Թարմացված․ «Կիլիկիա» գարեջրի գործարանի մասով 2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթ կա՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուքրերը կամ այլ վճարները չվճարելու հատկանիշներով, - ասել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Գտնվում է նախաքննության փուլում: Կատարվել են քննչական գործողություններ: Տնտեսվարողին թույլատրվել է շարունակել գործունեությունը»,–ասել են գերատեսչությունից:
***
Պայթյունավտանգ իրավիճակ՝ «Կիլիկիա» գործարանում․ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի բիզնեսի շուրջ քննչական գործողություններ են։
ԱրմԼուր-ը գրում է, որ իրավապահ մարմիններից ահազանգ է ստացել, որ ՀՀ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Կիլիկիա» գործարանում ուրբաթ օրը ՀՀ քննչական կոմիտեի ՊԵԿ քննչական վարչությունը քննչական գործողություններ է իրականացրել և ողջ գործարանը փակել։
Ըստ տեղեկությունների՝ Քննչական կոմիտեի ՊԵԿ քննչական վարչությունը գործարար Հակոբ Հակոբյանին արդեն իսկ 450 միլիոն դրամի տուգանք է նշանակել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ գործարարը հրաժարվել է վճարել տուգանքը՝ պատճառաբանելով․ «Ի՞նչ սխալ բան եմ արել և ի՞նչ հիմքով պետք է այդ գումարը վճարեմ»։
Սկզբնաղբյուրը նաև գրում է, որ նկարահանող խմբի ներկայությամբ գործարանի փակ դռները բացվել են, սակայն պետք է նշել, որ ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2021 թվականից քննվող քրեական գործ կա, որի մասին միայն հիմա՝ 4 տարի անց, հիշել են։
Հիշեցնենք, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հակոբ Հակոբյանին պատկանող գարեջրի մեկ այլ գործարան, որը գտնվում է Դիլիջանում։
Հավելենք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն, այս առիթով, գրել է․
«Սոված հեղափոխականները երբեք չեն կշտանում...
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իմ ճանաչած ամենահամեստ, ամենաաշխատասեր ու օրինակելի գործարարներից է: Ես բացառում եմ Հակոբի կողմից որևէ լուրջ օրինախախտում՝ հարկային պարտավորությունների կամ այլ մասով:
Մեր գործարարները ուշ հասկացան կամ դեռ չեն էլ հասկացել, որ Նիկոլը, քաղաքական ընդդիմությանը չեզոքացնելուց հետո, անխուսափելիորեն գնալու էր ավտորիտար ռեժիմի բյուրեղացման ճանապարհով: ԶԼՄ-ները, համալսարաններն ու քաղաքացիական հասարակությունը սեփական դուքյանի վերածելուց զատ, գնալու էր նաև սեփականության վերաբաշխման ու հարձակվելու էր բիզնեսի վրա:
Սոված «հեղափոխականները» չեն կշտանում... երբեք»: