▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռումինիայի Հայոց Թեմի պարզաբանումը

Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվանն արձագանքել է ռումինահայ համայնքից ստացված նամակի հիման վրա Asekose.am-ում հրապարակված «Ով է Վեհափառի ներկայացուցիչ բարետես տիկին Բելլան» վերնագրով հրապարակմանը, որը ներկայացնում ենք ստորև:

 Մեր մտահոգությունն ենք հայտնում նմանատիպ ապատեղեկատվության տարածման համար և թյուրիմացություններից խուսափելու համար ցանկանում ենք պարզաբանել հետևյալը:

Նախ նշենք, որ Ռումինահայոց Թեմի առաջնորդարանի քարտուղարության պատասխանատու գործի համար հայախոս անձնավորության փնտրտուքները սկսվել էին դեռևս 2009թ-ից, երջանկահիշատակ Տ. Տիրայր արք. Մարտիկյանի առաջնորդության տարիներից: Այդ հարցը քննարկվել է 04.10.2009թ. կայացած Թեմական Խորհրդի ժողովի ժամանակ, սակայն 2011թ. Տիրայր Սրբազանը մահացավ՝ այդպես էլ չհասցնելով գտնել արժանավոր մեկին: Այդ ընթացքում երբեք չի դադարեցվել փնտրտուքը: 19.02.2016թ. տեղի ունեցած Թեմական Խորհրդի ժողովի Թեմակալ Առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանի կողմից հերթական անգամ բարձրաձայնվել է այս հարցը և որևէ առարկություն չի եղել այդ առնչությամբ: Եվ ահա ս.թ. մարտին հաջողեցինք գտնել արժանավոր անձնավորության, որը համապատասխանում էր վերոնշյալ պահանջներին: Բելլա Մուրադյանը Ռումինահայոց Թեմի Առաջնորդարանում աշխատանքի է անցել ս.թ. մարտի 16-ից՝ որպես քարտուղարության պատասխանատու և անձնակազմի ղեկավար՝ Ռումինիայի Կրոնների նախարարության համապատասխան գրության ու թույլտվության հիման վրա: Հարկ է շեշտել, որ սա եղել է ոչ թե առաջնորդի անձնական կամ քմահաճ որոշումը, այլ Ռումինիայի Հայոց Թեմի Թեմական Խորհրդի որոշումը: Ընտրության հարցում կարևորվել է հատկապես հայերեն և ռումիներեն լեզուների իմացությունը, քանզի պաշտոնական նամակներն ու գրությունները Հայոց Թեմում կատարվում են թե հայերեն և թե ռումիներեն: Հետևաբար սուտ է այն տեղեկատվությունը, թե Բելլա Մուրադյանը լավ չի տիրապետում վերոնշյալ լեզուներին: Ասենք ավելին, ոչ միայն տիրապետում է հայերեն և ռումիներեն լեզուներին, այլ նաև ռուսերեն և անգլերեն: Վերջինս բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանում, այնուհետև կրթությունը շարունակել է Ռումինիայում՝ ավարտելով մագիստրատուրան և ստանալով մագիստրոսի կոչում: Նշենք նաև, որ նախկին քարտուղարն ազգությամբ ռումինացի էր, չէր տիրապետում հայերեն լեզվին, չուներ բարձրագույն կրթություն, չկար նաև Թեմական Խորհրդի համապատասխան որոշումը իր աշխատելու հետ կապված, հետևաբար չէր կարող պատասխանել բոլոր այն պաշտոնական գրություններին, որոնք ստացվում էին հայերեն լեզվով, իսկ դրանք, մեղմ ասած, քիչ չէին: Հետևաբար Ռումինահայոց Թեմի Առաջնորդարանում անհրաժեշտ էր հայախոս անձ՝ հատկապես վերոնշյալ երկու լեզուների իմացությամբ:

                Ինչ վերաբերում է ձայնագրությանը, ապա պետք է նշենք, որ առնվազն սխալ է կտրել որևէ մեկի խոսքը, հանել կոնտեքստից և փորձել մեկնաբանել ըստ անհրաժեշտության: Ձայնագրությունը կատարվել է Առաջնորդարանի աշխատակազմի հետ Սրբազան Հոր հանդիպման ժամանակ, երբ Առաջնորդ Սրբազան Հայրը ներկայացնում էր քարտուղարության նոր պատասխանատուին և անձնակազմի ղեկավարին և բացատրում էր վերջինիս պարտականությունները: Այսինքն՝ Բելլա Մուրադյանը ի պաշտոնէ պատասխանատու է Ռումինահայոց Թեմի և աշխարհասփյուռ Թեմերի, Ռումինահայոց Թեմի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև հաղորդակցության, պաշտոնական գրությունների, նամակագրության, առաջնորդական ու պաշտոնական այցելությունների կազմակերպման և նմանատիպ վարչական այլ հարցերի համար: Եվ եթե Առաջնորդ Սրբազան Հոր խոսքից կտրում ենք այս ամենը և թողնում միայն որևէ մեկի ներկայացուցիչ լինելու հանգամանքը, ապա դա ընդունելի չէ, չնայած, եթե քննենք, ապա պիտի տեսնենք, որ ի պաշտոնէ անձնակազմի պատասխանատուն ներկայացնում է այն Թեմը, ուր կոչված է ծառայության: Իսկ Ռումինահայոց Թեմը, չմոռանանք, ենթակա է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Հարկ է նշել նաև, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհափառ Հայրապետի միակ պաշտոնական ներկայացուցիչը Ռումինիայում Տ. Տաթև եպս. Հակոբյանն է՝ որպես առաջնորդ Ռումինահայոց Թեմի:

                Ինչ վերաբերում է Բելլա Մուրադյանին երկրից արտաքսելու ինչ որ որոշմանը, ապա դա ևս մեկնաբանության և բացատրության կարիք ունի: Նախ նշենք, որ նման որոշում կայացվել է 4 անձերի նկատմամբ՝ Բելլա Մուրադյան, արժ. Տ. Օշական քահանա Խաչատրյան, արժ. Տ. Հեթում քահանա Թարվերդյան, ով այս պահին այլևս չի ծառայում Ռումինահայոց Թեմում և Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ետ է կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Կարեն դպիր Բուլուտյան: Վերոնշյալ բոլոր անձինք ծառայում կամ աշխատում են Ռումինիայի Հայոց Թեմում, Ռումինիայի Կրոնների նախարարության համապատասխան գրության ու թույլտվության հիման վրա, ինչպես նաև համաձայնությամբ ու որոշմամբ Թեմական Խորհրդի: Առաջնորդարանն ու Հայ Եկեղեցին Ռումինիայում աշխատում և գործում են միմիայն օրենքի բոլոր նորմերը հարգելով ու ենթարկվելով տվյալ երկրի պետական օրենքներին ու սահմանադրությանը, ինչպես նաև Ռումինահայոց Թեմի ներքին կանոնադրությանը: Ինչ վերաբերում է Էմիգրացիոն ծառայության կայացրած անհիմն որոշմանը, ապա դա ոչ թե մեր կողմից որևէ խախտում կատարելու համար է, այլ այն պատճառով, որ Ռումինիայի Էմիգրացիոն ծառայության օրենքը և Կրոնների նախարարության օրենքը չեն համաձայնեցված մեկը մյուսին և հակասում են իրար: Հետևաբար խնդիրը տեղի օրենքների անկատարության մեջ է, այլ ոչ թե մեր աշխատակիցների ու ծառայողների: Այս խնդրի հետ կապված Առաջնորդ Սրբազան Հայրը հանդիպել Ռումինիայի նախագահի խորհրդականի հետ և քննարկվել է հարցը արագ և արդյունավետ լուծելու տարբերակը, այն է՝ հնարավորինս արագ շտկել օրենքի մեջ տեղ գտած թերությունները և չխոչընդոտել Ռումինահայոց Թեմի օրինական գործունեությանը: Այս խնդրի առընչությամբ բողոքներ ենք ներկայացրել նաև պետական բոլոր համապատասխան մարմիններին, դատական հայցեր ներկայացնելով նաև Էմիգրացիոն ծառայության դեմ, անհիմն որոշումներ կայացնելու համար, ինչի արդյունքում ժամանակավորապես այդ որոշումները կառչվել են, մինչև հարցի վերջնական լուծումը:

                Վստահ եմ, որ այս պարզաբանումները լույս կսփռեն ամեն տեսակ թյուր մտածումների և տարակարծությունների վրա՝ ապացուցելով հանդերձ, որ երեկ հրապարակված ձայնագրությունն ու դրա շուրջ ստեղծված ստահոդ մեկնաբանությունները ընդամենը մի քանի հոգիների կողմից մասնավոր կերպով կատարվող սադրանքներ են, հիմնված անձնական շահերի ու նկատառումների վրա: Այդ անհատների ցանկությունն է հեռացնել հայ համայնքին իր արմատներից ու արժեքներից, ունենալ ազգությամբ ռումինացի աշխատողներ ու սպասավորող հոգևորականներ՝ նույնիսկ հայ եկեղեցիների մեջ սրբազան արարողությունները ռումիներեն լեզվով կատարելու և հայ լեզուն ու մշակույթը մոռացության մատնելու համար: Մեզ համար նման դիրքորոշումը ընդունելի չէ: Ռումինահայոց Թեմը, որպես Եվրոպայի հնագույն Հայոց Թեմ, այսօր էլ շարունակում է վստահորեն իրականացնել իր առաքելությունը՝ հավատավոր մեր զավակների մեջ սերմանելով հավատ առ Բարձրյալն Աստված, սեր դեպի մեր Մայր Եկեղեցին, դեպի Մայր Հայրենիք և դեպի հայկական դարավոր արժեքներ:

Ռումինիայի Հայոց Թեմի մամլո դիվան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more