Hayzinvor.am-ը գրում է.
Կրակակետում ժամկետային զինծառայողների կողքին կանգնած կամավորականներից մեկն էլ Ալբերտ Գալոյանն է կամ, ինչպես զինվորներն են նրան դիմում, Ալիկ հոպարը: Նա Արցախյան պատերազմի տարիներին կռվել է 5-րդ բրիգադի կազմում: Մասնակցել է Մարտակերտի մարտերին: Զգեստափոխված է, առույգ: Դիտարկում է կատարում` նայում շուրջը, ականջ դնում, ապա ասում. «Գեշ վախտերից էստեղ ենք: Որ ծնողը իր կորած երեխուն գտնի, ոնց կսիրի ու կմնա կողքը, էդպես էլ մենք»:
Հետո հեռադիտակը նորից է ուղղում դեպի հակառակորդը եւ միաժամանակ զուգահեռներ անցկացնում այս ու այն պատերազմների միջեւ. ընդհանուր գրեթե ոչինչ չի տեսնում. «Միայն թուրքն է նույնը մնացել, թե չէ՝ մենք ուրիշ ձեւ ենք կռվել, հիմա ուրիշ է: Երեւի ամբողջ կռվի ժամանակ էնքան չենք կրակել, ինչքան երեխեքը էս չորս օրերին կրակեցին: Ես իրենց ցավը տանեմ»:
Հայացքը չկտրելով շարքով ձգվող հակառակորդի դիրքերից՝ Ալիկ հոպարը ծանր շունչ է քաշում՝ ասես կարեւոր որոշում կայացնելուց առաջ. «Ինչ թաքցնեմ, մենք մարտունակությամբ զիջում ենք մեր զինվորին: Շատ բան չգիտենք, իրենք են մեզ բացատրում, սովորեցնում: Ծառայությունը կազմակերպում է դիրքի ավագը` Հրայր Միրզոյանը, ասում է` վազքով, վազքով ենք գալիս, ասում է` հանգիստ, հանգիստ ենք շարժվում, ասում է` զգույշ, զգույշ ենք մնում: Կապ չունի, որ 19 տարեկան է, հրամանատարը ինքն է»:
Ազատամարտիկներն ընդգրկված են հարավարեւելյան ուղղությամբ ԵԿՄ միավորման նորաստեղծ գնդի կազմում եւ ենթարկվում են նաեւ իրենց հրամանատարին` «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Հայրապետ Կարապետյանին: Նա դիրքից դիրք է շրջում, տեղեկանում իր զինվորների առողջության, օպերատիվ իրավիճակի մասին, հրահանգավորում իրականացնում:
Ասում է` միշտ էլ սպասել ենք, որ հակառակորդը մի օր կհարձակվի, այդ պատճառով էլ ԵԿՄ-ն տարիներ առաջ արագ արձագանքման խմբեր ձեւավորեց: Ահա թե ինչու, գիշերը ահազանգ ստանալուն պես, կայծակնային արագությամբ հասել են առաջնագիծ.
«Քառօրյա պատերազմը երիտասարդ սպաների ուսերին էր, ծանր բեռը նրանք իրենց վրա են վերցրել: Երբ մենք տեղ հասանք, ամեն ինչ արդեն ժամացույցի ճշգրտությամբ աշխատում էր: Գումարտակների հրամանատարները կարճ ժամանակամիջոցում տեղաբաշխեցին մեզ, եւ կանգնեցինք զինվորի կողքին: Հնարավոր է՝ ազատամարտիկները չկարողանան 18 տարեկանի պես կռվել, բայց իրենց գործը խրամատում կանգնելն է` ոչ ետ, ոչ առաջ»,- փորձառու հրամանատարը խոսքը կիսատ է թողնում եւ մատնացույց անում հեռվում իրար հետ մարտական ընկերների պես ջերմ զրուցող վաշտի հրամանատարին ու ժամկետայիններին. «Առաջնագծում կարեւոր բան եմ նկատել` փոխադարձ հարգանք կա հրամանատարների ու զինվորների միջեւ: Եթե այդ կապը ուժեղ չլիներ՝ կպարտվեինք: Հրամանատարը զինվորին չի թողել, զինվորն էլ՝ հրամանատարին…»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում