«2003 թվականից հուշարձանների պահպանման համակարգը ներգրավվեց Մշակույթի նախարարության մեջ, տարրալուծվեց և կորցրեց իր ինքնուրույնությունը:Եկել է ժամանակը, որպեսզի պատասխանատու անձինք փորձեն խորհրդակցել մասնագետների հետ, վերականգնեն համակարգը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻԿՕՄՕՍ-Հայաստանի նախագահ Գագիկ Գյուրջյանը:
Հնագետ, Ամերիկյան համալսարանի դասախոս Գրիգոր Արեշյանն էլ շարունակելով վերջինին՝ նկատեց. «Մեր փառահեղ մշակութային ժառանգությունը թերագնահատված է: Կազմակերպված չէ նրա և՛ պահպանությունը, և՛ ներկայացնելը: Հաճախ եմ շփվում Հայաստան այցելող անձանց հետ: Նրանք կամ Գառնի, Գեղարրդ, կամ էլ՝ Էջմիածին են գնում ու հարց են տալիս.դուք, ի՞նչ է, ուրիշ բան չունե՞ք: Եկեղեցիներից բացի ոչինչ չունե՞ք»:
Հնագետը հորդորում է՝ ուշադրություն դարձնել ուրարտական ժամանակաշրջանը ներկայացնող վայրերին, որոնք շատ տպավորիչ են.
«Վերցնենք Հայաստանի պատմական մայրաքաղաքներից Արտաշատը, որտեղից այցուլուները շատ ավելի մեծ տպավորությամբ են վերադառնում, քան թե ենթադրենք՝ Գառնիից: Ունենք կիկլոպյան քաղաքակրթության մնացորդներ, 3000 և ավելի տարիներ պահպանված քաղաքատեղիներ, ամրոցներ: Աշխարհում հիմա ավելի շատ հռչակված է ոչ թե Էջմիածինը, այլ Արենի 1 քարանձավը (Արենիի քարանձավը քարանձավների համալիր է Հայաստանի հարավարևելյան մասում՝ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ.-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։2011 թ.-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի ամենաառաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ.Ա.Կ),-նշեց Գրիգոր Արեշյանը:
Անի Կարապետյան