▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոստացան ու չկատարեցին.Հալեպահայերը՝ Հայաստան չգալու պատճառների մասին

Հալեպահայերի կյանքը ոչ թե մտահոգիչ, այլ վտանգված է.

«Ես 2014 թվականին Հալեպից դուրս եկա: Անշուշտ, ցնցում, վախ ապրեցի, բայց հրաշքով փրկվեցի, քանի որ ռումբը կողքս էր ընկել: Երեկ Հալեպում գտնվող ընկերուհուս հետ էի խոսում, ասաց, թե քո ժամանակ դեռ փառք էր, օր օրի վիճակը ծանրանում է: Ընկերուհուս խոսքով՝ հուսահատ են, քանի որ նյութապես ապահովված չեն, հետևաբար՝ երկրից դուրս գալու հնարավորություն չունեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆեյսբուքյան «Հալեպահայեր» էջի համակարգող Սոսի Միշոյան-Դաբաղյանը:

Հալեպահայ գրող, հրապարակախոս Հակոբ Միքայելյանն էլ հավելեց.

«Հալեպում 30.000 հայից  մոտ 10.000 է մնացել: Նրանք մեծ հույսեր կապեցին Հայաստանի հետ, քանի որ ունենք-չունենք մեկ հայրենիք ունենք: Այստեղ եկածները տան վարձը վճարելու հետ կապված խնդիրներ ունեն՝ եկամուտ չունենալու պատճառով: Ինչո՞ւ պետությունը այսքան դատարկ շենքերը չի հատկացնում նրանց: Մարդասիրական օգնություն են ուղարկում: Մի քանի տարի առաջ ուղարկված օգնության համար ասացին, որ 100.000 դոլար են ծախսել: Ավելի լավ չէ՞ որ գումարը տաք մարդկանց»:

Դիտարկմանը, թե Սփյուռքի նախարարության հաղորդմամբ՝ կացարաններ կան, ուղղակի սիրիահայերը պետք է ցանկանան գալ, Սոսի Միշոյան-Դաբաղյանը պատասխանեց.

«Բոլորն էլ ցանկանում են գալ, ուղղակի չեն վստահում ՀՀ իշխանությանը: Շատերը որ եկել էին Հայաստան՝ հիասթափվել ու հեռացել են: Այս երևույթն է, որ վախ է ներշնչում»

Շարունակելով վերջինին՝  Հակոբ Միքայելյանը նկատեց.

«Խոստումներն ու իրականությունը տարբեր են: Անցած տարի մի խումբ արևմտահայ ուսուցիչներ դիմեցին Սփյուռքի նախարարությանը, որպեսզի շաբաթ օրերին մեզ դպրոց տրամադրեն, երեխաները գան, արևմտահայերեն պարապեն՝ լեզուն կենսունակ պահելու համար: Խոստացան, բայց մեկ տարի է՝ այն չի կատարվել»:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Սիրիահայերը նույնիսկ կես օր առանց կացարանի չեն մնա.Նրանց կոչ են անում Հայաստան գալ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more