▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևի իրավունք ունեն մեղադրելու․ արդարանալ չեմ ուզում»․ Տիգրան Մանսուրյան

«Ես այնքան միայնակ, այնքան փակ կյանքով եմ ապրում, 86 տարեկան եմ, բալի՛կ ջան, ես չգիտեմ, թե ով ինչ է անում, երաժիշտների նոր սերունդ կա, որոնց չեմ ճանաչում, որովհետև միայնակ եմ, կին չունեմ, երեխաներս այստեղ չեն, ահավասիկ, թե ինչու չգիտեմ՝ ինչ են անում մտավորականները»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մտավորականությունը բողոքի ձայն չի բարձրացնում երկրում ստեղծված իրավիճակի մասին։
Լրագրողի դիտարկմանը, թե մեղադրում են մտավորականներին, որ չեն խոսում՝ նա պատասխանեց, որ, երևի իրավունք ունեն մեղադրել․ «Ուրիշ տեսակ ապրել, եթե հնարավոր լիներ, կապրեի։ Տնից շատ քիչ եմ դուրս գալիս, արդարանալ չեմ ուզում։ Ես անում եմ իմ անելիքը, շուտով 350 դպրոցական երեխա համերգ է տալու, որի ամբողջ երաժշտությունն իմն է, սա է իմ պատասխանը։ Միակ բանը, որ կարող եմ անել, լավագույնը, որ կարող էի անել»,- ասաց Մանսուրյանը։

***

Լրագրող Շաքե Ավոյանը կիսվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ այսօր Ծիծեռնակաբերդի համալիրում տեղի ունեցած հարցազրույցով և գրել․

 

«Կներեք մեզ, սիրելի մաեստրո, կներեք, որ այնքան անկարող ենք ու այնքան անզոր, որ Ձեզնից` 86 տարեկանում, Ձեզնից ենք աջակցություն, փրկություն հայցում, Ձեզնից ենք խնդրում, պահանջում պայքարել, բարձրաձայնել ինչ֊որ բան, ու չենք էլ լսում, թե որքան է նվաղել Ձեր` չքնաղ մեղեդիներ ստեղծած ձայնը։ Կներեք, որ պահանջում ենք հերոս լինել, որովհետև չունենք այլ հերոսներ... Կներեք, որ Ձեր տաղանդը ոչ թե անխոցելի վահան է Ձեր անվերապահ հեղինակության համար, այլ այդ տաղանդը Ձեզ դարձնում է բաց թիրախ` մեր անհույս ակնկալիքների, մեր դառը բարկության առջև։ Կներեք, որ (մեղեդու աշխարհից դուրս) հերոս չեք... Ու թող օրհնվեն բոլոր այն անհայտ մարդիկ` իրենց բոլոր սերունդներով, որ օգնել են Ձեր ծնողներին փրկվել ցեղասպանությունից ու հայ ժողովրդին հնարավորություն են տվել` ունենալ Մաեստրո Տիգրան Մանսուրյան»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին