«Իրավունք»-ը գրում է․ «Շուրջ երկու տարի է, ինչ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննվում էր ՌԴ-ում բնակվող գործարար Արթուր Ղազարյանի հայցն ընդդեմ՝ նախ ՔՊ-ական, ապա զուտ նիկոլական դերասան Գնել Սարգսյանի: Հայցում ներկայացված պահանջի համաձայն, վերջինից Արթուր Ղազարյանը պահանջում էր 3 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում, ինչպես նաեւ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հրապարակայնորեն ներողություն՝ իր հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։
Այպիսով՝ երկատարեւ դատավարությունից հետո՝ վճիռը կայացվել է 2025 թվականի հունիսի 24-ին՝ դատավոր Մ. Ստեփանյանի նախագահությամբ: Արթուր Ղազարյանն ընդդեմ Գնել Սարգսյանի գործով դատական քննության ընթացքում դատարանը հաստատել է, որ պատասխանողի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցված արտահայտությունները եղել են վիրավորական, ուղղված հայցվորի արժանապատվության դեմ, չեն հանդիսացել գնահատողական դատողություններ եւ չեն մտնում խոսքի ազատության սահմանների մեջ։
Հիշեցնենք, որ իրավական վեճի հիմքում դրված էր 2022թ․ դեկտեմբերի 2-ին Գնել Սարգսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ արված հրապարակային վիրավորանքները, որն այնուհետեւ տարածվել էր նաեւ նրա յութուբյան ալիքում։ Վիճահարույց տեսանյութում Սարգսյանը մեկից ավելի անգամ վիրավորական եւ նվաստացուցիչ արտահայտություններ էր ուղղել Ղազարյանի հասցեին եւ որ ամենաուշագրավն է՝ օգտագործել էր Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհի՝ Աննա Հակոբյանի այսօրվա բառապաշարը:
Դատարանը ուսումնասիրել է տեսանյութի բովանդակությունը, դրան հաջորդած հասարակական արձագանքները, ինչպես նաեւ տեսանյութի տարածման ծավալը: Տեսանյութում, ըստ դատարանի եզրակացության, Գնել Սարգսյանի արտահայտությունները ուղղակիորեն արատավորում էին Արթուր Ղազարյանի՝ որպես անհատի եւ գործարարի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը։ Բացի վիրավորական տոնից, դատարանը նշել է, որ ուղիղ եթերում կատարված արտահայտությունները հասցրել են հանրային պարսավանքի ու ծաղրի, ինչն արտահայտվել է բազմաթիվ օգտատերերի կողմից Ղազարյանին ուղղված հրապարակային ատելության խոսքերով։
Հաշվի առնելով վիրավորանքների հրապարակային, դրանց կրկնվող բնույթը եւ տարածման լայն շրջանակը՝ դատարանը գտել է, որ պատշաճ միջոցն է ոչ նյութական հատուցման կիրառումը՝ ներողության հրապարակային ձեւով, նույն հարթակներով, որոնցում տեղի է ունեցել վիրավորանքը (ֆեյսբուք եւ յութուբ), ինչպես նաեւ՝ որոշակի նյութական հատուցում՝ 200.000 ՀՀ դրամի չափով։
Դատարանը ճանաչել է, որ պատասխանողը՝ Գնել Սարգսյանը, կատարել է քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի իմաստով վիրավորանք, որի արդյունքում հայցվորը ունեցել է ոչ նյութական վնաս։ Ներողության տեքստը եւս սահմանվել է վճռով. «Հաշվի առնելով, որ 02.12.2022 թվականին ֆեյսբուքյան ուղիղ եթերով կատարել եմ Արթուր Ղազարյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող արտահայտություններ, ես ներողություն եմ խնդրում պարոն Ղազարյանից»։
Ներողության տեսանյութը պետք է տեղադրվի նույն ֆեյսբուքյան եւ յութուբյան էջերում եւ պահվի այնտեղ այնքան ժամանակ, որքան հրապարակված է եղել վիրավորական տեսանյութը:
Ի դեպ, Գնել Սարգսյանի պաշտպանները, դատական նիստում, փորձել էին պնդել, որ արտահայտությունները եղել են քաղաքական բանավեճի, հումորի եւ սարկազմի շրջանակներում, սակայն դատարանը գնահատել է, որ դրանք անցել են թույլատրելիի սահմանը։ Դատարանի եզրակացությամբ՝ պատասխանողի հրապարակումները չեն հիմնվել ստույգ փաստերի վրա, ավելին՝ դրանցում բացակայում է հանրային գերակա շահը, իսկ վիրավորանքներն ուղղված են եղել ոչ թե հանրային գործընթացին, այլ՝ ուղղակի անհատին, ուստի՝ գնահատվել են՝ նպատակաուղղված եւ վնասակար։
«Իրավունք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Գնել Սարգսյանի ներկայացուցիչները դեռ չեն որոշել՝ բողոքարկել վճիռը, թե՝ ոչ։ Թեպետ չի բացառվում, որ Արթուր Ղազարյանը բողոքարկի, քանի որ հայցը բավարարվել է մասնակի: Ավելին՝ մեկ այլ գործով, օրինակ, նույն Արթուր Ղազարյանին էր դատարանը պարտավորեցրել Դանիել Իոաննիսյանին վիրավորելու համար կիրառել 1,5 միլիոն դրամի հատուցում: Իսկ արի ու տես, իշխանական քարոզիչ Գնել Սարգսյանի դեպքում՝ գործում են ճկուն զեղչեր: Սակայն, այս ողջ պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ Գնել Սարգսյանին չփրկեց Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավին մասնակցությունն, իսկ վերջինիս բառապաշարը սերտելը հանգեցրեց իրավական հետեւանքների»:
Հեղինակ՝ Հրանտ Սարաֆյան
Դիտեք նաև՝