▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կապ ունեն Թոխմախի Մհերը, որդին, փեսան եւ Տույը Երրորդմասցի Լյովիկի սպանության հետ

armtimes.com-ը գրում է. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) տեղյակ է եղել նրա փեսայի՝ Արման Մադաթյանի (Մանչ) եւ Երրոդմասցի Լյովիկի միջեւ տեղի ունեցած վիճաբանության մասին:

Այսօր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Երրորդմասցի Լյովիկի» եւ երկու ընկերների սպանության գործով դատական նիստին ընթերցվեց հակահետախուզության վարչության պետի գրությունն ուղղված ԱԱԾ գնդապետ Մարուքյանին: Ըստ այդմ՝ 2014 թվականի ապրիլ-մայիսին Երեւանի Հյուսիսային պողոտայում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսայի` Արման Մադաթյանի եւ սպանված Երրորդմասցի Լյովիկի միջեւ, որին մասնակցել են նաեւ Արթուր Ղազարյանը (Քանաքեռցի Տույ), Արամ Վարդանյանը (Վստրեչի ապեր): Այս վիճաբանության մասին Արման Մադաթյանը տեղյակ է պահել իր աներոջը՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին (մականունը՝ Թոխմախի Մհեր) եւ նրա որդուն՝ Դավիթին: Վերջինիս հանձնարարությամբ Գաստիկը (ամբաստանյալ Վահան Հակոբյանը) սրճարանում ներկա գտնված Լեւոն Ղազարյանի երկու ընկերներին առեւանգել եւ ծեծել է՝ նրանց պահելով շների համար նախատեսված վանդակում: Այս դեպքից հետո Լեւոն Ղազարյանը իր հանցավոր կապերով Երեւանի Ավետիսյան փողոցից առեւանգել է Գաստիկին եւ նույն կերպ դաժան ծեծի է ենթարկել նրան, հասցրել դանակի բազմաթիվ հարվածներ: Երկու կողմն էլ բուժվել են տան պայմաններում եւ չեն դիմել հիվանդանոց: Այս միջադեպից հետո երկու կողմերի միջեւ թշնամական, լարված հարաբերություններ են սկսվել եւ մինչեւ սպանությունը եղել են բազմաթիվ բախումներ:

Դատարանը հրապարակեց նաեւ խուզարկության արձանագրությունները, համաձայն որի՝ Սարգիս Հախանումյանի՝ (Տլեի) տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է թուղթ՝ Հախանումյանի ձեռագրով գրված՝ Լյովիկի շրջապատի 15 մեքենաների համարներով ու դրանք վարողների անուններով: Հայտնաբերվել են նաեւ մարմնագույն 7 հատ դիմակներ, որոնց վերաբերյալ Հախանումյանի եղբայրը՝ Դավիթն ասել է, թե դրանք օգտագործել են «Հելոուինի» ժամանակ:

Հրապարակվեց նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տեսագրող սարքի տեսագրության արձանագրությունը: Տեսանկարահանող սարքը ֆիքսել է, որ 2015թ. մարտի 4-ին «Վազ» մակնիշի ավտոմեքենան կայանում է ՔԿՀ-ի ավտոկայանատեղիում, որից հետո նույն տեղում կայանում է «Լեսքսուս» մակնիշի ավտոմեքենան (այն պատկանում է Լեւոն Ղազարյանին-հեղ.): Տեսագրությունում երեւում է, որ ավտոկայանատեղիի կանգառում կանգնած է սպանված Մեսրոպ Ղազարյանը: «Վազ» մակնիշի ավտոմեքենայից դուրս են գալիս երեք անձինք, որոնք քրեական գործով ամբաստանյալներ Վահան Հակոբյանը (Գաստիկ), Սարգիս Հախանումյանը (Տլե) ու Սարգիս Գրիգորյանն (Ծըգլ) են: Շարժվելով դեպի «Լեսքսուս» մակնիշի ավտոմեքենան` նրանք իրենց ամրակցված ինքնաձիգերով կրակահերթ են բացում Մեսրոպ Ղազարյանի եւ մեքենայում գտնվող Լեւոն Ղազարյանի ու Դրաստամատ Թադեւոսյանի ուղղությամբ: Որից հետո կրակահերթ արձակած անձանցից մեկն արագ նստում է մեքենայի աջ նստատեղին, սակայն կրկին դուրս է գալիս եւ մյուսների հետ փախուստի դիմում: Նկատվում է մոտակայքում գտնվող անձանց խուճապը: Ստացվում է, որ սպանություն կատարողները շատ ավելի վաղ էին ժամանել ՔԿՀ ավտոկայանատեղի, սպասել էին Երրորդմասցի Լյովիկին՝ անակնկալ հարձակում կատարելու համար:

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Միլենա» տաքսի ծառայության եւ Ավան-Առինջի «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ տեսագրող սարքերի արձանագրությունը եւս հրապարակվեց: Ըստ այդմ, արձանագրվել է, որ եռյակից մեկը՝ Ծգըլը, բաժանվել ու գնացել է դեպի սուպերմարկետի գլխավոր մուտքը, մյուս երկուսը՝ Գաստիկն ու Տլեն, քայլել են դեպի աջ՝ փողոցից ներս ընկած հատվածը: Ծգըլի դեմքը ֆիքսված է սուպերմարկետի տեսախցիկով, նա անցել է ուղիղ տեսախցիկի առջեւով: Ապա անցել է դիմացի մայթ, գնացել է «Միլենա» տաքսի-ծառայության գրասենյակ, որի վրա ցուցանակ չի եղել: Գաստիկն ու Տլեն դեռ կանգնած են եղել սուպերմարկետի աջ կողմի ներս ընկած հատվածում: Նրանք կարճ վերնազգեստներով էին: Սուպերմարկետի տեսախցիկը ֆիքսել է, որ Գաստիկն ու Տլեն ինչ-որ բանից շատ ուրախ էին, ոգեւորված, նրանք ձեռքերը վեր են բարձրացրել, ողջունել ու, թվում է, շնորհավորել են իրար: Մի քանի րոպե անց տաքսի ծառայության աշխատող «Ձուկ» մականունով Նարեկը անցել է «Նոր Զովք» սուպերմարկետի դիմացով, գնացել է դեպի աջ՝ որտեղ կանգնած էին Գաստիկն ու Տլեն: Նարեկը գլխի շարժումով հասկացրել է, որ պետք է անցնեն սուպերմարկետի հետնամասով՝ հույս ունենալով, որ չեն ֆիքսվի տեսահսկող սարքերի կողմից: Բայց սուպերմարկետի հետնամասում գտնվող տեսահսկող սարքը ֆիքսել է, որ երեքը իջել են աստիճաններով, սուպերմարկետի հետնամասով շարժվել են դեպի «Միլենա» տաքսի-ծառայության գրասենյակ: Կարճ ժամանակ անց այնտեղից դուրս է եկել «Ձուկ» Նարեկը՝ ինչ-որ արկղ ձեռքին: Նա մոտեցել է ծառայության համար նոր ձեռք բերված մեքենային՝ «ՎԱԶ-2110»-ին, արկղը դրել է բեռնախցիկը: Ավելի ուշ «Միլենա» տաքսի ծառայության սեփականատեր Սուրեն Երեմյանը, որը Երեւանի ավագանու անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է, տաքսի ծառայության մեքենայով ամբաստանյալներին տարածքից տանում է եւ երեսուն րոպե անց վերադառնում:

Նշենք, որ ավագանու անդամի երկու եղբայրներն այս գործով մեղադրյալ են եղել. նրանք մեղադրվում էին Լեւոն Ղազարյանի սպանության մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանին, Սարգիս Հախանումյանին եւ Վահան Հակոբյանին պարտակելու մեջ: Ըստ մամուլում տարածված տեղեկությունների` դեպքի օրը մեղադրյալները եղել են Երեմյան եղբայրներին պատկանող «Միլենա» տաքսի ծառայությունում, սակայն հետո տեսաձայնագրությունը եղբայրները ջնջել են:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more