«Իշխանություն» լրատվականը գրում է․ Հայաստանը ակտիվ քայլեր է անում Եվրոմիության անդամ պետություն դառնալու ուղղությամբ, ինչը ենթադրում է խորքային քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերի համապատասխանեցում եվրոպական ստանդարտներին։
Իսկ դրա համար մեր օրենքները պետք է մոտեցվեն եվրոպական չափանիշներին՝ հատկապես մարդու իրավունքների, տարբեր ոլորտների կարգավորման, ինչպես նաև նույնասեռ զույգերի իրավունքների ճանաչման հարցերում։
Միջազգային պրակտիկայից հայտնի է, որ ԵՄ անդամ երկրների մեծամասնությունը ընդունում է նույնասեռ զույգերի իրավունքը՝ ամուսնության կամ քաղաքացիական միության միջոցով, և մյուս անդամ պետությունները պարտավոր են ճանաչել այդ իրավունքը՝ անկախ սեփական ազգային օրենսդրությունից։ Սա ստեղծում է էական ճնշում այն երկրների վրա, որոնք ձգտում են անդամակցել ԵՄ-ին, որպեսզի նրանք նույնպես հարգեն նույնասեռ զույգերի իրավունքը։
Հայաստանի իրականությունը, սակայն, որոշ առումներով համահունչ չէ եվրոպական երկրների իրականությանը։ Մեր երկրում հասարակական կարծիքը զգալիորեն պահպանողական է, իսկ կրոնական ու մշակութային ազդեցությունները մեծ դեր են խաղում օրենսդրության ձևավորման մեջ։ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին կարող է առաջ բերել օրենսդրական փոփոխություններ՝ աստիճանաբար ապահովելով նույնասեռականների իրավունքների ճանաչում՝ սկզբում քաղաքացիական միության մակարդակով, իսկ հետո, հնարավոր է, նաև ամուսնության իրավունքներով։
Այս գործընթացը, ամենայն հավանականությամբ, չի լինի անմիջական կամ արագ։ Այն կպահանջի հասարակության հետ տարվող ինտենսիվ կրթական և քարոզչական աշխատանք։
Արդյունքը կարող է լինել այն, որ վաղ թե ուշ Հայաստանի օրենսդրությունը կհարմարեցվի ԵՄ-ի իրավական պահանջներին, և նույնասեռ զույգերը կստանան օրինական ամուսնության կամ քաղաքացիական միության իրավունք։ Սակայն սա կախված է ինչպես արտաքին քաղաքական նպատակներից, այնպես էլ ներքին հասարակական տրամադրություններից։
Որո՞նք կարող են լինել ԵՄ մտնելու նախապայմանները։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում նկատում է․ «Նախապայմաններ, անշուշտ, կան Եվրոպայի կողմից։ Օրինակ՝ հավասար պայմաններ ստեղծել հասարակության բոլոր խմբերի համար, այդ թվում՝ կրոնական կազմակերպությունների, սեռական փոքրամասնությունների և այլ խմբերի համար։ Օրենսդրության հարմարեցումը ևս կարող է լինել պայման»։
Կարապետյանցի խոսքով՝ «արևմտյան արժեքներ» ասելով մենք պետք է հասկանանք՝ ազատություն, մարդու իրավունքներ, հավասարություն, արդարադատության իրականացում և այլն։ «Այս համատեքստում շատ մտահոգիչ է այսօրվա Եվրոպան՝ իր երկակի ստանդարտներով, արցախցիների խնդիրները չտեսնելով, ակնհայտ հակասահմանադրական գործողություններ անող Նիկոլ Փաշինյանին սատարելով։ Սա մտահոգվելու տեղիք է տալիս՝ Եվրոպան գործարք է ուզում կնքել հայ ժողովրդի հետ, թե՞ ժամանակավոր իշխանությունների։Ես միշտ ասել եմ, որ ցանկացած իշխանություն հեռանում է, հետևաբար պետք է ժողովրդի հետ գործարք կնքել, ոչ թե օրվա իշխանության»,-շեշտեց նա։


