Սկսվել է ստորագրահավաք՝ Լենինգրադյան փողոցն անվանափոխելու և Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչելու նպատակով, որի համար անհրաժեշտ է Երևանի բնակչության 1 տոկոսի ստորագրությունը, որից հետո պետք է ավագանին որոշում կայացնի:
«Մոտավոր հաշվարկներով մոտ 8000 ստորագրություն է անհրաժեշետ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախաձեռնողներց Լևոն Զաքարյանը:
Նշենք, որ արցախյան ազատամարտի հերոս, ռազմական գործիչ, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է 1942 թ. Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին:
1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ. հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ միասին նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը: 1992 թ. հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ, զոհ է գնացել թշնամու դավադիր կրակոցներից։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։
Անի Կարապետյան