Մի շարք կազմակերպություններ պատրաստ են աջակցություն ցուցաբերել Սիրիայից Հայաստան տեղափոխվել ցանկացող մեր հայրենակիցներին: Խոսքը բնակարանի վարձի վճարման, սնունդով, աշխատանքով ապահովելու մասին է.
«Մենք պատրաստ ենք Սիրիայից Հայաստան եկող հայերին օգնել՝ տան վարձը փոխհատուցելու հարցով: Այսինքն, այն մարդիկ, ովքեր գալիս են Հայաստան և գտնվում են ֆինանսապես ոչ ապահով վիճակում, ապա 3 ամսվա վարձը մենք ենք վճարում.խոսքը 60.000-80.00դրամի մասին է: Օգնությունը երբեմն կարող է տևել 6 ամսից մինչև մեկ տարի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
Բնակարանների վարձերի վճարման հարցում օգնում է նաև «Առաքելություն արևելք» մարդասիրական օգնության կազմակերպությունը:
Տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արմեն Բեժանյանի փոխանցմամբ՝ իրենք էլ մասնակի վճարում են բնակարանի վարձը, սոցիալական աջակցություն են ցուցաբերում:
Հայկական Կարմիր խաչի ընկերության Լրատվական լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանն էլ հայտնեց, որ իրենց կողմից էլ տրամադրվում է մարդասիրական օգնություն, որն է՝ դեղորայք, սնունդ, հիգիենայի պարագաներ: Սիրիահայերին տրամադրվում են նաև գործիքներ, որպեսզի նրանք այստեղ կարողանան աշխատել.
«Բիզնես հիմնելու հարցում օգնում ենք ամենախոցելիներին և դա որոշում է ստեղծված գնահատման հանձնաժողովը՝ հիմնվելով միջազգային չափանիշների վրա»,-նշեց Նունե Գրիգորյանը:
Կազմակերպությունների ներկայացուցիչները վստահեցնում են՝ սիրիահայերը երբ իջնում են օդանավակայան, ապա նրանց տրվում են թերթիկներ, որտեղ կա ամբողջ ինֆորմացիան՝ ո՞ւր գնալ, ո՞ւմ դիմել:
Միաժամանակ ցավով են նշում՝ սիրիահայերը Երևանից բացի ուրիշ տեղ չեն ցանկանում մնալ, այն դեպքում, որ մարզում բնակվելու պարագայում օժանդակում են ոչ թե 3 ամսով, այլ՝ 2 տարով:
«Իրենք ուզում են ապրել Երևանում ու Փոքր կենտրոնում: Հրաժարվել են անգամ Դիլիջանում գտնվող սոցիալական բնակարաններից»,-նշեցին կազմակերպությունների ներկայացուցիչները:
Անի Կարապետյան