▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուրջ էներգետիկ վտանգ կա

Թբիլիսում հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը  տեղացած անձրևների պատճառով բարձրացել էր Քուռ գետի մակարդակը և հեղեղել աջ ափը: Ջրհեղեղը խլելով 14 կյանք:  Ազատության մեջ հայտնվեցին  կենդանաբանական այգու կենդանիները:  Երկրին հասցվեց մոտ 45 մլն դոլարի վնաս:

Եվ, եթե Հայաստանում էլ հորդառատ  անձրև եկավ, նույն բանը կարող է տեղի ունենալ Երևանում:

Այս աղետը հիմք հանդիսացավ, որպեսզի շատերը հիշեն 1946 թվականի մայիսի 25-ի Երևանի ջրհեղեղը,  ու կրկին մասնագետները բարձրաձայնեն վտանգները: Նրանք նշում են, որ այդ ժամանակ Երևանի եթե ոչ կեսը, ապա մեկ երրորդը քանդվել  է: 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինգա Զարաֆյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մեզ մոտ նույն իրավիճակն է՝ և՛ Հրազդանի, և՛ Գետառի հետ կապված.

«Գետառ գետի հունը հոսելու տեղ չունի, առանց թույլտվության խողովակի մեջ է վերցված: հաշվի չեն առել փորձագետների բացասկան կարծիքը: Ուստի լուրջ վտանգ կա, քանի որ երբ մի քիչ շատ անձրևներ են գալիս, այն մասը, որով գետը պետք է իր հունով գնա, չկա: Ջրի հոսանքի տեղ գնալու հնար չկա: Մեր կոմունիկացիաները շատ վատ վիճակում են: Նույնը նաև Հրազդանի դեպքում: Ճիշտ է, խողովակի մեջ չեն վերցնում, բայց  հունը լրիվ փակում են՝ կառուցելով անօրինական օբյեկտներ:  Ու, եթե գետը դուրս գա ափերից, մեծ վնասեր կլինեն: Չէ՞ որ այդտեղ միայն օբյեկտները չեն: Մարդիկ շատ են գնում հանգստանալու այդ տարածքում, այդտեղ է գտնվում նաև Երևանի ՀԷԿ-ը: Այսինքն, լուրջ էներգետիկ վտանգ կա.բա որ ՀԷԿ-ին մեկ բան լինի, ո՞վ է պատասխան տալու, իհարկե՝ ոչ ոք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ջրհեղեի կրկնությանը, Ինգա Զարաֆյանը նկատում է՝ «Բոլորն էլ գիտեն, որ կկրկնվի: Եթե գետը մեկ անգամ ափերից դուրս է եկել, դա նշանակում է, որ կլինի ևս մեկ անգամ: Իսկ, ի՞նչ եք կարծում, խողովակի մեջ գետը ո՞նց կզգա»:

Իսկ թե ինչու ականջալուր չեն լինում մասնագետների հայտնած կարծիքներին, Ինգա Զարաֆյանը նկատում է՝

«Փողի ճնշում կա»:

Նշենք, որ 24 կմ երկարությամբ և 158 քառ. կմ ավազանով Գետառը սկիզբ է առնում  Գեղամա լեռներից 1570 մ բարձրությունից, հոսում և անցնում է Երևանի միջով, այնուհետև խառնվում Հրազդան գետին: Վերջին սելավը եղել է 1950-ին, որին նախորդած 1946 թ. բացառիկ ուժգնությամբ սելավը կաթվածահար է արել ողջ քաղաքը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more