«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «2001 թվականին Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ նշանակված եւ 2016 թվականին այդ պաշտոնից ազատված Ալիկ Միրզաբեկյանը 2024-ի սեպտեմբերին կես միլիոն դոլար է փոխանցել պետական բյուջե՝ հաշտություն կնքելով ՀՀ դատախազության հետ, ապօրինի ձեռք բերված գույքի վարույթով։
Արցախցի գեներալ-լեյտենանտ Միրզաբեկյանը իշխանությունների հետ համաձայնության է եկել եւ այս խոշոր գումարը վճարել` անշարժ գույքերում և ավանդներում իրեն մեղսագրվող «անօրինական գույքի ու բաժնեմասերի դիմաց»։
Նրա գույքի և կարողությունների մի մասը գլխավոր դատախազությունն ապօրինի էր համարել։ Դրանք, ըստ դատախազության, Հյուսիսային պողոտայում գտնվող շենքում երեք անշարժ գույք էր՝ մեկ բնակարան ու երկու ավտոկայանատեղի, 176 մլն 700 հազար դրամ գնահատված տան 10 տոկոսը պատկանում էր Միրզաբեկյանին։ Արաբկիր վարչական շրջանում գտնվող շենքում` 121 մլն դրամ գնահատված բնակարանի 37 տոկոսն էր նրանը, գումարով կազմում էր շուրջ 38 մլն դրամ։ Ապօրինի էին համարել նաև Միրզաբեկյանին պատկանող Տոյոտա ավտոմեքենան, 75 մլն դրամ գումար և մեկ տասնյակ բանկային ավանդներ։ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` ապօրինի ծագման գույքի ընդհանուր արժեքը գնահատել էր 650 հազար դոլար։ Միրզաբեկյանը պետությանն է վերադարձրել այս գումարի 79 տոկոսը՝ 500 հազար դոլար՝ օրենքով սահմանված համաձայնությամբ։
Ալիկ Միրզաբեկյանը ՊՆ-ում աշխատել է 1992-ից։ 2001 թվականին Ռ. Քոչարյանի հրամանագրով նշանակվել է փոխնախարար, 2007-ին զբաղեցրել է նաեւ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը։ Նա աշխատել է նաեւ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք։ Սեյրան Օհանյանը դեռ 2017- ին էր խոսել իր նախկին տեղակալի մասին, հերքել էր կապը կոռուպցիայի հետ։ Միրզաբեկյանը ՊՆ-ից հեռացվել է 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո՝ Սերժ Սարգսյանի որոշմամբ։ Պատերազմից հետո մամուլը գրեց, որ պաշտոնանկության պատճառը կոռուպցիոն չարաշահումներն են:
Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ Միրզաբեկյանին Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է դեռևս 2008 թվականից: 2018-ից հետո նա հարցաքննվել է մարտի 1-ի գործով, որպես վկա, զինված խմբավորումներ Երևան բերելու մասով:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը Ապօրինի հարստացման մասին օրենքի հետ կապված որոշում է կայացրել, որի համաձայն` Դատախազությունը չի կարող անձից պահանջել գույք, որը ձեռք է բերվել նրա` պաշտոն զբաղեցնելուց առաջ եւ ՍԴ որոշման մեջ կան կետեր, որոնք մինչ օրս իրականացված վարույթների մասով խնդիրներ են ստեղծում, անգամ եթե անձը հաշտության է գնացել դատախազության հետ եւ զիջել գույքը, որ գլուխն ազատի «կուլակաթափ» ձեռնարկած իշխանություններից: Այժմ իրավական դաշտում է այն հարցը` արդյո՞ք դատախազության, Սրբուհի Գալյանի համակարգմամբ ընթացած վարույթները կկարճվեն, նախկին որոշումները կչեղարկվեն կամ հաշտության համաձայնությունները կվիճարկվեն:
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ կես միլիոն դոլար պետությանը վերադարձրած ՊՆ նախկին փոխնախարարից` Ալիկ Միրզաբեկյանից: Նա «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ ոչ մի բանից, քանի որ խիստ վատառողջ է, ասաց. «Չգիտեմ ոչ մի բան»: Նա դժվարությամբ էր խոսում` առողջական ծանր վիճակի պատճառով, ուստի հեռախոսը փոխանցեց իրեն խնամող ազգականին, ով մեզ փոխանցեց, որ Միրզաբեկյանը ծանր առողջական խնդիրներ ունի և չի կարողանում խոսել:
Մենք դիմեցինք դատարանում Միրզաբեկյանի շահերի պաշտպան, փաստաբան Արման Թամրազյանին: Այն հարցին, թե ՍԴ «Ապօրինի գույքի բռնագանձման» նոր որոշումից հետո պատրաստվո՞ւմ են բողոքարկել դատարանում Միրզաբեկյանից կես միլիոն դոլար բռնագանձելու որոշումը, փաստաբանը նշեց. «Ի՞նչ բողոքարկենք, դա ուժի մեջ մտած դատական վճիռ է, որի հետ մենք հաշտություն ենք կնքել: Որտեղի՞ց գիտեք խոսքը որ գույքի մասին է: Այն գույքերը, որոնք բռնագանձվել են` Ալիկ Միրզաբեկյանը ձեռք է բերել իր պաշտոնավարման ժամանակ: Բողոքարկելու, կամ բռնագանձվածը հետ ուզելու որևէ հիմք չկա, մենք անգամ քննարկում էլ չենք ունեցել այս թեմայով: Հաշտություն ենք կնքել, ինչը անդառնալի, անվերանայելի ակտ է: Ոչ մենք կբողոքարկենք, ոչ էլ այլ մեկը», - նշեց փաստաբանը:
Նկատենք, որ նույն փաստաբանը նախորդ սեպտեմբերին` անդրադառնալով Միրզաբեկյանի ունեցվածքի օրինականությանը, նշել էր. «Էն ժամանակ անձը զբաղվել է գյուղատնտեսությամբ, գյուղատնտեսությունից եկամուտներ է ունեցել, դրանց վերաբերյալ փաստաթղթեր կան, նաև նրա ընտանիքի անդամները ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվել, գումարներ են ստացել: Մեկ այլ հարց է, թե այդ գումարների օրինականությունը փաստաթղթով կարաս ապացուցես, թե՝ չէ»»: