Այս նկարն արվել է 1958 թվականին, լուսավոր և քաղաքակիրթ Եվրոպայի կենտրոնական պետություններից մեկում՝ Բելգիայում, ուր գործում էր սևամորթների գազանանոց: Այս փոքրի աղջիկը կենդանաբանական այգու սովորական նմուշ է, և բելգիացիները, առանց որևէ անհարմարություն զգալու, գալիս էին նայելու, թե ինչ են իրենցից ներկայացնում և ինչպես են ապրում <ուրիշ> մարդիկ՝ սևամորթները:
Կենդանաբանական այգին ինքնին զզվելի երևույթ է, և չի ծառայում իր բուն նպատակին՝ կենդանիներին երեխաներին ներկայացնելուն: Զզվելի է, որովհետև չի կարելի կենդանիներին կտրել իրենց բնական միջավայրից, իսկ չի ծառայում իր նպատակին, որովհետև նման կերպ երեխաները կենդանիների մասին գրեթե ոչինչ իմանալ չեն կարող, կարող են միայն իդենտիֆիկացնել նրանց: Բայց դա նաև գրքերով կարող են անել:
Մենք ավելի շատ բան հաղորդած կլինեինք մեր երեխաներին կենդանիների և բնության մասին, եթե չունենայինք գազանանոց և բացատրեինք երեխաներին, որ ազատ ենք արձակել բոլոր կենդանիներին, քանի որ չունենք նրանց իրենց բնական պայմաններից կտրելու և բնականին մոտ պայմաններում պահելու իրավունք:
Իսկ այն, որ սպիտակամորթները վանդակներում արդեն ոչ թե սևամորթ մարդկանց են պահում, այլ կենդանիներ, ոչ մի հումանիզմի մասին չի վկայում: