▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր», ՀՀ պաշտոնյաները՝ Հաղթանակի զբոսայգի

Այսօր Մայսիսի 9-ն է․․․Արցախի պաշտոնյաներն այցելել են «Եռաբլուր», ՀՀ պաշտոնյաները՝ Հաղթանակի զբոսայգի․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են, հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Մեր ընդհանուր հաղթանակի կերտման գործում մեծ ներդրում ունեցած եղբայրական Հայաստանի վարչապետի՝ Մասկվայի շքերթին մասնակցելը, միանգամայն տրամաբանական է։ Այս մասին հայտնել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կապիրկինը՝ մասնակցելով Հաղթանակի օրվան նվիրված «Անմահ գնդի» քայլերթին։

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի նախագահի՝ Մոսկվա չմեկնելը, ՌԴ դեսպանը պատասխանել է. «Երևի թե, ես այստեղ չեմ նրա համար, որ մեկնաբանեմ ինչ-որ արտերկրյա գործիչների պահվածքը»։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես պահպանել հայ-ռուսական հարաբերությունները եղբայրական մակարդակի վրա, պատասխանել է․ «Այդ թվում մեր մեծ Հաղթանակի հիշատակը հարգելով, ինչն էլ հիմա անում ենք»։

***

«Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի մեդալը մեր վետերանները մինչև հիմա չեն ստացել, բոլոր երկրներում ստացել են։ Կառավարությունը պետք է տար։ Տոնական օրով վետերաններն այդ մեդալները չստացան։ Առանց մեզ տեղյակ պահելու, ժամը 9-ին եկել, միջոցառում են արել»,- Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը՝ հայտնելով իր վրդովմունքը․ «Շատ անկազմակերպ է, առաջ տոնական ճաշ կար, կազմակերպված էր։ Առաջինը պետք է վետերանը ծաղիկներ դնի, նոր կառավարության անդամները։ Հրանտ Կարապետյանը 104 տարեկան է, ում Ֆրանսիայի դեսպանը երեկ պարգևատրել է հատուկ շքանշանով, իսկ հիմա եկել ենք․․․արևի տակ, անկազմակերպ։ Սա առաջին դեպքն է այսպես»,- ասաց Եսայանը։

***

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Հաղթանակի զբոսայգի, աղոթք բարձրացրել անմար կրակի առջև։ Լրագրողների հետ զրույցում Վեհափառն ասել է․ «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման նվիրական այս օրը, հաղթանակի և խաղաղության տոնին, մեր հոգևոր դասի հետ աղոթք բարձրացրեցինք անմար կրակի առջև Հայրենական պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված մեր քաջարի զավակների ու Բաքվում պահվող, գերեվարված հայորդիների, նրանց սիրելիների համար։ Աղոթք բարձրացրեցինք՝ Բարձրյալից հայցելով, որ զորացնի մեր ժողովրդին՝ դիմագրավելու բոլոր դժվարությունները, բարեշեն դարձնի մեր հայրենի երկիրը»։
Վեհափառը չպատասխանեց լրագրողների քաղաքական բնույթի հարցերին:

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը. «Շնորհավոր Մայիսի 9-ը: Հարգելի՛ հայրենակիցներ, վստահ եմ, որ մեր փառահեղ հաղթանակների և ծանր կորուստների դասերը մեզ ուժ են տալու, և միասին կառուցելու ենք ավելի հզոր և խաղաղ Հայաստան»:

Դիտեք նաև՝

Ռուսաստանում հիշում են և երբեք չեն մոռանա, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ ուս ուսի տված խիզախորեն պայքարել է ֆաշիստական զավթիչների դեմ. Կոպիրկինը շնորհավորել է Հաղթանակի հոբելյանը

Ռազմաճակատ են մեկնել ավելի քան 600 հազար հայ մարտիկներ, որոնցից 4-ն արժանացել են մարշալի, 1-ը՝ նավատորմի ծովակալի կոչման, իսկ նրանցից ավելի քան 100-ը դարձել են Խորհրդային Միության Հերոսներ: Բարձր է եղել այն գինը, որը հայ ժողովուրդը վճարել է Հաղթանակի համար. նրա ավելի քան 300 հազար որդիներ ու դուստրեր չեն վերադարձել պատերազմից։

Ցավոք, 80 տարի անց մենք տեսնում ենք նացիստական գաղափարախոսության թունավոր հատիկների ծիլեր: Այսօր մենք ստիպված ենք բախվել պատմությունը վերաշարադրելու, մեր Մեծ hաղթանակը արատավորելու փորձերին։ Մեր հերոսական պապերն ու նախապապերը նվաճել են մեզ համար հաղթանակ։ Հիմա այն պաշտպանելու ժամանակն է: Մեր սրբազան պարտքն է՝ թույլ չտալ պատմական ճշմարտության խեղաթյուրում, պահպանել և փոխանցել Մեծ hաղթանակի մասին հիշատակը գալիք սերունդներին:

***

«Այսօր նշում ենք Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրը․․․ Շուշիի ազատագրման օրը հայտնի պատճառներով չի նշվում»,- Հաղթանակի զբոսայգում, լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

***

ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը Հաղթանակի զբոսայգում ամեն կերպ խուսափեց պատասխանել լրագրողների հարցին՝ արդյո՞ք Մայիսի 9-ն իր համար եռատոն է։ «Շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, խորհուրդը խաղաղության ուղերձն է»,- ասաց նա։
«Ինչո՞ւ հապշտապ եկաք ու գնացիք. ցավոք ԱԺ վերելակները չկան, որ արագ հեռանաք, ձեր մեքենան շատ հեռո՞ւ է, հասկանանք՝ ինչքան ենք ձեզ տանջելու»,- ասաց լրագրողը՝ կրկին հարցնելով․ «Մտադրություն չունե՞ք Շուշին ետ բերելու, ձեր սրտում դեռ եռատոն մնացե՞լ է, թեկուզ՝ հոգու խորքում»։ Փոխնախարարը, հարցերն անպատասխան թողնելով, հեռացավ։

***

Արցախի պաշտոնյաներն ու հոգևորականները Մայիսի 9-ի կապակցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: 33 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց Շուշին: Եվ այդ օրը հայերիս համար դարձավ եռատոն։
Այսօր, ցավոք, Արցախը կորսված է, օկուպացված, արցախցի մեր քույրերն ու եղբայրները՝ բռնի տեղահանված։

***

Այսօր՝ Հաղթանակի օրվա առթիվ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, նախագահ Վահագն Խաչատուրյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, այցելել են «Հաղթանակ» զբոսայգի:
Նրանք ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին։


Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, նա կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին ու միջոցառումներին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ կյանքի համար՝ մշտապես ձգտելով արդարության ու խաղաղության հաստատման։ Այս գիտակցությամբ են հարյուր հազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարօր աշխարհի հաստատման։ Այս նույն գիտակցությամբ է ազգս նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։

Սիրելիներ, այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ։ Արդ, խոնարհում բերելով մեր հերոսների անմար հիշատակի առջև՝ ներշնչվենք նրանց պայծառ օրինակով և համատեղ ջանքերով ու միմյանց սատարումով շենացնենք մեր կյանքի անդաստանը նոր ձեռքբերումներով և ազգաշահ իրագործումներով։

Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը և շնորհավորանքն ենք հղում Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին:

Աղոթք ենք բարձրացնում աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարօր կյանքի համար և հայցում Բարձրյալից, որ այլևս մարդկային կյանքում տեղ չգտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներ ու արհավիրքներ։ Թող հարուցյալ Տիրոջ շնորհներն ու օրհնությունը լինեն մեզ հետ այսօր և միշտ և հավիտյանս․ ամեն:

***

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը
Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Մայիսի 9-ին մենք տարիներ շարունակ նշել ենք մեր նվիրական եռատոնը: Ցավոք, տոներից երկուսը, որոնք մեր վերջին տասնամյակների փառահեղ հաղթանակների վկայությունն էին՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, մսխված են Հայաստանի գործող կառավարիչների ապազգային քաղաքականության հետևանքով: Սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ: Մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ և այդ հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին՝ վերադարձնելու մեր հաղթական տոները:
Այսօր մենք նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը և հպարտությամբ հիշում Հայաստանի և Արցախի քաջ հայորդիների հերոսության ու անձնվիրության փառահեղ օրինակները նաև Մեծ հայրենականի տարիներին: Մեր ժողովրդի զավակները պատվով են անցել այդ մեծ դժվարին ճանապարհը. Հայոց ցեղասպանությունից երկու տասնամյակ անց Խորհրդային Միությունում ապրող հայությունը մոտ կես միլիոն զինվոր ու սպա հանեց թշնամու դեմ: Նրանց գումարվեցին մեր սփյուռքահայ եղբայրները, որոնցից մոտ 100 հազարը Երկրորդ աշխարհամարտի տարիներին կռվում էր դաշնակիցների բանակներում:
Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության պատմության մեջ երբևէ տեղի ունեցած ամենադաժան իրադարձություններից է, որը խլեց շուրջ 50 միլիոն մարդկային կյանք, իսկ հաղթանակի զոհասեղանին Խորհրդային Միության ժողովուրդները դրեցին շուրջ 27 միլիոն կյանք: Հայ ժողովուրդը, որպես այդ պայքարի անմիջական մասնակից, ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին չափազանց մեծ զոհողություններ է կրել և արժանի ներդրում ունեցել մարտադաշտում:
Մեր հայրերն ու պապերը ութ տասնամյակ առաջ հաղթանակ են տարել համընդհանուր չարիքի՝ ֆաշիզմի, բռնակալության և այլատյացության դեմ պայքարում: Նրանք պաշտպանել ենք մեր հայրենիքը, մեր տները, մեր արժանապատվությունը, աստվածապարգև մեր իրավունքը՝ ապրելու ազատ և անկախ, և նրանք հաղթել ենք: Բայց այսօր ֆաշիզմը, ընդունելով ժամանակակից ձևեր և դիմակավորվելով նորաձև կարգախոսների տակ, դեռ կենդանի է: Բազմաթիվ ժողովուրդներ, այդ թվում՝ հայերս, 21-րդ դարում ստիպված ենք կրկին պայքարել նեոֆաշիստական գաղափարախոսության դեմ՝ իր բոլոր արտահայտչաձևերով:
Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ազգային ատելության սերմանման, ցեղասպանական քաղաքականության, հոգևոր և մշակութային ժառանգության անպատիժ ոչնչացման, պատմական փաստական վկայությունների վերացման դեմ հայ ժողովուրդը, ցավոք, պայքարում է նաև ներկայումս:
Հայրենական Մեծ պատերազմի դասերը մեզ սովորեցնում են, որ ոչ մի համաձայնություն չարի հետ հնարավոր չէ՝ չարին պետք է հաղթել: Մենք պարտավոր ենք շարունակելու պաշտպանել այն արժեքները, որոնց համար 80 տարի առաջ միլիոնավոր կյանքեր են զոհաբերվել:
Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջև, ովքեր կյանքով վճարեցին փառահեղ հաղթանակի և խաղաղության գինը:
Փա՛ռք մեր հերոսներին:

***

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեք վերջապես արձանագրենք, որ 2-րդ համաշխարհայինը մեզ համար «հայրենածան մեծ» պատերազմ չէր։ Այո, պայքարել ենք ֆաշիզմի ու նացիզմի դեմ, շատ զոհ ենք տվել, բայց մեզ համար շատ ավելի «հայրենական» էր, ասենք, Սարդարապատը։
Ամբողջ քաղաքակիրթ ու համեմատաբար քաղաքակիրթ աշխարհի հետ միասին պայքարել ենք չարիքի դեմ։ Չարիքի, որը սկսվեց 1939 թվականին (և ոչ 1941-ին)` Գերմանիայում, Ճապոնիայում ու Սովետական միությունում զավթողական քաղաքականության և (բացի Սովետից) ծայրահեղական գաղափարախոսության արդյունքում։
Եթե չենք ուզում, որ այսպիսի չարիք կրկնվի (իսկ հոտը գալիս է), ապա պետք է հակազդենք ծայրահեղական գաղափարախոսություններին ու զավթողական քաղաքականությունը։
Հ.Գ. Իմիջիայլոց, 1939-1941 թվականներին, մենք, Սովետական միության կազմում, ակամայից եղել ենք այդ չարիքի կողմից` հարձակվելով Լեհաստանի ու բալթյան երկրների վրա»։

***

Հայրենական մեծ պատերազմի վետերան, ճարտարապետ, 104 ամյա Հրանտ Կարապետյանն առողջական խնդիրների պատճառով Մոսկվա չի մեկնել, այցելել է Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու իր մարտական ընկերների հիշատակին։ Նրա մաղթանքն է, որպեսզի երիտասարդները չտեսնեն այն, ինչ ինքն է տեսել․ «Թող պատերազմ չտեսնեն, խաղաղ պայմաններում կառուցեն Հայաստանը»,- ասաց վետերանը։

***

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլն այսօր գրել է. «...ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն»։
Ներքինից՝ միայն արկածախնդիր խելապակասներն ու դավադրություններ հյուսող ավանտյուրիստներն են պատերազմ սադրելու մասին մտածում: Արտաքինից՝ միայն ՔՊ-ին իշխանության պահելու հարցում շահագրգիռ ուժերը:
Փաստն այն է, որ մինչև Նիկոլի իշխանազավթումը՝ Հայաստանը շարժվում էր արժանապատիվ խաղաղության և պատերազմների չեզոքացման ճանապարհով:
Գործող կառավարիչները հինգ տարում Արցախի և Հայաստանի դեմ չորս պատերազմի ու ռազմական ագրեսիայի դուռ են բացել՝ հանձնելով Արցախն ու օկուպացիայի տակ թողնելով Հայաստանի ինքնիշխան տարածքները:
Հիմա հետաքրքիր է՝ ո՞ւմ են այդպես «խրոխտ ակնարկում»: Սեփական դավադիր գործողությունների հետևանքնե՞րն են գիտակցել, թե՞ թուրք-ադրբեջանական նոր սպառնալիքների հավանականությունն է վախեցրել:
Իրական խաղաղությունը ուժեղ, իմաստուն ու պատվախնդիր իշխանությունների մենաշնորհն է, ինչը հեռու է արկածախնդիր նիկոլիզմից: Իրական խաղաղության երաշխավորները նախկին նախագահներն էին, ոչ թե գործող կապիտուլյանտ ռեժիմը:
Շնորհավորում եմ Հաղթանակի և Խաղաղության 80-ամյակը: Այսօր մեր ժողովուրդը լիարժեք իրավունք ուներ միմյան շնորհավորելու Եռատոնի առթիվ, սակայն՝ կապիտուլյանտ կառավարիչներ ունենալն աղետ է...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին