Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշեցնե’մ, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման կարգ ունեցող պետություն է, հետևաբար ՀՀ օրենսդրության և ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների իմաստով՝ ՀՀ-ի անունից ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ համարվում է պայմանագիր, ուստի այն նախ պետք է անցնի ներպետական վավերացում՝ Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի կողմից, հակառակ պարագայում՝ այն առոչինչ փաստաթուղթ է։ Այլ կերպ ասած, ՀՀ Սյունիքի մարզով «միջանցք» կամ ճանապարհ տրամադրելու եռակողմ համաձայնությունը ևս պայմանագիր է, մինչդեռ դրա բովանդակության մասին նույնիսկ հասարակությունը տեղեկացված չէ՝ ստորագրումից ընդհուպ մեկ օր առաջ, իսկ ՀՀ վարչապետը պետության անունից այն ստորագրելու իրավասություն չունի։ Այլ հարց է, որ ՀՀ վարչապետի աթոռին բազմածի համար, իշխանապահպանման տենչանքի ճանապարհին, ցանկացած խնդրի իրավականությունը չունի որևէ նշանակություն, քանի դեռ նրա տիրապետության ներքո են գտնվում հայրենահանձնման գործընթացին օժանդակող պետական կառույցները։ Օրինակները բազմաթիվ են. վերջին ամենաթարմերից՝ ֆեյսբուքյան գրավոր հրահանգով բարերար Սամվել Կարապետյանի քրեական հետապնդումն ու կալանավորումը»։
***
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր-վաղը որոշվող՝ մեր ու մեր երեխաների ապագային վերաբերող ճակատագրական հարցերը ՀՀ իշխանությունը գաղտնի է պահում ու բոլորիս գցել է տեղեկատվական քաոսի մեջ:
Իշխանական քարոզչությունն այս օրերին հետևողականորեն թաքցնում է, թե ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսվում, իսկ հարցեր բարձրացնողները թիրախավորվում են «հակառուս», «հակաամերիկյան» և այլ պիտակներով ու լռեցվում ագրեսիվ քարոզչությամբ:
Սրան գումարած՝ իշխանությունն անընդհատ փոփոխում է արտաքին օրակարգի կենսական հարցերի վերաբերյալ սեփական դիրքորոշումները, անընդհատ հռչակում է «կարմիր գծեր», որոշ ժամանակ անց ինքն էլ ոտնատակ է անում դրանք։
Տեղեկատվական անորոշության պայմաններում հայկական տիրույթը դարձյալ հեղեղվել է ադբրեջանական ինֆորմացիաներով, որոնցով տարվում է հետևողական, պլանավորված քարոզչություն ադրբեջանական զավթողական ծրագրերի ու շահերի տեսանկյունից: Առկա են նաև որոշ միջազգային հրապարակումներ:
ՀՀ իշխանությունը բանը հասցրել է նրան, որ չկան կոնկրետ քննարկումներ, թե որոնք են հայկական պետական շահերը. ամեն ինչ պտտվում է ադրբեջանական պահանջների շուրջ: Ստացվել է` բանակցությունները միայն ադրբեջանական պահանջների բավարարման մասին են: Ադրբեջանական շատ հարցեր զրոյից դարձել են օրակարգի թեմաներ։ Անգամ տպավորություն է` Ադրբեջանի հետ հակամարտությունը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի` Սյունիքի հետ է կապված:
Հայաստանի իշխանությունը պարտավոր է նախապես ու հետո էլ մեր ամբողջ ժողովրդին տալ մանրամասն հաշվետվություն մեր պետության, մեր բոլորի անվտանգության համար այս կենսական հարցերի վերաբերյալ, ինչպես հրարապարակներում բազմիցս պոպուլիստաբար խոստացել է, այլ ոչ թե վարպետորեն մոլորեցնի մեր հասարակությանը. միակ բանը, որ սովորել է այս տարիների ընթացքում»։
***
|
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ կա՞ տարբերություն, թե միջանցքի անունը ինչ կլինի` Թրամփի ճանապարհ (TRIP) թե՞ Զանգեզուրի միջանցք։
Եթե միևնույն է, գործելու են նույն պայմանները, ինչ միջանցքի դեպքում, եթե Հայաստանը իր ցանկացած պահին չի կարող փակել ճանապարհը, և եթե նույն սկզբունքը չի գործելու հայերի համար Ադրբեջանի տարածքում։
Ու չասեք, որ սա միջանցք չէ...»։
***
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամբողջ աշխարհն այսօր ուշադրությունը սևեռել է Վաշինգտոն՝ սպասելով վաղվա, թվում է թե՝ պատմական բնույթ ստացող հանդիպմանը։ Դոնալդ Թրամփի հովանու ներքո նախատեսվող Փաշինյան-Ալիև հանդիպումը համաշխարհային մեդիայում արդեն ներկայացվում է որպես խաղաղության հաստատման շրջադարձային պահ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտության շրջանակում։ Ըստ որոշ աղբյուրների, պատրաստվում է ստորագրման մի փաստաթուղթ, որը թեև ձևաչափով կարող է լինել համաձայնագիր, իրականում փաստացի և բովանդակային առումով կդառնա խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրության քաղաքական հայտարարություն։ Այսինքն՝ ոչ թե վերջակետ, այլ մի նոր դրվագի սկիզբ։
Բայց սա տեղի է ունենում մի ավելի լայն և բարդ աշխարհաքաղաքական դինամիկայի մեջ։ Հավաստի աղբյուրները մատնանշում են, որ Դոնալդ Թրամփը կարող է առաջիկա շաբաթներին հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի պատերազմի կարգավորման նպատակով։ Եթե այս հանդիպումն իսկապես կայանա, ապա դա կազդարարի ոչ միայն ամերիկա-ռուսական փոխհարաբերությունների նոր փուլի մեկնարկը, այլև մեծ ճշգրտումով կտեղադրի Հարավային Կովկասը այդ լայն համաձայնությունների քարտեզում։
Այս ամենը ստիպում է հարցադրումներ ձևակերպել՝ արդյոք իրականում կա՞ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև գործողության որոշակի համադրման տրամաբանություն։ Արդյո՞ք երկու տերությունները, որոնք պաշտոնապես պահպանում են հակադիր դիրքորոշումներ Ուկրաինայի, Բելառուսի կամ Սիրիայի հարցերում, Հարավային Կովկասում իրականացնում են կուլիսային փոխհամաձայնեցված քաղաքականություն՝ գծելով տարածքների ապագա ճակատագրերը, առանց այդ տարածքների բնիկներին ուղղակի հարցնելու։
Մի բան, սակայն, հստակ է․ Ռուսաստանը ոչ միայն չի պատրաստվում լքել Հարավային Կովկասը, այլև իր այս տարածաշրջանային ներկայությունը համարում է իր աշխարհաքաղաքական «բնական իրավունքը»՝ հիմնված պատմական և ռազմավարական ընկալումների վրա։ Իսկ եթե ԱՄՆ-ն իսկապես պատրաստվում է ձևավորել նոր «խաղաղության ճարտարապետություն» տարածաշրջանում՝ Թրամփի կամ այլ դեմքերի միջոցով, ապա Մոսկվան դժվար թե դա անտեսի կամ լուռ ընդունի։ Եվ հենց այստեղ է, որ հնարավոր է առկա լինի ոչ թե հակադրություն, այլ լուռ համաձայնություն․ հստակ սահմաններով՝ ով, որտեղ և որքան պետք է ունենա ազդեցություն։
Այդուհանդերձ, ցանկացած վերլուծություն այս փուլում պետք է խուսափի չափազանցված կանխատեսումներից։ Մեկ անգամ ևս ապացուցվում է, որ ժամանակակից աշխարհում ոչինչ միարժեք չէ՝ դիվանագիտության լեզուն հաճախ թաքցնում է այն իրական ուժային կամ փափուկ հաշվարկները, որոնց վրա հիմնվում են այսպիսի հանդիպումները։
Հետևաբար, ոչինչ չպետք է գերագնահատել, սակայն առավել ևս՝ ոչ ոք չպետք է թերագնահատվի։ Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ պատրանքները կարող են ճակատագրական լինել, իսկ սթափ ու խորքային վերլուծությունը՝ փրկարար»։
***
ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՉՏԵՍՆՈՂՆԵՐՆ ՈՒ ՉՏԵՍՆԵՐԸ
Կարդում եմ հայ քաղաքական ու քաղաքագիտական մտքի տիտանների վերլուծություններն ու դատողությունները սպասվող զարգացումների վերաբերյալ ու մոտս մեծ ցանկություն է առաջանում, որ իրենք, որպես դաժան պատիժ` հաջորդ կյանքում էլի դառնան քաղաքագետներ ու քաղտեխնոլոգներ:
Սիրում են, չէ՞ մեր լրատվամիջոցվերն այս կամ այն համալսարանի կամ քոլեջի դասախոսների ինքնությունները հատուկ կերպով շեշտադրելով որևէ մեկին եթեր հրավիրել, նրանց խոսքին ու կերպարին լրջություն տալու համար:
Ինչեր ասես, որ չես կարդում լրահոսում ու անկախ քեզանից ուղեղի ճողվածք ես ստանում. մեկ անգլիացիք են սաղ մեղավոր, թունելի միջով են աշխատում ու դրա պատճառով տեսանելի չեն, մեկ Նիկոլը հանձնում է ամեն ինչ Արևմուտքին ու վերջ դնում ռուսական ներկայությանը, մեկ պարսիկներն են մեզ վերջը տիրություն անելու ու այս ու այլ մտքերի խորդանոցում որևէ ճիգ չի գործադրվում հասկանալու համար, որ մերօրյա աշխարհում փոխկապակցվածության աստիճանն ու մակարդակներն անքան խորն են, որքան անտեսանելի են:
Ամեն օր մոլեր, տոնավաճառներ ու ֆեստիվառ գնացող համաշխարհային սպառող զանգվածի համար են հորինվել «պատժամիջոցներ» կամ «սանկցիաներ» կոչվածը, քանի որ համաշխարհային պլեբսը ուտելու ու իր սահմանափակ աշխարհընկալման ծիրում դա ավելի ընդունելի կհամարի հասկանալու համար:
Իրականում ահռելի ասեմ, դուք ավելին պատկերացրեք, այո, ահռելի մեծ գումարներով, որոնք ռուսական ծագում ունեն, վաղուց սերտաճել են ռուսական շահերն ու արևմտյան, այդ թվում ամերիկյան որոշում կայացնողների (decision makers) շահերը: Այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում ու Մերձավոր Արևելքում, պետք է հասկանաք այդ անասելի մեծ գումարների չերևացող շրջանառության համատեքստում: Իսկ դա շատ մեծ քաղաքականություն է, որտեղ հազարների ու տաս հազարների կյանքն ու շահը գին չունի:
Այդ սերտաճումն ու շահերի համընկումը 2018 թվականի գարնանը Երևանի կենտրոնում «թավշյա հեղափոխություն» ցնգեց ու հետո այն անվանվեց «անհաղթահարելի ուժ», որովհետև սերտաճման ներկայացուցիչները մինչ այդ արդեն Երևանում էին ու ոչ մեկ մեզ չզգուշացրեց սպասվող վտանգների մասին: Սցենարը պատրաստ էր, մնում էր իրագործել:
Հիշո՞ւմ եք հավաքական Արևումտքի` 44 օր տևած քար լռությունը: Իսկ նոյեմբերի 10-ին հիշում եք, թե ո՞վ ասեց, որ Ղարաբաղի հարցը լուծված է արդեն:
Վաշինգթոնում ինչ փաստաթուղթ էլ որ ստորագրվի, միևնույն է, այն ազդարարելու է մարդու իրավունքների ու ժողովրդավարության հերթական զոհաբերումը մարդակերությանն ու ավտորիտարիզմին: Այդ փաստաթղթով Ադրբեջանին չի պարտադրվի հայերի վերադարձի ու անվտանգության ապահովման և ոչ մի կետ:
Այն կստորագրվի ու կիրականացվի կամ չի իրականացվի Ռուսաստանի համաձայնությամբ, ընկերներ: Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի հարցը, շատ փոքր հարցեր են հակառակվելու կամ ընդհանուր շահեր չգտնելու առումով: Վաշինգթոնյան «նոյեմբեր 9»-ը իր տրամաբանությամբ նույնն է լինելու ինչ ռուսականը, միայն մի տարբերությամբ, որ ռուսականի մեջ ձևի ու ձևականության համար «Ղարաբաղ», «Լաչինի միջանցք», «անվտանգության ապահովում» բառեր կային...
Ազգս էդպես էլ չհասկացավ, որ իրեն զբաղեցնելու համար էր «հեծանիվ շոուն», մինչ սերտաճած մեծերը վերջին ճշգրտումները կանեն ու դրանք կիրառման կպարտադրեն»:
***
|