▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լուսավոր, վերածնված Արթուր Բաղդասարյանը»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Լուսավոր Հայաստան կուսակցության և «ԱԽՔ»-ի միջև կնքված «քաղաքական համագործակցության մասին հուշագրի» վերաբերյալ խոստացածս անդրադարձն աշխատել եմ կառուցել հիմնականում չոր փաստերի վրա, որոնցից էլ բխում կամ կարող է բխել օբյեկտիվ քաղաքական իրականությունը թե՛ ԼՀ-ի՝ որպես քաղաքական ուժ հետագա գործունեության համատեքստում, թե՛ ընդհանուր ներքաղաքական վերադասավորումների և ավելի գլոբալ փոփոխությունների համատեքստում: 
Նախ՝ պետք է ֆիքսել, որ ԼՀ-ի Վանաձորում գրանցած արդյունքը բավականին կանխատեսելի և զուտ տեղային արդյունք էր, և բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ այլ բնակավայրերում տվյալ կուսակցությունն անգամ 1 տոկոսի հասնող ձայներ չունի: Հետևաբար, անգամ այն հանգամանքը, որ Վանաձորի քաղաքապետ կարող է դառնալ Էդմոն Մարուքյանի եղբայրը, ավելի գլոբալ քաղաքական գործընթացների համատեքստում ռազմավարական նշանակություն չի կարող ունենալ: Իսկ այն մարդիկ, ովքեր փորձում են որևէ ձևով տվյալ «հաղթանակը» (արթուրբաղդասարյանական մեթոդներով հաղթանակ տարել է նաև ՀՀԿ-ն) ներկայացնել քաղաքական հաշվարկների և սպասվող համապետական ընտրություններում ԼՀ-ի կողմից ռազմավարական առանձին քարոզչության հետ, մեղմ ասած, անլուրջ են: 
Եթե մինչ այս ԼՀ-ն հավակնում էր ստանալ Արևմտյան արժեքներով առաջնորդվող անհատների և քաղաքացիների քվեն, ապա ՀԱՊԿ ակադեմիայի ղեկավարի պաշտոնին հավակնող, ՌԴ-ում «վերածնված», 2008-ին մարտի մեկի արյունի տակ ստորագրած Արթուր Բաղդասարյանի հետ դաշնակցելով այդ կուսակցությունն անգամ կորցրեց տվյալ քվեները ստանալու հավանականությունը: Համենայնդեպս, ԼՀ-ի կողմից սկզբնական շրջանում հռչակած գաղափարների և նպատակների համատեքստում Արթուր Բաղդասարյանի և ԲՀԿ-ի հետ «հուշագրեր ստորագրելը» ռազմավարական սխալ էր: 
Ի՞նչ կարող է տալ Վանաձորի քաղաքապետի պաշտոնը «Արևմտյան արժեքներ քարոզող» ուժին համապետական ընտրությունների համատեքստում: 
Երբ Էդմոն Մարուքյանը կոալիցիայի առաջարկ արեց ՕԵԿ-ԲՀԿ տանդեմին, իր կողմնակիցներից շատերը պնդում էին, թե իբր այդ առաջարկի էությունը ոչ թե ՕԵԿ-ԲՀԿ-ի հետ համագործակցելն էր, այլ նրանց «դիմակները պատռելը»: Այսինքն, ԲՀԿ-ի և, առավել ևս, ՕԵԿ-ի դիմակները մինչ այս պատռված չէին, ու ԼՀ-ն փորձում էր պատռել: Բնականաբար, ԼՀ-ի այս մոտեցման պատճառը տվյալ կուսակցություններից բացասական պատասխան ստանալու դեպքում սեփական քայլը հիմնավորելու հնարք էր, որն ամբողջությամբ համապատասխանում է դաշտում ստեղծված կոնյուկտուրային: Բայց այս պարագայում արդեն, երբ ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն ընդունել են առաջարկը, ԼՀ-ն հայտնվել է ոչ այնքան հարմար իրավիճակում:


Ի՞նչ շահեց ԼՀ-ն ՕԵԿ-ԲՀԿ-ի հետ կոալիցիա կնքելուց 
Ըստ էության, լոկալ առումով ԼՀ անդամը կընտրվի Վանաձորի քաղաքապետ, և դա կլինի առաջին ու վերջին օգուտը, որը ԼՀ-ն կստանա այս կոալիցիայից: Ավելի լայն քաղաքական առումով, ԼՀ-ն կորցրեց շատ ավելին, քան կարելի էր կորցնել հանուն Վանաձորում քաղաքապետ ունենալու: Նախ՝ ԼՀ-ն ապացուցեց, որ իր հռչակած նպատակներն ու արժեքներն ընդամենը մանիպուլյացիոն բնույթ են կրել, քանի որ, մեղմ ասած, անհնար է Արևմտյան արժեհամակարգը զուգորդել ամբողջությամբ պրոռուսական (կոլաբորացիոնիստ) ուժերի հետ:
ԼՀ-ն կոալիցիա է կնքում այնպիսի ուժերի հետ, որոնք իրենց գործունեության ողջ ընթացքում ապացուցել են, որ հեռու են ժողովրդավարական արժեքներից, որոնց կազմում ավելի շատ քրեական տարրեր կան (ՕԵԿ-ի վանաձորի թեկնածուի ականջը կանչի), որոնք միշտ ծառայել են իշխանությանը և, որոնց ուղղեկցությամբ մեր երկրում անհնարին է համակարգային փոփոխություն անել: Եվ, որ ամենանվաստացուցիչն է, (միգուցե ասվածը քաղաքական կատեգորիա չէ) Էդմոն Մարուքյանը վերածնեց Արթուր Բաղդասարյանին: 
Հ.Գ. Այսքանից հետո ԼՀ-ի համար ռամավարական նշանակության հարց պետք է դառնա խորհրդարանական ընտրություններում ՕԵԿ-ի կազմի մեջ մտնելը, քանի որ հակառակ պարագայում միայն Վանաձորում 10 հազար ձայն ստանալով ԱԺ չի մտնի, չնայած խիստ կասկածում եմ, որ Արթուր Բաղդասարյանի դաշնակցին այսուհետ կքվեարկեն անգամ Վանաձորում:

Նարեկ Սամսոնյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more