Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունից հետո, ըստ որի՝ նա դիմում է ներկայացրել՝ անդամագրվելու Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, մի շարք նախարարներ ևս տվյալ կուսակցությանն ադամագրվելու դիմումներ ներկայացրեցին: Իսկ այսօր արդեն վարչապետի օգնական Արամ Վարդևանյանն է իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել, որ ևս ցանկանում է դառնալ ՀՀԿ-ի անդամ: Ստորև ներկայացնում ենք վերջինիս գրառումը.
«Իմ սիրելի ընկերներ,
Ես ներկայացրել եմ դիմում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: Այս որոշումը ինձ համար չափազանց պատասխանատու է և հիմնավորվում է հետևյալով. Հանրապետականը հենց այն կուսակցությունն է, որը որպես իր ծրագրային դրույթ, որպես Հայաստանի զարգացման տեսլական ընդունում է իրավունքի գերակայության սկզբունքը, որը դեռևս ամբողջությամբ չի իրացվել մեր իրականությունում: Այսինքն այն սկզբունքը որի իրացմանն ու պաշտպանությանն են ուղղված եղել իմ գրեթե 6 տարիների մասնագիտական գործունեությունը: Ես պատրաստ եմ իմ ողջ մասնագիտական ներուժը դնել այդ սկզբունքի լիարժեք արմատավորման համար: Նաև կարևոր դեր է ունեցել այն, որ ես միշտ եղել եմ թիմային աշխատանքի կողմնակից:
Քաղաքական գործունեությունը նոր մարտահրավեր է ինձ համար, և այո ես պատրաստ եմ ընդունելու այն, պատրաստ եմ ստանձնելու պատասխանատվության իմ բաժին բեռը: Վստահ եմ՝ մեզ սպասում են շոշափելի փոփոխություններ, որոնց արդյունքները տեսանելի կլինեն բոլորիս համար»: