168.am-ը գրում է. Արցախում զոհված զինծառայող Սասուն Մկրտչյանը հետախույզ-գնդացրորդ էր: 1989թ. ծնված զինծառայողն ապրիլի 1-ին եկել էր տուն, սակայն հաջորդ օրը նորից Արցախ էր մեկնել. վերջին շրջանում Թալիշում է եղել: Սասունը մի քույր ունի, սիրած աղջիկ ուներ, պատրաստվում էր նշանվել: Սասունի ընտանիքը Երևանում է բնակվում:
«Իմ տղան հերոսացավ, դարձավ պատմություն»
«Քանի որ Սասունի նախնիները գաղթել էին Արևմտյան Հայաստանից, մեր ընտանիքում միշտ խոսվել է հայրենասիրությունից, հայ-թուրք հարաբերությունից: Այդ ոգին եղել է մեր ընտանիքում: Դաստիարակել ենք ու չենք էլ զգացել, թե ինչ է իր մեջ ձևավորվում»,- ասում է Սասունի մայրը՝ նշելով, որ բանակից զորացրվելուց հետո Սասունն աշխատանքի է անցել վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ, այդ ընթացքում ընդունվել Համալսարան, իրավաբանություն սովորել, միաժամանակ աշխատել և սովորել է: Վերաքննիչ դատարանում որոշ ժամանակ աշխատելուց հետո նա աշխատանքի է անցել խաղաղապահ զորքերում: «Չնայած իմ սրտով չէր՝ երեք տարով պայմանագիր կնքեց: Ասում էի՝ տղա՛ ջան, մարդիկ նույնիսկ երկու տարով իրենց երեխաներին բանակ չեն ուղարկում: Մեր տունը դարձել էր զինվորական զորամաս, որտեղ նայում էիր՝ իր շորերն էին: Ինքն էլ այնքան էր սիրում իր զինվորական լինելը»,- ասում է տիկին Նարինեն: Նրա խոսքով՝ որդին որոշ ժամանակ աշխատել է նաև Սիրահարների այգում: «Այդ ընթացքում իր գործերը տվել էր Հատուկ ծառայության ջոկատ: Խոսում էինք իր վրա՝ մինուճար տղա ես, ամբողջ կյանքդ կապում ես զինվորական գործի հետ, ասում էի՝ վտանգավոր է: Ասում էր՝ մա՛մ ջան, վտանգ չկա: Բերեց պայմանագիրը՝ կնքված երեք տարով, և արդեն 1.5 տարուց ավելի Հատուկ ծառայության ջոկատում էր աշխատում»,- ասում է տիկին Նարինեն՝ ավելացնելով, որ Սասունն իր աշխատանքից ոչինչ չի պատմել:
Արցախում Սասունը տարբեր հատվածներում է եղել, սակայն վերջին շրջանում Թալիշում է եղել:
Սասունը սիրած աղջիկ ուներ, որոշել էին, որ պիտի նշանադրվեին, սակայն, քանի որ նա շուտ-շուտ էր Արցախ գնում, չի ստացվել.
«Ինքն էլ շատ էր փոխվել՝ կյանքով լեցուն, ուրախ: Ապրիլի 1-ին իրենց 15 օրը լրացել էր: Իրենց փոխարինել էին, իրենք ետ եկան: Բայց այդ 15 օրն այնքան դժվար էր ինձ համար: Երբ եկավ, ասացի՝ հազիվ եկար»:
Ապրիլի 1-ի երեկոյան մայր ու որդի երկար զրուցել էին, խոսել նշանադրության մասին, իսկ առավոտյան շուտ Սասունին կանչել են: Որոշ ժամանակ անց զանգել էր ու ասել, որ Արցախ են գնում:
«Մինչև Ղարաբաղ հասնելը զանգեցինք, խոսեցինք, հորդորեցինք զգույշ լինել: Արդեն լուրեր էին տարածվել, տեսնում էինք, որ այնտեղ կռիվ է, բայց արդեն գնացել էր: Կամ ո՞վ կարող էր իրեն պահել, որ չգնար: Իրենք ապրիլի 1-ին եկել էին, հենց այդ գիշերը սկսվել է, ու սկսվել է Թալիշով, թուրքերը գրավել են երկու դիրքեր, իջել Թալիշ: Երբ իրենք գնացել են, ճիշտ է՝ Թալիշն ազատված է եղել, բայց իրենց դիրքերը թուրքերի ձեռքում են եղել: Իրենք ազատագրել են մի դիրքը: Ինքը շատ անվախ էր: Ընկերները եկել, պատմել են, ասել՝ երբեք չէինք պատկերացնի, որ Սասունի հետ պիտի նման բան լիներ, այդքան անվախ լինելով՝ նա մեզ միշտ ասում էր՝ տղե՛րք, զգո՛ւյշ եղեք, բայց նա փրկել է մեր կյանքը: Սասունը հետախույզ-գնդացրորդ էր: Հիմա միայն իր թղթերից եմ կարդում, իմանում իր ով լինելը: Շատ բաներ են ասում, որ մենք չենք իմացել, ասում են՝ շատ բաներ դուք դեռ կիմանաք իր մասին, բաներ կան, որ գաղտնիք են, երբեք չենք էլ իմանա, որովհետև հենց այնպես չէ, որ երկրի նախագահը պետք է գար և խոնարհվեր իմ տղայի առջև: Պատմում են, որ թուրքերն այնքան են մոտեցել, որ իր գնդացրով վեր է կացել ու հնձելով՝ առաջ գնացել: Շատ ծանր վիրավորվել է, պտտվող գնդակ է եղել: Ընկերներն իջեցրել են ներքև, տվել շտապօգնությանը: Ասում են՝ մենք արդեն ապահով էինք, որ Սասունը կփրկվի, բժիշկների ձեռքում է, բայց արդեն շատ ուշ է եղել: Ոչինչ չեն կարողացել անել: Բոլորն ասում են՝ գլուխներդ բա՛րձր պահեք, ձեր տղան ազգի հերոս է, շատ բան է արել, բայց միևնույն է՝ ծնողի համար ավելի լավ էր՝ իմ տղան ոչ հերոս լիներ, ոչ ոք իր մասին չլսեր, չիմանար՝ որքան հաջողություններ է կյանքում ունեցել: Ով չգիտեր, թող չիմանար, բայց նա մեր կողքին լիներ:
Ապրիլի 2-ին Սասունը զանգել է ծնողներին: Տիկին Նարինեի խոսքով՝ ինքը որդուն հորդորել է զգույշ լինել.
«Ասաց՝ մա՛մ, հանգի՛ստ եղիր, զգույշ եմ: Ասացի՝ կզանգես: Ասաց՝ կապ չի լինելու, հենց կապ լինի՝ ձայնս կլսեք: Էլ չլսեցինք մենք իր ձայնը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում