «Նյուզ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը նշեց․ «Իսկ ԱՄՆ-ն երաշխավորո՞ւմ է ՀՀ ինքնիշխանությունը, երաշխավորո՞ւմ է, որ ստորագրում են ՀՀ տարածքի անձեռնմխելիության մասին, անվտանգության երաշխիքներ տալի՞ս են։ Եթե ԱՄՆ-ն ասի, որ երաշխավորում է ՀՀ տարածքների անվտանգությունը, պատաստ է պաշտպանել ՀՀ-ին, գոնե անել մի տոկոսը այն ամենի, ինչ արեցին Ուկրաինայի կամ Իսրայելի համար, կարելի էր այդ մասին խոսել, բայց այդպիսի բան չկա։
Միջանցքը, որ բացվելու է 99 տարով, դա նշանակում է ընդմիշտ։ Եթե միջանցքի վերահսկողության պայմանագիրը կնքվեր ԱՄՆ ընկերության և ՀՀ-ի միջև, դա այդքան էլ սարսափելի չէր լինի, բայց սա եռակողմ է լինելու, այս ընկերությունը ենթարկվելու է նաև Ադրբեջանին։ Այսինքն՝ մենք կորցրեցինք սա։ 99 տարին նշանակում է ընդմիշտ։ Մենք Մեղրին կտեսնենք, երբ որ Վանը, Մուշը, Էրզրումն ու Ստեփանակերտը կտեսնենք։ Եվ դա նշանակում է, որ շատ շուտով դա ընկնելու է թուրքերի ձեռքը․․․ Այս իշխանությունն ամեն ինչ զիջելու է․ մի բան կա՞, որ Ալիևն ասել է զիջեք, ու չեն զիջել, ո՛չ։ Սա նշանակում է Սյունիքի կորուստ, սա նշանակում է Թուրքիայի և Ադրբեջանի ձուլում․․․ Ինչպես Ստեփանակերտն էին շրջափակել, նույն վիճակում Երևանն է լինելու։ Եվ նշանակում է, որ այլևս սահման չենք ունենալու Իրանի հետ, որևէ ռազմական օգնություն չենք ստանալու Իրանից, ոչ էլ ՌԴ-ից․․․ Սա Հայաստանի վերջն է, մենք դառնալու ենք Թուրքիայի անկլավ․ Ալիևն ու Էրդողանն են որոշելու՝ երբ ենք ուտելիք ստանալու, երբ ենք գազ ստանալու, շուտով ատոմակայանն էլ կփակեն, հաջորդը Հայաստանից ռուսական զորքերը դուրս կբերվեն, և մենք կմնանք անզեն՝ թուրքերի դիմաց»,- ընդգծել է Խաչիկյանը։
***
|
ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամբողջ լրահոսը ողողված է Թրամփի հայտարարությամբ, որ Փաշինյանն ու Ալիևն այսօր կստորագրեն խաղաղության պայմանագիր և տնտեսական փոխգործակցության երկկողմ համաձայնագրեր:
Համարձակվում եմ ենթադրել, որ ԱՄՆ նախագահն իրեն հատուկ ձևով մի քիչ ստում է ։
Գրեթե հարյուր տոկոսով վստահ եմ, որ կստորագրվի հուշագիր կամ մտադրության մասին շրջանակային փաստաթուղթ։ Ստորագրել «խաղաղության պայմանագիրը»:
Քանի դեռ Ադրբեջանը Հայաստանից չի ստացել Հայաստանի իրավական կազմաքանդման երաշխիքներ, այսինքն ՝ հրաժարումն Հայաստանի ներկայիս Սահմանադրությունից, ոչինչ չի ստորագրի, քանի որ, դատելով արտահոսքից, այսպես կոչված խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը հակասում են Հայաստանի Սահմանադրությանը։
Իսկ բուն խաղաղության պայմանագիրը բնության մեջ գոյություն չունի, այլ կա համաձայնեցված փաստաթուղթ , որը Հայաստանը իջեցնում է թուրք-ադրբեջանական տանդեմի և հավաքական Արևմուտքի շահերը սպասարկող մի տարածաշրջանային կառույցի մակարդակին ։
Պետք է նաև չմոռանալ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական խնդիրները չեն փոխվել, այն է ՝ իրավիճակը հասցնել մի մակարդակի, երբ Հայաստանը ոչ ֆիզիկապես, ոչ իրավաբանորեն, ոչ էլ քաղաքականապես ի վիճակի չի լինի գոյատևել։
Հիշեցնենք, որ նույն Ադրբեջանը չհրաժարվեց Հայաստանի տարածքը հարյուր հազարավոր ադրբեջանցիներով բնակեցնելու իր ծրագրերից, ինչպես նաև հիշենք, որ Հայաստանի տարածքը նույն թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հայտարարված է «Արևմտյան Ադրբեջան»:
Հետևաբար այն ամենը, ինչ տեղի է ունենում այսօր Վաշինգտոնում, կապ չունի աշխարհի հետ։
ԱՄՆ-ն ընդամենը երկու խնդիր ունի.
Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանից դուրս մղումը և միջանցքով էներգառեսուրսների, ապրանքների, ռազմական բեռների և զորքերի տեղափոխման համար նոր լոգիստիկ ուղիների ձևավորումը։
Եվ հավատացեք այդ դեպքում ամերիկացիների համար կարևոր չէ, թե ինչպես կկոչվի այն տարածքը, որով կշարժվեն բեռներն ու ռազմական լոգիստիկան, Հայաստան թե «արևմտյան Ադրբեջան» ։
Մի բան անվիճելի է ՝ «Թրամփի միջանցքի» հովանու ներքո Հայաստանը մասնատելու համաձայնությունը Հայաստանի ներկայիս իշխանությունները ներկայացնելու են որպես «պատմական հաղթանակ» և ինտենսիվորեն այս թեզը առաջ են տանելու նախընտրական շրջանում։ Իհարկե թավշյա իշխանությունները իրավացի կլինեն երբ կհայտարարեն որ սա «պատմական հաղթանակ» է, պարզապես նրանք կրկին չեն ասի որ այս ամբողջ գործընթացը պատմական հաղթանակ է թուրքերի և ադրբեջանցիների համար, իսկ Հայաստանը իրենց թեթև ձեռքով շարունակում է գլորվել անդունդը»։
***
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Հավանական է, որ հանդիպումն ավարտվի համաձայնագրով՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տարանցիկ ճանապարհի վերաբերյալ, որը կներկայացվի որպես ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված «առաջընթաց» և գուցե անգամ կնշանավորվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) անվանմամբ։
Նախքան ծափահարելը, պետք է հստակ ասել․ նշանակություն չունի՝ միջանցքն տնօրինվելու է Հայաստանի, ԱՄՆ-ի, թե ինչ-որ «միջազգային կառավարչի» կողմից, վարձակալվելու է հարյուր, տասը կամ մեկ տարով, ներկայացվելու է որպես «չեզոք Սյունիքի ճանապարհ» կամ փաթեթավորվելու է այլ դիվանագիտական զուսպ ձևակերպումներով։ Փաստը մնում է այն, որ Հայաստանին համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է։ Իրական վրդովեցնող հանգամանքը ոչ թե այն է, թե այս գործարքը «լավ» է, թե «վատ», այլ այն, որ այն ընդհանրապես գոյություն ունի։
Արդեն մի քանի տարիներ շարունակ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի կողմից օգտագործվել է որպես քաղաքական զենք՝ հարցականի տակ դնելու Հայաստանի ինքնիշխանությունը և վերաձևելու հետպատերազմյան կարգավորումը։ Այժմ, այս պահանջը կտրուկ մերժելու փոխարեն, Վաշինգտոնի միջնորդությունը այն ավելի է լեգիտիմացրել՝ ադրբեջանական արհեստածին պահանջը վերածելով «ստեղծագործական լուծումների» քննարկման թեմայի։ Սա դիվանագիտական առումով նույնն է, ինչ բանակցել՝ այգուդ տարածքից որքան պատրաստ եք զիջել, փոխարենը պահանջելու, որ ցանկապատը մնա իր տեղում։
«Տեխնիկական» քննարկումների միջոցով՝ կառավարման մոդելների, վարձակալության ժամկետների և կառավարչի չեզոքության մասին, Հայաստանը ներքաշվում է մի թակարդ, որը միջանցքը ներկայացնում է որպես անխուսափելի։ Երբ քննարկումը տեղափոխվում է այն հարթություն, թե ինչպես պետք է գործի միջանցքը՝ այլ ոչ թե՝ պետք է արդյոք այն գոյություն ունենա, ինքնիշխանության հիմնական սկզբունքը արդեն խախտված է։
Պետք է հստակ ասել․ Հայաստանը երբեք չի համաձայնել որևէ երկրին տրամադրել արտատարածքային մուտք Սյունիքով։ Հայաստանի օրենքը բացահայտ արգելում է նման նպատակով հող վարձակալելը։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Հայաստանի իսկ առաջարկած մոդելը, նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցություն, որը հիմնված է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության վրա։ «TRIPP» գործարքը, որով ճանապարհի մի հատված երկարաժամկետ կտրվի ԱՄՆ վերահսկողությանը, խախտում է այս բոլոր չորս սկզբունքները։
Իրանն արդեն բաց տեքստով հայտարարել է, որ չի հանդուրժի Սյունիքում որևէ օտար ներկայություն։ Այս զգուշացումները պարզապես հռետորաբանություն չեն․ Սյունիքը և Հայաստանի ռազմավարական կենսական գոտին է, և հյուսիս–հարավ առանցքի կարևոր օղակ։ Այն վերածելը աշխարհաքաղաքական շոուի առևտրի առարկայի՝ վտանգում է թե՛ Հայաստանի անվտանգությունը, թե՛ տարածաշրջանային կայունությունը։
Գործարքի կողմնակիցները կհայտարարեն, թե սա «իրատեսական» փոխզիջում է խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար։ Բայց ի՞նչ տեսակ խաղաղություն է, որը սկսվում է կողմերից մեկի ինքնիշխանության խաթարմամբ։ Ոմանք կարող են պնդել, թե ԱՄՆ ներկայությունը «չեզոք երաշխիք» է։ Սակայն չեզոքությունը իմաստազրկվում է, երբ հենց միջնորդավորված միջանցքն է կատարում Ադրբեջանի պահանջը։
Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ։ Եթե Ադրբեջանը պնդում է, որ չի կարող վստահել սովորական հայկական ճանապարհներին՝ Նախիջևան հասնելու համար առանց «Թրամփի» միջանցքի, ապա փոխադարձության սկզբունքով անհրաժեշտ է «Թրամփի» միջանցք Ադրբեջանի տարածքում, որպեսզի հայերը նույնպես ապահով կերպով հասնեն Կասպյան ավազան՝ առևտրի կամ ճանապարհորդության նպատակով։
Փաշինյան–Ալիև–Թրամփ հանդիպումը որոշ շրջանակներում կարող է ներկայացվել որպես դիվանագիտական նվաճում։ Իրականում այն վտանգում է խաղաղության գործընթացում ամրապնդել մի անընդունելի զիջում։ Միջանցքի քննարկումը երբեք չպետք է օրակարգ մտներ։ Նրա պայմանների շուրջ «խելացի» փոխզիջումները ծափահարելու փոխարեն, միակ սկզբունքային դիրքորոշումը նրա ամբողջական մերժումն է»։
|