Lurer.com-ը գրում է.
Սահմանային լարվածությունը մեզ համար նորություն չէ, և Ադրբեջանն իր այդ քայլով փորձում է իր հասարակությանն իրականությունից շեղել: Կայքի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով սահմանային լարվածությանն ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն, ում համոզմամբ՝ Ադրբեջանը դեռևս պատրաստ չէ լայնածավալ պատերազմական գործողությունների:
«Ամեն ինչ մենք պետք է դիտարկենք համեմատության կարգով, որովհետև Ադրբեջանը միշտ էլ նման դեստրուկտիվ քաղաքականություն վարել է: Այսօր էլ որևէ հատուկ զարգացում տեղի չի ունենում»,- ասաց նա՝ հավելելով, որ ապակառուցողական քաղաքականությունը բխում է նաև Ադրբեջանի էությունից: «Այդ պետությունն իր էությամբ ֆաշիստական ու ահաբեկչական է, իսկ ագրեսիվ քաղաքականությունը՝ որդեգրած ուղին»:
Դավիթ Բաբայանը չբացառեց լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը, բայց չի կարծում, թե Ադրբեջանն այս պահին կգնա այդպիսի քայլի. «Այդ վտանգը միշտ էլ եղել է ու կա, և մենք միշտ էլ պատրաստ ենք, բայց լայնածավալ գործողություններին նախևառաջ պատրաստ չէ Ադրբեջանը, որը վայնասուն բարձրացրեց ցուցադրված Իսկանդերի համար: Քառօրյա պատերազմում նա ունեցավ թե՛ մարդկային, և թե՛ զինտեխնիկայի հսկայական կորուստներ, իսկ ձախողված բլիցկրիգն ու ջախջախիչ պարտությունը նրան հնարավորություն չեն տա նոր գործողություններ վերսկսել: Այդպիսի հետևանքները մարսելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի»,- հավելեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում