▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքամայր Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ

 

 

 

«Պարող ճարտարապետության քաղաք» խորագրով լուսային շոու` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում

 

Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո, յուրօրինակ մոտեցումների ու լուսային ձևավորման շնորհիվ քաղաքապետարանի շենքի կամարակապ ճեմասրահը կենդանացել ու դարձել է պարող ճարտարապետություն:

 

 

Մայրաքաղաքին մշակութային ու տոնական ողջույն են հղել նաև ՀՀ համայնքների ստեղծագործական խմբերը

 

«Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության առթիվ, ավանդույթի համաձայն, մայրաքաղաքին իրենց մշակութային ողջույնն են բերել ՀՀ տարբեր մարզերից երգի ու պարի ճանաչված համույթներ ու անհատ կատարողներ, որոնք այս տարի հանդես են եկել «Նվիրում մայրաքաղաքին» խորագրով համերգային ծրագրով: Համերգին, ի դեպ, մեծահասակների հետ ելույթ ունեցան նաև մանկապատանեկան համույթներ:

 

 

 

 

Ավանդական հեծանվավազքը` տոնական միջոցառումների շարքում

 

Մայրաքաղաքի տոնական միջոցառումների շարքում սպասվածներից մեկն էլ տոնական հեծանվավազքն է, որն այս տարի մեկնարկել է Արգիշտիի փողոցից և Իտալիայի փողոցով հասել Հանրապետության հրապարակ: Մարզիկները վերադարձել են նույն երթուղով և վերջնականգառն էլ կատարել դարձյալ Արգիշտիի փողոցում: 

Հեծանվորդների խումբը տոնական երթն անցկացրել է Երևանի դրոշներով:

 

 

 

 

«Արևային ջազ»՝ Կասկադում

 

Քաղաքամայր Երևանի 2798-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետարանը «Հայկական ջազի ասոցիացիայի» հետ համատեղ հաճելի անակնկալ է մատուցել ջազի սիրահարներին:
«Կասկադ» համալիրի տարածքում ջազի բեմահարթակում «Արևային ջազ» խորագրով hամերգային ծրագրով ելույթ են ունեցել հայկական ջազի անհատ կատարողներն ու ջազային նվագախմբերը, այդ թվում Երվանդ Երզնկյանը, Արմեն Թութունջյանը (Չիկո), ովքեր ներկայացրել են հայ և արտասահմանցի ջազմենների հայտնի կատարումներ:

 

Տոնական դիսկոտեկ` Ազատության հրապարակում 

 

Մայրաքաղաքի բնակիչներն ու քաղաքի հյուրերը Երևանի տոնը նշել են մինչև ուշ երեկո: Պարային ռիթմերի հետ Ազատության հրապարակն անցել է երիտասարդներին ՝ տոնական դիսկոտեկի հնչյունների ներքո վերածվելով պարահրապարակի: 

Դիսկոտեկի մասնակիցներին անակնկալ է մատուցել dj Դեյլը: Երևանի քաղաքապետարանի կողմից տոնակատարության միջոցառումների շարքում կազմակերպված դիսկոտեկը շատ երիտասարդների համար եղել է օրվա տոնական լավագույն հարթակը: 
Երաժշտական միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ երեկո:

 

 

 

 

«Երևանյան զբոսանք. hնի և նորի հանդիպում»՝ Հյուսիսային պողոտայում

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում առաջին անգամ մայրաքաղաքի 2798-ամյակին նվիրված միջոցառումների շարքում կազմակերպվել է «Երևանյան զբոսանք. հնի և նորի հանդիպում»: Հյուսիսային պողոտայի միջնամասում ձևավորված հարթակում ներկայացվել են զինագործ դարբինների, այդ թվում 1650-ական թվականներից հայտնի Չիլինգարյանների տոհմի դարբինների հին և ժամանակակից զինատեսակներ, նաև տեղում դարբնի հետաքրքիր աշխատանքներ են մշակվել: Այս հարթակում իրենց աշխատանքներն են ցուցադրել նաև ժողովրդական վարպետ Աշոտ Գալստյանն ու զենքերի արտադրությամբ զբաղվող մի շարք ընկերություններ:

Միջոցառումն ուղեկցվել է բեմականացված համարներով: 
Առաջին անգամ անցկացվող նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել, և հարթակն ամբողջությամբ մարդկանց օղակով է շրջապատվել:

 

 

 

Էրեբունի փողոցը վերածվել է տոնական ինքնատիպ բեմահարթակի

«Երևան՝ արև քաղաք» կարգախոսով անցկացվող «Էրեբունի-Երևան 2798» տոնի շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Ազատամարտիկների փողոցի խաչմերուկն ընկած հատվածում ներկայացվել են տոնական ձևավորվամբ ավելի քան 80 տաղավարներ: 

Բացօթյա յուրօրինակ ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում ներկայացվել են ժողովրդական արվեստի գործեր, այդ թվում` ձեռագործ աշխատանքներ, հուշանվերներ, տարազներ, ինչպես նաև գեղանկարներ, Երևանի մասին պատմող գրականություն: Կազմակերպվել է ազգային խոհանոցին ուտեստների հյուրասիրություն: 
Տաղավարներում ներկայացվել են նաև վարչական շրջանի մշակութային հաստատությունների սաների աշխատանքները:
Էրեբունի փողոցում տեղակայված բեմահարթակն էլ ապահովել է միջոցառման երաժշտական մասը:

 

 

 

 

 

Շնորհավո՜ր տոնդ, Արևի քաղաք Երևան

 

Մայրաքաղաքի ծննդյան 2798-ամյակին նվիրված տոնական միջոցառումները եզրափակվել են արևային մեր մայրաքաղաքի երկինքը զարդարող շքեղ հրավառությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more