Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Որքան առավել շատ եմ շփվում ապրիլյան դեպքերի մասնակիցների ու թեմային առնչվող օբյեկտիվ ընկալում ունեցող մարդկանց հետ, այնքան առավել հաստատուն է դառնում այն կարծիքը, որ եթե 18-20 տարեկան զինվորները չլինեին, մենք այսօր շփման գծի՝ լիովին այլ՝ մեզ համար ոչ շահեկան ուրվագծում կունենայինք:
Սա, ի դեպ, լավ գիտեն նաև ադրբեջանցիները (ապրիլին իրենց ամենից մեծ բացթողումն էր): Այս համատեքստում Իլհամ Ալիևի վերջին հայտարությունը, կապված «փակ դռների հետևում Ղարաբաղի ճանաչման ճնշումների հետ», ցույց է տալիս, որ չստանալով ԼՂ հարցում իր համար ցանկալի լուծումներ՝ ավելին՝ ունենալով ոչ շահեկան վիճակ, այսօր, ավելի քան երբեք, Ադրբեջանը պետք է քայլ անի դեպի խնդրի ռազմական լուծում: Ու ադրբեջանցիները լավ հասկանում են նաև, որ իրենք շատ ժամանակ չունեն. մի կողմից՝ հաշվի առնելով գլոբալ լարվածության ներկա կոնտեքստը, մյուս կողմից՝ ՀՀ պաշտպանական գերատեսչությունում նախաձեռնված փոփոխությունները, պարզ է դառնում, որ իրավիճակային այս պահը կարող է և նրանց համար վճռական է: Ուստի Ալիևի՝ նման բացահայտ կոչը նաև սեփական հասարակությանը առկա իրողություններին, հնարավոր ռազմական սրացումներիn պատրաստ/մասնակից լինելուն ուղղված «մեսիջ» էր:
Ալիևի նման ելույթը նաև մեզ համար է կարևոր «մեսիջ»: Եթե (շեշտում եմ՝ եթե) մենք այսօր ունենք մի վիճակ, որն ասենք կարող է շատ չտարբերվել նախաապրիլյան իրողություններից, ապա պետք է հասկանալ, որ «Իսկանդեր»-ները կամ «Տոչկա»-ները մեզ այս հարցում չեն օգնելու. այլ հակառակը՝ միգուցե և վնասեն՝ էսկալացնելով իրավիճակը: Այս զինատեսակներն իրենց առջև դրած խնդիրները կարող են մեծ հաջողությամբ լուծել, սակայն միայն այն ժամանակ, երբ իրողություն դառնա զանգվածային ու լայնածավալ պատերազմը, որը հնարավոր վատագույն սցենարն է երկու կողմերի համար էլ:
Մինչդեռ ռազմական սրացման դիրքային գործողությունների/մարտերի պարագայում առաջնային է հատկապես սպայի մասնագիտական հմտություններն ու զինվորի մարտունակության/գրագիտության մակարդակը: Եթե մենք դա այսօր կարողանանք ապահովել, ապա հնարավոր լայնածավալ հարձակման դեպքում ապրիլյան կորուստներից հավանաբար առնվազն 10 անգամ քիչ կորուստ կունենանք. ավելին՝ հակահարձակման դեպքում հավանաբար մի քանի անգամ ավել ձեռքբերումներով: Այսօր ո՛չ մենք ժամանակ ունենք, ո՛չ հակառակորդը, ուստի կարծում եմ պետք է հապաղել:
Հ.Գ. Իհարկե, սահմանային շփման գծում իրավիճակը մի շարք բաղադրիչների մասով առջընթաց գրանցել է: Մասնավորապես՝ տեխնիկական համալրվածության որոշ բաղադրիչներ, գիշերային դիտման սարքեր, դիրքային ծառայության ռեժիմների փոփոխություններ, ընդհանուր կարգապահության խստացում և այլն: Սակայն պետք է նաև հաշվի առնել, որ ինչպես ապրիլյան զինվորներից մեկն էր ասում. «...ադրբեջանցիք գիտեն մեր խոցելի բոլոր կողմերը ու օր-օրի սովորում են առավել լավ մարտ վարել...»