«Հրապարակ» թերթը գրել է, որ Հայաստանի ուղղությունը համակարգողի փոփոխությամբ Ռուսաստանը ցույց տվեց, որ հիմա ավելի է հետաքրքրված Հայաստանով:
Թերթի հաղորդմամբ, վերջերս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելել է Մոսկվա, հանդիպել է ՌԴ նախագահին, որին հաջորդել է Կիրիենկոյի նշանակումը:
«Կիրենկոյի նշանակումը պատահական չէ, այս փոփոխությունն իրականացվել է Քոչարյանի խնդրանքով, որը շաբաթներ առաջ մեկնել է Մոսկվա և Պուտինի ընդունելությանն է արժանացել: Դրան հաջորդել են Կիրիենկոյի նշանակումն ու ընդդիմադիր մի շարք գործիչների Մոսկվա այցելությունը: Բոլոր այն գործիչները, որոնք քիչ թե շատ ընդունելի են Կրեմլի համար, վերջին շրջանում մեկնել են Մոսկվա և տարբեր մակարդակների հանդիպումներ ունեցել: ՌԴ իշխանությունները միայն մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ ունեն վերապահումներ և չեն պատրաստվում վերանայել իրենց դիրքորոշումը: Մյուս բոլորին ասվել է՝ աշխատեք, պայքարեք, ակտիվացեք, կտեսնենք՝ ով է ավելի ազդեցիկ ու անցողիկ, նրան էլ կաջակցենք: Ոմանք նաև սրանով են բացատրում Սերժ Սարգսյանի ճամբարի ապակառուցողական պահվածքն ընդդիմադիր դաշտում»,-գրել է թերթը: