▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանուն հայկական ֆուտբոլի վառ ապագայի, պատրաստ եմ օժանդակել ՀՖՖ նորանշանակ նախագահին

Խայտառակության գագաթնակետը.

 Նախ սկսեմ նրանից, որ Աշխարհի 2014թ.-ի առաջնության ընթացքում Հանրային հեռուստատեսություն եկավ Վարուժան Սուքիասյանը՝ հաղորդումներից մեկին մասնակցելու համար: Հանրայինի միջանցքներով քայլելու ընթացքում հանդիպեցի Սուքիասյանին, ով ջերմ զրույցի էր բռնվել իմ ավագ գործընկերոջ հետ: Տեսնելով ինձ՝ Սուքիասյանը հեգնական հայացքով եւ խոսքի տոնայնությամբ հարցրեց ինձ, - Էն ֆուտբոլից հասկացող «մասնագետը» դու ե՞ս, փաստորեն: Շատ բան ես վերցրել քո վրա, քեզ դրել ես մասնագետի տեղ… Բնականաբար, չվիրավորեցի սույն պարոնին, միայն պատասխանեցի, - Այո, ես էս խաղի մասնագետն եմ ու ժամանակը ցույց կտա, թե մեզնից ով է ավելի շատ հասկանում ֆուտբոլից:

Ժամանակն անցավ ու եկավ պահը, երբ ապացուցվեց, որ համենայնդեպս հենց ինքը, ով իրեն հորջորջում էր ֆուտբոլի գիտակ, ապացուցեց, որ բացարձակ կապ չունի ֆուտբոլ կոչված հրաշք խաղի հետ: Ռումինիայի հավաքականի հետ կայացած խաղը եկավ վերջնականապես ցրելու Սուքիասյանի՝ իր տաղանդի մասին ունեցած ուռճացված պատկերացումները: Դեռեւս մինչեւ Ռումինիայի հետ կայացած խաղն ամեն ինչ պարզ էր, բայց ֆուտբոլասերը ներքուստ հույս ուներ, որ գոնե այս անգամ գլխավոր մարզիչը դասեր կքաղի եւ վերջապես կտեսնենք այն «խաղային սխեման», որին «համառորեն» չեն համապատասխանում Արթուր Սարկիսովը եւ մյուսները: Կատարելապես լինելով ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կատարածուն, Սուքիասյանը գտնում է զարմանահրաշ եւ գիտությանն անհայտ պատճառաբանություններ, թե՛ հավաքականի ձախողման, թե՛ կազմի ընտրության, թե՛ ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելու չափանիշների առումով: Եթե վստահ չես, որ չես կարող թոթափել ֆեդերացիայի նախագահի լուծը եւ շարժվելու ես նրա թելադրանքով, ապա թքած ունեցիր երկու կոպեկի վրա եւ մի խայտառակիր ինքդ քեզ: Մարդու պատիվն ավելի վեր է ցանկացած գումարից: Շատ են խոսում այն մասին, թե մեր ընտրանու ֆուտբոլիստների ճնշող մեծամասնությունը չունեն բավարար խաղային պրակտիկա եւ չունենք ընտրություն: Ընտրություն ունենք, թեկուզ փոքր: Գլխավոր մարզչի խնդիրն էլ հենց այն է, որպեսզի կարողանա առավելագույնս ճիշտ եւ արդյունավետ օգտագործել ձեռքի տակ եղած հնարավորությունները: Չեմ կարծում, թե չկային ֆուտբոլիստներ, ովքեր այսօր պատրաստ էին հանդիպմանը (եւ ոչ միայն այսօր), բայց քանի դեռ ֆեդերացիան ղեկավարում են սեփական շահի մասին մտածողները, այդ ֆուտբոլիստների համար փակ են հավաքական բերող դռները: Նույնիսկ այս դեպքում, ունեցած այսպիսի ռեսուրսի դեպքում, կարելի էր ճիշտ կառուցել խաղը, կարելի էր տղամարդավարի կռիվ տալ մրցակցի հետ: Չեմ ընդունելու որեւէ պատճառաբանություն, իբր Մալաքյանի հեռացումն ամեն բան փչացրեց: Յուրաքանչյուր հեռացում ազդում է թիմի ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ, բայց ոչ թե նվիրվածության ու թասիբի վրա: Մեր հավաքականի դեպքում չկային թե՛ մարտավարությունը, թե՛ նվիրվածությունը, եւ թե՛ թասիբը: Ի դեպ, մարտավարության մասին: Տպավորություն է, որ Վարուժան Սուքիասյանը միայն անգիր է արել այդ բառը՝ մարզական կայքերից կամ մեկնաբաններից, կամ իսկական մասնագետներից, սակայն բացարձակ պատկերացում չունի, թե ինչ ասել է՝ մարտավարություն, եւ ինչպես կարելի է ճիշտ մարտավարություն կառուցել նույնիսկ մեկ հեռացման դեպքում: Բարձրակարգ մարզիչները շատ հաճախ կարողացել են հաղթանակ տանել մեկ, նույնիսկ երկու ֆուտբոլիստ պակաս ունենալով: Այ հենց դա էլ անվանում են մարտավարություն: Խաղի մասին չեմ ցանկանում երկար գրել, քանի որ ամեն ինչ բոլորս էլ պարզ տեսանք, բայց եթե կրկին անդրադառնանք Մալաքյանի հեռացմանը եւ իրադարձությունների հետագա զարգացմանը, ապա պետք է նշել, որ նման դեպքում թիմը սկսում է ավելի շատ գործել հակագրոհների վրա, իսկ հակագրոհելու համար, բացի կիսապաշտպանները, նաեւ որակյալ հարձակվող է պետք: Ինչպիսի՞ն էր մեր մեկնարկային կազմը, ո՞վ էր մեր միակ հարձակվողը… Այդպես հաղթել հնարավոր չէ: Ընդունում եմ, որ Մալաքյանի հեռացումից հետո որոշակի վերադասավորումներ պետք է արվեր խաղադաշտում, բայց ոչ երբեք միակ հարձակվողին խաղադաշտից դուրս բերելու հաշվին: Միակ հարձակվողին խաղադաշտից դուրս են բերում, երբ հաղթում են եւ խաղի ավարտին քիչ ժամանակ է մնացել: Վարուժան Սուքիասյանը հենց առաջին կեսում փոխարինեց Վարդան Պողոսյանին, դրանով նաեւ ցույց տալով, թե որքան ցավալի է մարզիչը թերացել մեկնարկային կազմի ընտրության հարցում: Հարցն այն չէ, թե խաղից առաջ վնասվածք էր ստացել Գեղամը: Նման դեպքում, եթե վստահ չես մյուս երկու հարձակվողներիդ վրա, ապա կարելի է մեկնարկային կազմում մաքուր հարձակվող դուրս չբերել (ոչ ոք դրանից չի նեղսրտի) եւ հարձակման գծում օգտագործել արագաշարժ կիսապաշտպաններից մեկին: Ինչեւէ, մանրամասն սրան նդրադառնալ պետք չէ, քանի որ ժողովրդի խոսքով – Յա ասած, յա չասած, նույն բանն է:

Հայաստանի ազգային հավաքականի ձախողումներն ավելի խորը արմատներ ունեն: Ֆուտբոլում, թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս, մանրուքներ չկան եւ եթե ինչ-որ բան կատարվում է, ապա դա որոշակի հանգամանքների օրինաչափություն է: Այն ժամանակ, երբ մարզական կայքերը, մարզական լրագրողները քննադատական խոսքեր էին հնչեցնում ֆեդերացիայի աշխատանքի եւ հավաքականի ելույթների մասին, ֆեդերացիայի ղեկավարությունը «փակում էր» վերջիններիս բերանը: Նման մոտեցման զոհերից մեկն էլ ես էի: Դեռեւս Էլբասան-Արենայից հնչեցրեցի միտքը, որ Հայաստանի հավաքականն այլեւս չկա, քանդվել է: Միտքը ճակատագրական եղավ մեկնաբանական՝ իմ կարիերայի համար: Փոխարենը, հիմա փաստացի ապացուցվում է խոսքերիս իրավացիությունը: Եթե Սուքիասյանը կամ ֆուտբոլային ոլորտի պաշտոնյաները տեսնում են միայն ներկան, ապա ես տեսել էի 2 տարի անց կատարվելիքը: Ցավոք, սա չէր մեր ուզածը: Մենք ֆուտբոլ էինք ուզում, մենք հաղթանակ էինք ուզում, մենք ուրախանալ էինք ուզում: Նույնիսկ քննադատական մտքերն ուղղված էին ոլորտում որեւէ դրական փոփոխություն տեսնելուն, քանի որ բոլորս էլ հայ ենք, հավաքականն էլ մերն է: Ֆեդերացիայի ղեկավարության առաջին ամենամեծ թերացումներից մեկը՝ լրագրողներին «սաստելն » էր: Ցանկացած նորմալ երկրում ընդունված է քննադատությունը, խնդիրը բարձրաձայնելը, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր հաղթահարել ճգնաժամը: Հայաստանում, հակառակը, ճնշում են այն լրագրողին, ով համարձակություն է ունենում խնդրի մասին արտահայտվելու:

Ալբանիա մեկնելուց առաջ կարճատեւ հանդիպում եւ զրույց ունեցա ֆեդերացիայի նախագահի հետ: Վերջինս զգուշացրեց, որ ուղիղ եթերում հանկարծ չքննադատեմ հավաքականի խաղը, քանի որ, իր իսկ խոսքով, մյուս մեկնաբաններն ասել են այն, ինչ իրենց ասել է ֆեդերացիայի նախագահը: Բնականաբար, պատասխանս եղավ ժխտողական: Չի կարելի աչք փակել ծառացած խնդրի վրա, չի կարելի «ծածկել», չի կարելի թաքցնել այն, չի կարելի ջայլամի նման գլուխը մտցնել ավազի մեջ՝ իբր ամեն ինչ փայլուն է: Արդյունքը եղավ այն, որ Ալբանիայից վերադառնալուց հետո ազատվեցի աշխատանքից: Միայն ու ընդամենը ֆուտբոլ սիրելով ու շատ փող ունենալով ոլորտ չես զարգացնի: Ֆուտբոլային ոլորտը զարգացնելու համար ծայրահեղ անհրաժեշտ է նաեւ այս խաղը հասկանալը՝ ուղնուծուծով: Ֆեդերացիայի կողմից կատարված լավ աշխատանքների մասին նույնպես բոլորս խոսել ենք, գովեստի խոսքեր ենք ասել, բայց արդյո՞ք բավարար էր միայն ակադեմիաներ բացելն եւ խաղադաշտեր կառուցելը: Դրանց նաեւ պետք է հետեւողական լինել, որին անձամբ ես, այդպես էլ ականատես չեղա սեփական փորձից, երբ հազարավոր վանաձորցիների խնդրանքով, ֆուտբոլով ապրող մարդկանց ու մարզիչների խնդրանքով դիմեցի ֆեդերացիայի պատասխանատուներին՝ պարզելու, արդյո՞ք Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան տնօրեն ունի, արդյո՞ք կա մեկը, ով ղեկավարում է ակադեմիայի աշխատանքը: Ապշեցի, երբ այդպես էլ որեւէ մեկը չկարողացավ հստակ պատասխան տալ տարրական ու շատ պարզ հարցիս: Սա ամենապարզ արհամարհանքն է ֆուտբոլի նկատմամբ, մարզային ֆուտբոլի նկատմամբ, որի կարիքն այսօր ունի հայկական ֆուտբոլը:

Յուրաքանչյուր նորմալ երկրում, ֆուտբոլային գերատեսչությունները գումարներ չեն խնայում բարձրակարգ մարզիչներ հրավիրելու համար, որպեսզի կարողանան ապահովել իրենց ազգային հավաքականների դրական արդյունքները, քանի որ ֆուտբոլն այսօր դարձել է ազգդ ու հայրենիքդ դրսում ներկայացնելու ամենալավ միջոցը: Բարձրակարգ մարզիչ հրավիրելու հարցը միշտ էլ վիճելի է եղել մեր իրականության մեջ: Պատճառներից մեկն էլ՝ ֆեդերացիան այդքան գումար չունի: Վստահ եմ, որ ֆեդերացիան այդքան գումար ունի, սակայն իրեն հարգող որեւէ մարզիչ չի ցանկանա ստանձնել մի հավաքականի ղեկը, որտեղ ինքը լինելու կատարածուի՝ հրաման կատարողի դերում: Հակառակ դեպքում, գումարը ֆեդերացիայի համար մեծ խնդիր չէ: Ստեղված անմխիթար իրավիճակից դուրս գալու ելքեր կան, անկասկած:

Առաջին, եւ ամենակարեւորը, որը նաեւ իրավիճակից դուրս գալու ելքն է՝ լինելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, ղեկավար կազմի եւ գլխավոր մարզչի հրաժարականը: Ֆուտբոլային գերատեսչության ղեկավարի պաշտոնը պետք է վստահվի ֆուտբոլը հասկացող, ֆուտբոլի մանրուքներին գերազանց տիրապետող, երբեք անձնական նկրտումներն առաջին տեղում չդնող, հավաքականի եւ հայկական ֆուտբոլի մասին մտահոգ մեկին: Դրանից հետո, ճիշտ տնօրինելով Ֆեդերացիայի ֆինանսական շրջանառությունը, բացառելով ցանկացած չարաշահում եւ հիմքում դնելով բացառապես ազգային հավաքականի եւ հայկական ֆուտբոլի շահը, հրավիրել փորձառու եւ բարձրակարգ մարզիչ: Նոր թափով զարկ տալ մանկապատանեկան ֆուտբոլին, վերջինիս զարգացմանը: Մանկապատանեկան ֆուտբոլի նկատմամբ սահմանել ամենօրյա խիստ հսկողություն, իրենց գործին «մատների արանքով» նայող, թերացող մարզիչների նկատմամբ սահմանել խիստ տույժեր, կտրուկ բարձրացնել մարզիչների մասնագիտական պատրաստվածությունը (ոչ թե ծանոթ բարեկամով կարճ ժամանակում լիցենզիաներ տալ), ապահովել մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչների հաճախակի այցելություններն արտերկրի ճանաչված ակումբների մանկապատանեկան մարզադպրոցներ, կտրուկ նվազեցնել մարզչական լիցենզիա ստանալու համար սահմանված մուտքավճարները, փոխարենը խստացնել ընդունելության եւ քննությունների պայմանները (ավելի լավ է ունենալ 10 որակյալ ու բարձրակարգ մարզիչ, քան 200 միջին կամ միջինից ցածր), առավելապես խիստ հսկողություն սահմանել Հայաստանի մինչեւ 17, 19 եւ երիտասարդական հավաքականների աշխատանքի, կազմի համալրման, մարզչական անձնակազմի, գլխավոր մարզիչների աշխատանքի նկատմամբ, ձախողված յուրաքանչյուր ցիկլի համար պաշտոնանկ անել մարզիչներին, ապահովել մարզական լրագրողների ցանկացած բաց շփումը՝ ինչպես ֆեդերացիայի, վերջինիս ղեկավարության, այնպես էլ ակումբների, հավաքականների, վերջիններիս ֆուտբոլիստների հետ… Շարքը շարունակական է, բայց այսօրվա համար բավարարվենք այսքանով:

Չմոռանանք, որ հայկական ֆուտբոլը պատկանում է յուրաքանչյուր հայի եւ որեւէ մակը բարոյական իրավունք չունի սեփականաշնորհելու այն, ինչով հպարտանում էր մի ամբողջ ազգ: Առաջիկայում կփորձեմ անդրադառնալ նաեւ երկրպագուների հետ կապված խնդիրներին եւ, իհարկե, շարունակել լուծման ուղիները մատնանշելը:

Անկախ ամեն ինչից՝ Մենք Սիրում Ենք Մեր Հավաքականը!

Հ.Գ. - Հանուն հայկական ֆուտբոլի վառ ապագայի, պատրաստ եմ իմ ուժերի ու գիտելիքների սահմանում, օժանդակել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ նախագահին եւ ֆեդերացիային, ընդհանուր առմամբ:

 

 

 

 

Մենուա Մեհրաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more