1992-ին Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հոկտեմբերի 10-ը հռչակել են հոգեկան առողջության միջազգային օր:
«Հայաստանում հոգեկան խանգարումներով հաշվառված քաղաքացիների թիվը մոտ 50.000 է, սակայն անհամեմատ մեծ քանակությամբ՝ մոտ 650.000 հայ հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունի: Սխալ չհասկանաք, նրանք հոգեկան հիվանդներ չեն, այլ ունեն հոգեբանական խնդիրներ.լարված են, տխուր են, մտահոգ են...Սրանք կարճատև իրավիճակներ են և խնդրի չլուծման դեպքում հիվանդություն են դառնալու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Սուքիասյանը:
Հոգեբանը նկատում է՝ Հայաստանի իրավիճակը չի կարող չազդել քաղաքացիների վրա.
«Շատ մարմնական հիվանդությունների պատճառը հոգեբանականն է: Հետևաբար, հիմա աճել է շաքարային դիաբետով, ուռուցքային, սիրտ-անոթային հիվանդություններով տառապողների թիվը»,-նշեց Սամվել Սուքիասյանը՝ հավելելով.
«Եթե վերցնենք միջազգային փորձը, ապա բնակչության յուրաքանչյուր 4-րդ քաղաքացին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, սակայն հոգեբույժի կամ հոգեբանի փոխարեն դիմում է սրտաբանի, էնդոկրինոլոգի, նյարդաբանի»:
Անի Կարապետյան